Սուբսիդիաները պետք էր մտցնել բյուջե և լոուքոսթների միջև մրցույթ հայտարարել

Սուբսիդիաները պետք էր մտցնել բյուջե և լոուքոսթների միջև մրցույթ հայտարարել
Հրանտ Բագրատյան

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա ուշացած քայլ է, որը վաղուց պետք է արվեր։ Լոուքոսթները ծեծում էին մեր դռները, եւ մենք  վերջապես լսեցինք։ Սա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքն է։ «Այսօր վրացիներն ու ռուսները լոուքոսթներով թռչում են, ասենք, Հունաստան, հանգստանում են՝ վճարելով ընդամենը 20-30 եվրոյից սկսած։ Ընդհանրապես, ճիշտ կլինի, որպեսզի լոուքոսթների օդանավակայանն առանձին լինի»,- ասում է նա ու առաջարկում նաեւ ընդլայնել «Զվարթնոցը»՝ հասցնելով մինչեւ Էջմիածին ու այնտեղ ստեղծել օդանավակայան ու մեկ հզոր արդյունաբերական բազա, որը կլինի Մետաքսի ճանապարհի հանգույցներից մեկը։ Հրանտ Բագրատյանը պատասխանեց մեր հարցերին։

- Ryanair-ը լոուքոստ ընկերություն է, որը պատրաստվում է մտնել Հայաստան։ Ինչո՞ւ հենց հիմա լոուքոսթը մտավ Հայաստան։

- Լոուքոսթ ավիացիան բեռ չի վերցնում, աշխատում է հիմնականում մասշտաբի վրա։ Ryanair-ն աշխարհում չորրորդ ավիաընկերությունն է, Եվրոպայում ամենախոշորն է։ Ընդհանրապես, արդեն 15 տարի է, ինչ մենք քննադատում ու ճակատամարտ ենք տալիս, թե ինչու Հայաստանում թույլ չէին տալիս լոուքոսթ։ Օդի հարկի, բաց երկնքի հիմար քաղաքականությունը բերել էր նրան, որ ոչ մի լոուքոսթ այստեղ չէր ուզում գալ։ Հիմա՝ գալու հիմնական պատճառի մասին։ Ryanair-ը, ինչպես նաեւ EasyJet ընկերությունը, UTair-ը, որն արդեն եկել էր, եւ լոուքոսթ ավիակոմպանիաներից Wizz Air-ը` սրանք մեծ համակարգային ցանցեր ունեցող լոուքոսթներ են, որոնց դերն աշխարհում գնալով ավելանում է։ Հայաստան նրանք չէին կարողանում գալ, որովհետեւ Հայաստանը նրանց համար որեւէ պայման չէր ստեղծում, չնայած այս մասին արդեն 15 տարի խոսվում էր։ Շուտ-ուշ՝ այս իրադարձությունը պետք է տեղի ունենար։ Վրաստանում այդպիսի ցածր բյուջետային ընկերությունները չորսն են։ 

- Անցյալ տարի մայիսին Դուք առաջարկում էիք վերացնել օդի հարկը, որպեսզի գոնե մեկ լոուքոսթր գա Հայաստան։ Այսպե՞ս էիք պատկերացնում դա։

- Այո, 2018-ի մայիսին ես արել եմ նման առաջարկ, եւ իմ առաջարկը վերաբերում էր բոլոր ավիաընկերություններին։ Ասում էի նաեւ, որ այդ դեպքում գոնե մեկ լոուքոսթ կգա Հայաստան։ Սա շատ ուշացած քայլ է մեզ համար։ Այս լոուքոսթի մուտքը հնարավոր դարձավ, որովհետեւ նախեւառաջ օդի հարկն են վերացրել եւ «Զվարթնոցին», ենթադրում եմ, ճնշել են, եւ այն համաձայնել է էժան սպասարկել։ Հիմա, ամբողջական կարծիք ունենալու համար, պետք է հասկանանք՝ հայկական կողմն ինչ զիջումների է գնացել։ Վախենամ նաեւ՝ բյուջետային սուբսիդիաների են գնացել։ Եթե այս վերջինը ճիշտ է, ապա կառավարության պոպուլիզմը նորից հաղթել է։

- Բայց մյուսների համար մրցակցային պայմաններ չեն լինի էլ։

- Մյուսները՝ բոլոր նրանք, որոնք նեղ ֆյուզելաժ ինքնաթիռներով են Հայաստան գալիս՝ Air France-ը, Austrian Airlines եւ Аэрофлот ընկերությունները, անպայման կպահանջեն, որ իրենց տոմսերի գնից դուրս հանվի 20 եվրոն։ Եվ կդնեն նաեւ սուբսիդավորման հարց։

- Այսինքն՝ կառավարությունը պետք է վաղ թե ուշ ընդհանրապես հանի՞ օդի հարկը։

- Այո, որովհետեւ Ryanair-ին արտոնություն տալով՝ կառավարությունը խախտել է բաց երկնքի սկզբունքները։ Ճիշտ է արել, որ խախտել է, որովհետեւ դրանք սխալ սկզբունքներ էին՝ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված։ Բայց դա պետք է անել բոլոր ընկերությունների համար։

- Այդ դեպքում պետք է ընդհանրապես հրաժարվեին բաց երկնքից։

- Այո, այդ քաղաքականությունից Հայաստանը պետք է հրաժարվի։ Արտասահմանում մերոնց հավասար պայմաններ չեն տալիս։

- Սա մե՞ծ նվաճում է։ 

- Սա մեծ նվաճում չէ, սա մեր դռանը կանգնած էր, չէինք թողնում, որ ներս մտնի։ Բոլոր լոուքոսթներն էլ խնդրում են, բայց չի կարելի ունենալ օդի հարկ, «Զվարթնոցում» սպասարկման բարձր գներ ու լոուքոսթ։ 

- Պարոն Բագրատյան, կառավարությունը, փաստորեն, սուբսիդավորո՞ւմ է արտասահմանյան ընկերությանը։

- Համբերենք մի քիչ, եւ տեսնենք, թե այդ ամենից զատ բյուջետային սուբսիդիաներ կա՞ն։ Եթե կան, ուրեմն այստեղ քիչ լավ բան կա։ Սուբսիդիաները պետք էր մտցնել բյուջե եւ լոուքոսթների միջեւ մրցույթ հայտարարել։

- Հիշում եմ, որ Դուք առաջարկել էիք նաեւ՝ օդանավակայանում մատնահետքեր վերցնելու արժեքը նույնպես հանել տոմսի գնից, ու հանեցին։

- Այո, հաստատ ապացուցված է, որ այդ մատնահետքի փողը նախկինում վերցնում էին որպես մանր ծախսերի փող։