Երբ Շուշին ազատագրում էինք, Տեր-Պետրոսյանը էն ժամանակ էլ էր խոսում հանձնելուց և զիջելուց

Երբ Շուշին ազատագրում էինք, Տեր-Պետրոսյանը էն ժամանակ էլ էր խոսում հանձնելուց և զիջելուց

«Հրապարակի» զրուցակիցը Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն է:

- Հանրապետության առաջին նախագահը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախին: Նա նշել է, թե Արցախի հարցն այլևս լուծված է և Հայաստանն ըստ էության Արցախի հարցում անելիք չունի: Համաձա՞յն եք:

- Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներից բնավ պետք չէ զարմանալ: Երբ Շուշին ու Քարվաճառն ազատագրում էինք, էն ժամանակ էլ էր խոսում հանձնելուց և զիջելուց: Դե իսկ հիմա խոսվում է Հայաստանից ինչ-որ տարածքներ հանձնելու մասին, Լևոն Տեր-Պետրոսյանի համար սա քիչ ցավալի է ու ընդունելի: Ղարաբաղի մասին, այո, Հայաստանն արդեն վաղուց ոչինչ չի խոսում, ոչ մի հայտարարություն չի անում: Առաջին նախագահի հարցազրույցը խիստ հուսահատեցնող էր: Ինչի՞ համար էր նման հարցազրույց տալիս ընդհանրապես: Ինչի՞ մասին էր այդ հարցազրույցը: Նոր կապիտուլյացիայի՞:

- Պատմական փաստ է, որ Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է, սակայն այսօր հանգիստ խոսում է կապիտուլյացիայի, ցավոտ փաստաթղթեր ստորագրելու մասին, տպավարություն է ստեղծվում, որ այդ մարդը կապ չունի մեր հաղթանակների հետ....

- Երբ Շուշին ազատագրում էինք, Տեր-Պետրոսյանը Պարսկաստանում էր, նրանից ի՞նչ հաղթանակած նախագահ: Վազգեն Սարգսյան ենք ունեցել: Վազգենի նման տղերքն են իրենց մարտական ոգով ու հայրենասիրությամբ կերտել բոլոր հաղթանակները: Ի՞նչ կապ ունի Տեր-Պետրոսյանը դրանց հետ: Մեկ նալին ա խփում, մեկ մեխին. մեկ Նիկոլին ազգակործան պատուհաս ա ասում, մեկ էլ` թե բա կիսում եմ նրա գաղափարները: Իրականում նա միշտ էլ դեմ ա եղել տարածքներ ազատագրելու կոչերին, անվերջ տալու և զիջելու մասին ա խոսել: Էնպես որ նա ոչ մի անգամ էլ հաղթանակած նախագահ չի եղել, դա իրեն ներշնչել են: Բա մեր նվիրյալներն ի՞նչ ասեն, թե հաղթանակ կերտողը Տեր-Պետրոսյանն ա եղել: Հաղթանակից հետո էլ ասում էր` տղա եք պահեք Ղարաբաղը: Ի՞նչ ա նշանակում սա, նշանակում ա, որ էս մարդը շատ լավ ծանոթ ա եղել թշնամու ծրագրերին ու հիմա էլ հրաշալի տիրապետում է, թե իրականում ինչ փաստաթղթի տակ ա  Փաշինյանն ուզում ստորագրի, ինքը շատ լավ գիտի ամեն բան: Երեկ էլ որ ասաց՝ ես ոչ մի բանից տեղյակ չեմ, դա էդպես չէ, շատ լավ էլ ամեն ինչից տեղյակ ա: Էլի ընդդիմությունից խոսեց: Ամեն անգամ, երբ Լևոնն ընդդիմությունից ա խոսում, չգիտես ինչի ինձ մոտ տպավորություն ա ստեղծվում, որ ինքն իշխանության անդամ ա:

- Նախկին նախագահներն ու Կաթողիկոսը Մայր Աթոռում հանդիպեցին: Նշվեց, որ այդ հանդիպումերը շարունակական բնույթ կունենան: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Ինչ սպասես, երբ միասնական լինելու փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը նման հայտարարություններ է անում: Ոչ մի սպասելիք: