Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են Գերմանիայում հայերին զանգահարել ու սպառնալ

Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են Գերմանիայում հայերին զանգահարել ու սպառնալ

«Հրապարակն» արդեն գրել էր, որ Գրեմանիայում բնակվող հայերին զանգահարում են անանուն համարներից և սպառնում: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրել էր գերմանահայ իրավաբանների ասոցացիայի նախագահ, Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը:

Զանգահարողները գերմանահայերին դիմում են անուններով ու ներկայանում են ադրբեջանցի կամ թուրք և սպառնում են կրկնել այն, ինչ արել են 1915 թվականին՝ բռնաբարել և հաշվեհարդար տեսնել: Զանգ ստացողներից ոմանք դիմել էին ոստիկանություն, իսկ ազգությամբ երկու հայի ոստիկանությունը հատուկ պաշտպանություն էր տրամադրել:
Սակայն, պարզվում է, անանուն զանգերը շարունակվում են, զանգահարողները շարունակում են սեռական հայոհյանքներ ու սպառնալիքներ ուղղել Գերմանիայում ապրող հայերին:
Գերմանահայ իրավաբանը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է հետևել իր ցուցումներին․

«Քանի որ անանուն զանգերը Գերմանիայում շարունակվում են, և նկատի ունենալով մեր հայրենակիցների պաշտպանությունը՝ հորդորում ենք՝ 
 անջատել անանուն զանգեր ստանալու հնարավորությունը ձեր հեռախոսային կարգավորումներից,
սահմանափակել անծանոթ անձանցից նամակներ ստանալը սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ Տելեգրամում,
խուսափել անձնական տվյալների հրապարակումից՝ հանրային հաշիվներում:
Եթե, այնուամենայնիվ, ստացել եք նման զանգ, խնդրում ենք՝
անմիջապես անջատել առանց արձագանքելու,
չտրվել սադրանքներին,
արձանագրել զանգի ստացման ճշգրիտ ժամը,
նշել՝ տղամարդո՞ւ, թե՞ կնոջ ձայն էր, ինչպես ներկայացավ զանգահարողը,
կապ հաստատել Հայ-Գերմանական իրավաբանների միության հետ հետևյալ հասցեով՝
     [[email protected]],
ներկայացնել՝ ինչ բովանդակություն ուներ խոսակցությունը:
Բացի դրանից, խնդրում ենք՝
 հայտ ներկայացնել ոստիկանությանը՝ հաղորդելով կատարված հանցագործության մասին,
 դիմումում շեշտեք այն հանգամանքը, որ զանգը ստացել եք հատկապես ձեր հայկական ինքնության և ազգանվան պատճառով»։

«Նկատենք, որ նման զանգերի մեթոդաբանությունը գրեթե նույնն է․
կապ հաստատում են՝ դիմելով անունով, ներկայանում են որպես թուրք կամ ադրբեջանցի և անմիջապես սկսում են սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ։ Եղեք ամուր և մի տրվեք նման հոգեբանական պատերազմի մեթոդներին»,-շեշտում է Պետրոսյանը: