Ինչպես են սպասարկում տնային հիվանդներին

Ինչպես են սպասարկում տնային հիվանդներին

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը  վարակված է կորանավիրուսով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմեց, որ իր թեստի դրական լինելուց հետո այլևս բուժհաստատություններից որևէ զանգ չի ստացել։

Հարցին՝ այն պահից, որ հաստատվել է վարակակիր եք, պետությունը չի՞ հետաքրքրվել Ձեր առողջությամբ, ինչպե՞ս եք մեկուսացել, նա ասում է. «Բոլորովին, որևէ զանգ,  թե ինչ վիճակում եմ գտնվում։ Որևէ մեկը վիճակի գնահատում չի անում, որևէ մեկը չգիտի, թե ես ինչ վիճակում եմ։ Հարցն իմ մասին չէ, իմ հարցերն ինչ-որ կերպ կարողանում եմ լուծել, բայց շատ քաղաքացիներ կան, վստահ եմ, իրենց տներում ուղղակի  միայն մի բան են անում՝ չափում են ջերմություն։ Նախարարը հրաման էր արձակել՝ թեթև ընթացքով և ասիմպտոմ վարակված քաղաքացիները մնում են տներում, բայց  ով է դա որոշում։ Ես մնացել եմ տանը, բայց իմ ամբողջ ընտանիքն էլ է տանը, կարող է առողջների համար վտանգ ներկայացնեմ»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ անսիմպտոմ կամ թեթև ախտանիշներով հիվանդների բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց:

Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները։

Փաստաբանը նշեց, որ պոլիկլինիկաները ինչ կարող են անել, եթե անմիխիթար վիճակում են, որոնց նույնիսկ դիմակ  չեն տալիս։ Ես որևէ կերպ չեմ կարող մեղադրել իմ պոլիկլինիկայի բժշկուհուն, ով ոչինչ չունի։  Հարցնում եմ՝ արտահագուստ ստացե՞լ եք։ Մարդիկ չեն ստացել արտահագուստ, ինչպե՞ս կարող են այցելել ու լսել իմ կամ մյուսների թոքերը, եթե պաշտպանված չեն։ Մինչև այդ հրամանի արձակումը, նախարարը պետք է բարի լիներ ու այդ ամեն ինչը կարգավորեր, որպեսզի հիվանդներն անելանելի վիճակում չհայտնվեին»,- ասել էր Ինեսսա Պետրոսյանը։

Մենք նախկինում մի քանի պոիլիկլինկաների հետ կապ հաստատել էինք, և հետաքրքվել, թե հասցնու՞մ են սպասարկել հիվանդներին, ինչպես են կարողանում հեռավար գնահատել հիվանդի վիճակը։ Բոլորը վստահեցրել էին, թե հասցնում են, նորմալ է։ Այսօր էլ զանգահարեցինք թիվ 8, 15 և «Արմենիա պոլիկիլինկաներ»։ Այստեղից ևս վստահեցրին, որ, այո, ունեն նորմալ արտահագուստ, («ու ամեն օր փոխում ենք»,- ասացին մի պոլիկլինիկայից),մեկուսարան, որտեղ գալիս են միմիայն կորոնավիրուսի կասկածով հիվանդները և որտեղից անհրաժեշտության դեպքում Շտապօգնությունը պացիենտներին տանում է հիվանդանոցներ։

Թիվ 8-ում անգամ հիշում էին, թե քանի տնային հիվանդ ունեին․ 26, մյուսներում չհիշեցին։ Թիվ 15 -ից  հերթապահ բժշկուհին հարցին,թե հիվանդների տներ գնու՞մ են, ասաց՝ նայած։ Նայած ինչ դեպք։«Հիմնականում հեռավար ենք անում, խոսելով, հարցուփորձ անելով»։

Հարցին, թե ինչպես են կարողանում հեռավար գնահատել պացիենտի վիճակը, որ նա չի վատանա ու չի դառնա ծայրահեղ բան, բժշկուհին ասաց՝ նախ, սատուրացիա ենք անում։Եվ հետո, եթե ջերմությունը բարձր է լինում, 38-ից բարձր մենք արդեն զգուշանում ենք։ Նշենք, որ սատուրացիայի միջոցով պարզվում է արյան մեջ թթվածնի մակարդակը։