Ո՞ր «ստեղծված իրավիճակից» է բխում ՍԴ-ին «կաշառելու» նախագիծը (տեսանյութ)

Ո՞ր «ստեղծված իրավիճակից» է բխում ՍԴ-ին «կաշառելու» նախագիծը (տեսանյութ)
Ռուստամ Բադասյան, նախարար, ՍԴ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախարարության ներկայացրած ՍԴ դատավորներին «կաշառելու» և «շանտաժի եթարկելու» նախագծին։ Նախագծում առկա որոշ դրույթներ, համաձայն որոնց ՍԴ ներկայիս դատավորներին «լավ պայմաններով» առաջարկում են մինչև հոկտեմբերի 31-ը դիմում գրել ու գնալ թոշակի, իսկ մեկ այլ դրույթով են ակնարկում են քրգործ հարուցելու մասին, արդեն շատերի կողմից որակվել է որպես «կաշառքի» և «շանտաժի» նախագիծ։

Ռուստամ Բադասյանը չհամաձայնեց այդ որակումների հետ՝ նշելով, որ դա վաղ կենսաթոշակի սխեմա է, և իրենք հիմա սպասում են կառուցողական առաջարկների։

Hraparak.am-ի հարցին, թե սա քաղաքական որոշում ու հանձնարարություն է,որ լինի այդպիսի նախագիծ, որպեսզի ազատվեն Սահմանադրական դատարանի ներկայիս կազմից, Բադասյանը լիարժեք չհերքեց․«Ոչ, էս ամենը բխում է ստեղծված իրավիճակից և ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծումներից։ Նայած, թե ինչ նկատի ունեք՝ ասելով քաղաքական, ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում, դա չի նշանակում կուսկցական, դա նշանակում է քաղաքական որոշում, որը, բնականաբար, չի կարող դուրս գալ իրավական պետության սկզբունքների շրջանակից»։

Հարցին՝ ստեղծված իրավիճակը ո՞րն է, ազատվել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի՞ց։ Բադասյանը, սակայն, չցանկացավ այս հարցին պատասխանել՝ նշելով, որ բազմիցս խոսել է այս մասին, չի ուզում կրկնել։

Մանրամասն՝ տեսանյութում։