Քաղաքից մարդ է գալիս

Քաղաքից մարդ է գալիս

Սուրեն Պապիկյանի բանակում ԱՄՆ բանակի ներկայացուցչի հնարավոր հայտնվելը, մեղմ ասած, զավեշտից անդին մի իրադարձություն է, որի մասին կարծիք հայտնելու համար ստիպված եմ նախ մի անեկդոտ պատմել: Ուրեմն, մի անգամ էս կիրովականցի Ռուբենը հենց Կիրովականի շուկայում մեղր ծախելիս է լինում, մեկ էլ մի տիկին է մոտենում.
- Ռուբե՞ն, դո՞ւ ես, էս ի՞նչ ես ծախում:
- Տենըմ չե՞ս, մեղր ա:
- Վիիի… Բա խի՞ ես բանկի վրա գրել ՊԱՆԻՐ:
-  Է՜, քիրա ջան, էրեկ գրել էի ՄԵՂՐ, ճանճերը վրա տվին…

Հիմա դուք Հայաստանում Միացյալ Նահանգների արածը տեսեք: Պենտագոնի «մասնագետին» «ճխտում» են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ վրան գրում՝ «քաղաքացիական խորհրդատու»: Չէ, սրանք լրիվ Ռուբեն են…
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այդ կապակցությամբ «Արմենպրեսի» հարցին հետեւյալ բացատրությունն է տվել. «Քաղաքացիական խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից: Ֆինանսավորումն ապահովվում է Պետքարտուղարության կողմից, եւ խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում»: Սա էլ շատ նման է այն ասացվածքին, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Այսինքն՝ եթե Պենտագոնի մասնագետին վճարում է Պետքարտուղարությունը, ուրեմն այդ մասնագետը դառնում է «քաղաքացիական» խորհրդատու: ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ երեւի հենց այս ոճով էլ իրենց բանակների ներկայացուցիչներ են գործուղել Ուկրաինայի զինված ուժեր, որպեսզի նրանք Զելենսկուն քաղաքացիական խորհուրդներ տան: Տեսանք այդ խորհուրդների վերջը: Ուկրաինայի կեսը չկա:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ասում են՝ չէ, Հայաստանն Ուկրաինա չէ, եւ սա էլ էդ դեպքը չէ:

Մեր «խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության եւ պաշտպանության նախարարության հետ»։ Ստացվում է, որ ԱՄՆ հսկայական դեսպանատանը մի «քաղաքացիական» խորհրդատու չկար, որ Պապիկյանի հետ սերտ շփումներ ապահովեր, այո՞: Ո՞ւմ եք ձեռ առնում: ԱՄՆ դեսպանատունը թող սերտ շփումներ հաստատի Միրզոյան Արոյի, ոչ թե Պապիկյան Սուրոյի հետ: Ի՞նչ գործ ունի օտար պետության քաղաքացիական խորհրդատուն մեր բանակում, որ փակ հաստատություն է:

Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե ամերիկյան կողմն իր ներկայացուցչի վրա գրեր ճշմարտությունը․ «Պապիկյանի զինվորական խորհրդական՝ պաշտպանական համակարգերի գծով»: Կարծում եմ՝ ոչինչ էլ տեղի չէր ունենա, եւ նույնիսկ այս հոդվածը չէր գրվի: Կմտածեինք՝ Ամերիկայի դուխն ուրիշ է, էլի, տեսա՞ք ինչ արեցին, մի գեներալով ոչ միայն ապահովեցին Հայաստանի անվտանգությունը, այլեւ ՀԱՊԿ-ի ու 102-րդ բազայի յոթն ու քառսունքը մի տեղ արին: Կարող է հարց առաջանալ՝ իսկ դրա հետեւանքնե՞րը… Է՜, եղբայր, Երկրի կործանումից այնկողմ էլ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ ամերիկացիների այդ դուխով քայլը:

ՀԳ. Որքան ինձ հայտնի է՝ Ռուսաստանի եւ Իրանի պաշտպանական համակարգերի մասնագետներն արդեն մի քանի օր է՝ փորձում են հասկանալ, թե այդ ինչով է զբաղվելու Պենտագոնի «քաղաքացիական» խորհրդատուն Պապիկյանի հիմնարկում: Նրանք չեն կարծում, որ դա կնպաստի Հայաստանի անվտանգության բարելավմանը, բայց փոխարենը վստահ են, որ կապակայունացնի իրավիճակը ողջ Հարավային Կովկասում: ԱՄՆ-ին, սակայն, այս հարցը չի հետաքրքրում: «Քաղաքացիական խորհրդատուի ընտրությունը կատարված է, եւ այս տարի ավելի ուշ նա աշխատանքի կանցնի»,- ասել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից։