Պապիկյանի նախարարությունում ցաքուցրիվ վիճակ է

Պապիկյանի նախարարությունում ցաքուցրիվ վիճակ է
Սուրեն Պապիկյան

Կառուցվածքային փոփոխություններից հետո մեգագիգանտ հիմնարկի վերածված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում մինչ օրս դեռ ցաքուցրիվ վիճակ է։ Ասել է թե՝ իր ոլորտներով երկրի կեսը զբաղեցնող նախարարությունում դեռ շունը տիրոջը չի ճանաչում։ Մեգասուպերնախարարի վերածված Սուրեն Պապիկյանն առայժմ վերադասավորումների, վերակազմավորումների, հաստիքների կրճատման եւ նոր հաստիքների ձեւավորման փուլում է, ու մարդկանց թվում է՝ սա անվերջ պրոցես է, եւ նախարարությունը դժվար էլ խելքի գա մի գերատեսչությունում, որտեղ միահյուսվել են էներգետիկան, պետգույքը, տրանսպորտը, մարզերն ու այլ ենթակառուցվածքներ։ Իսկ Պապիկյանը, ասում են, առանձնապես ջանք էլ չի թափում մենեջերի իր ֆունկցիաները զօրուգիշեր իրականացնելու եւ նախարարությունը հունի մեջ գցելու ուղղությամբ։

Ասում են՝ նա մինչեւ կեսօր իր կաբինետում զբաղվում է կուսակցական գործերով, քանի որ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ խնդրել է իրեն չանհանգստացնել այլ հարցերով։ Հետո գնում է ընդմիջման, գալիս ու կեսօրից հետո նոր «լծվում» իր հիմնական գործառույթների իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, նա հույսը դրել է կոնկրետ ոլորտները համակարգող փոխնախարարների վրա, իրեն էլ մենեջերի ֆունկցիա է վերապահել, քանզի ո՛չ էներգետիկ է, ո՛չ պետգույքի, ո՛չ էլ տրանսպորտի ու կապի մասնագետ։

Մեր հարցին ի պատասխան՝ Պապիկյանն ասաց․ «Ցաքուցրիվ էն առումով է, որ տարբեր տեղերում ենք, էս առումով խնդիր կա, բնականաբար։ Բայց դա բնականոն գործընթաց է՝ հիմա հաստիքացուցակ է հաստատվում, նոր մարդիկ են ավելանում, ստորաբաժանումներ են կրճատվում։ Այսինքն՝ մինչեւ դա չավարտվի, բնականոն հունի մեջ ընկած չի լինի»։

- Հիմա ձեր նախարարությունն այս միավորումից հետո ավելի քի՞չ հաստիք է ունենալու, թե՞ ավելի շատ։

- Ավելի քիչ։

- Որքա՞ն քիչ։

- Կրճատվենք ավարտվենք, նոր թիվը ասեմ, էլի։ Էնտեղ դեռ պետգույքի աշխատակազմը չի կրճատվել, դեռ ջրային կոմիտեի աշխատակազմը չի կրճատվել, փուլային է ինքը։

- Նախատեսված ունե՞ք, թե քանի աշխատատեղ կկրճատվի այս միավորման արդյունքում։

- Չէ, դա կախված է արդյունավետությունից։ Այսինքն՝ առաջին փուլում մենք ուղղակի դա միավորել ենք, տեսնում ենք յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունը, այն ստորաբաժանումները, որոնք կրկնվող են, դրանք սկզբից համատեղվել են, հիմա հաջորդ փուլում վարչապետը պիտի թիվ սահմանի յուրաքանչյուր նախարարության, ըստ այդ թվի՝ արդեն նախարարություններում տեղի են ունենում նախարարությունների կրճատումները։ Այսինքն, եթե մենք, դիցուք, իրավաբանական վարչությունում ունենք 25 մարդ միատեղված, բայց այդ նախարարությունը սպասարկելու համար մեզ բավարար է յոթը, ապա թիվը սահմանվելու է յոթ։

- Իսկ աշխատանքից զրկվածներին որեւէ առաջարկ անելո՞ւ եք, որ անգործ չմնան։

- Նույն մարզպետարաններում բարձր որակի աշխատողների կարիք ունենք։ Այսինքն՝ մոտիկ մարզերի մարզպետարաններում կարող են գնալ՝ մեր մասով եմ ասում։ Բայց լավ աշխատողը երբեք էլ առանց աշխատանքի չի մնա, ես վստահ եմ դրանում։ Հիմա ես գնումների մասնագետ եմ փնտրում, չեմ գտնում, խնդրում եմ գնումների մասնագետ առաջարկել՝ չկա։ Բայց որ հարցնես, բոլորը գնումների մասնագետ են, բոլոր նախարարություններում մի հինգ հոգի կա, բայց մասնագետ, որ կարող է իր ուսերին վերցնել ճանապարհաշինարարությունը, տարբեր բաներ, այդ թվում՝ նաեւ ուրան եւ այլն, եւ այլն, չկան։

- Այդ մասնագետների խնդիրը միայն ստորին օղակներում չէ, ընդհուպ նախարարների մասին ասում են, որ կոմպետենտ չեն, մասնագետ չեն։

- Չէ, մասնագետ լինելը պարտադիր չի, որպեսզի լինես մենեջեր։ Ամեն ինչ տանում ենք մասնագետ լինելուն, հիմա մենք բոլոր ոլորտներում ունենք փոխնախարարներ։

- Ձեր մասով էլ են ասում, որ մասնագետ չեք։

- Հա, ես չեմ կարող ասել՝ ես էներգետիկ եմ կամ ճանապարհաշինարար եմ, բայց ես փորձում եմ էդ ամեն ինչը լավ կազմակերպել, որովհետեւ չի կարող քաղաքական գործիչը լավ տիրապետել բոլոր մասնագիտություններին։