Ավանի բնակիչը պատմում է՝ թաղապետն իրեն ասել է՝ գնա ստեղից, էս շենք չպիտի մտնես եւ ոստիկանություն կանչել
![Ավանի բնակիչը պատմում է՝ թաղապետն իրեն ասել է՝ գնա ստեղից, էս շենք չպիտի մտնես եւ ոստիկանություն կանչել](https://hraparak.am/uploads/images/2024/11/image_750x_6745c2e90b3bd.jpg)
Ավան վարչական շրջանի բնակիչ Սամվել Մեխակյանը օրեր առաջ գնացել է Ավանի թաղապետարան՝ իր մոր՝ 88-ամյա Վալինկա Սարգսյանի հարցով, սակայն արժանացել կոշտ ընդունելության, ապա իրեն տարել են ոստիկանություն։
Մեզ դիմած Սամվելը պատմեց, որ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն շաբաթը մեկ անգամ գնում` լողացնում էր կաթված տարած իր տարեց մայրիկին, հետո դադարեցրել այցերը։ Ինքը մոր միակ խնամողն է եւ չի կարողանում անգամ աշխատել, քանի որ մորը մենակ թողնել հնարավոր չէ: Սոցիալական աշխատողների այցելությունը միակ բանն է, որով իր հոգսը թեթեւացրե են: Դրա համար գնացել է թաղապետարան, քանի որ ՀԿ-ն համագործակցում է թաղապետարանի հետ եւ ստացել վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի ագրեսիվ պատասխանը։
«Ինձ այդ ՀԿ-ից ասացին՝ թող մայրիկը գա ճաշարան, ես էլ ասում եմ՝ ինքը չի կարող գալ ճաշարան, կուրացել է, ինսուլտը խփած է, ես ու մայրիկս միայնակ ենք ապրում։ Ես գնացել եմ այդ հարցով թաղապետարան, հարցերին լուծում չի տվել․․․ Ինձ ասում են՝ դուք առանձին մնացեք, ասում եմ՝ ոնց մնա՞մ առանձին, մայրիկն անընդհատ պետքարանի կարիք է ունենում, օգնության կարիք է ունենում»։
Հարցին, թե ինչո՞ւ են առաջարկում մայրիկից առանձնանալ, պատասխանեց․ «Ինձ ասում են՝ թողեք տանը` գնացեք, մենք շաբաթը մեկ անգամ կգանք, կօգնենք»։
Ըստ մեր զրուցակցի՝ այս հարցով, երբ ցանկացել է դիմել թաղապետարան, իրեն դուրս են վռնդել այնտեղից՝ թաղապետի հրահանգով եւ զանգել են ոստիկանություն․ «Ես մի անգամ այս հարցով մտել եմ իր մոտ, ինձ ագրեսիվ կերպով ասում է՝ բան ունե՞ս ասելու, ասա: Շանտաժի էր ենթարկում, իրեն էլ լավ գիտեմ` ով են։ Ասում եմ՝ իմ համար միլիցա են կանչել, տարել, ասում ա՝ ես եմ ասել, լավ եմ արել, տվել եմ միլիցա, ես էլ զանգել եմ, ասել եմ՝ քեզ բաց են թողել։ Ագրեսիվ կերպով տեղից թռնում ա, ասում ա՝ ես եմ ասել, բան ունե՞ս ասելու, լավ եմ արել` ասել եմ, որ դու էս շենք չմտնես։ Դա պաշտոնի չարաշահում ա»։
Սամվելն ու ծեր մայրն ապրում են ամսական 65 հազար դրամ թոշակով, ասում է՝ վարչական շրջանից որեւէ օգնություն չի ուզում, մի անգամ` 2 տարի առաջ իրենց թաղապետարանը վառելափայտով է օգնել, թաղապետը` Վահե Հակոբյանը դա «երեսով է տվել», հետո հիշեցրել է, որ Ավանի պոլիկլինիկան իրեն ուղեգիր է տվել՝ վիրահատվելու համար․ «Ասում է՝ ես քեզ մի անգամ օպերացիայով օգնել եմ, բայց բանն այն է, որ ուղեգիր են տվել պոլիկլինիկայից, պետական օրենքով տվել են՝ մի քանի ամիս առաջ»։ Ես ընդամենն իր մոտ գնացել էի, որ ասեի՝ քո աշխատողները միլիցա են տվել, հետո էլ ասեի, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունից չեն եկել այցելության մայրիկին, իսկ ինքը անձնակազմի մոտ ինձ ագրեսիվ կերպով վրա ա տալիս»։
Իրավաբանը, ում հետ վարչական շրջանում վեճի մեջ է մտել քաղաքացին, Աշոտ Զաքարյանն է, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Սամվել Մեխակյանի ներկայացրածն իրականությանը չի համապատասխանում․ «Քաղաքացին, տվյալ դեպքում պարոն Սամվել Մեխակյանը մուտք է գործել վարչական շրջանի շենք, դրսեւորել է անկանոն վարքագիծ, հայհոյանքներ է բարձրաձայնել։ Տեղեկացնում է, որ միասնական սոցիալական ծառայության մի ստորաբաժանմունքն առաջին հարկում է գործում, այդ կապակցությամբ փորձել է մտնել ներս, հնչեցրել է վիրավորանքներ, հայհոյանքներ, մի քանի հորդորից հետո, որ պատշաճ վարքագիծ դրսեւորի, որից հետո երբ զգացել ենք` անարդյունք է եղել, աշխատակազմի կողմից հրավիրվել է ոստիկանություն, որպեսզի նրան դուրս հրավիրեն շենքից։ Աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Ավանի բաժանմունք, որի ճակատագիրը չգիտեմ»։
Նա նաեւ նշեց, որ հերքում է քաղաքացու ասածը, թե Վահե Հակոբյանն ագրեսիվ վարք է դրսեւորել, եւ որ ինքն է ոստիկանություն կանչել, ապա միջնորդել՝ բաց թողնել նրան։
Կարծիքներ