Իսկ որտեղ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Իսկ որտեղ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Մինչ բոլորը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանով, քաղաքապետով ու ԱԻՆ նախարարով «Սուրմալու» առևտրի կենտրոնում են, այն անձը, որն առաջինը պետք է շտապեր պայթյունի վայր, որտեղ մարդկային կյանքեր են վտանգվել եւ մեծ թվով վիրավորներ ու զոհեր կան, բացակայում է։ Խոսքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասին է։ Նա չգիտես ինչով է այս օրերին զբաղված՝ ոչ մի տեղ չկա, չի երևում, չի խոսում: Ոչ տոնավաճառի տարածք է այցելում, որտեղ դեռ փլատակներից մարդկանց են հանում, զոհերի ու անհետ կորածների հարազատներն են, որոնք բժշկական լուրջ օգնության կարիք ունեն։ Ոչ էլ այցելում է հիվանդանոցներ, որտեղ տուժածներն են բուժվում։

Մենք փորձեցինք հետաքրքրվել առողջապահության նախարարի խոսնակից, թե ինչո՞վ է պայմանավոված տիկին Ավանեսյանի «լռությունը», սակայն խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ապշած պատասխանեց. «Այս հարցը հռետորակա՞ն է, թե՞ Դուք իսկապես չգիտեք, թե ինչեր է անում Տիկին Ավանեսյանը»: Իսկ այն հարցին, թե Անահիտ Ավանեսյանն ինչո՞ւ չի գնում «Սուրմալու», խոսնակն ասաց. «Նախարարի գործը շատ հստակ է, մենք մեր գործն ենք անում, փրկում ենք կյանքեր, փրկում մարդկանց: Մենք կատարում ենք առողջապահական համակարգի ողջ աշխատանքը», - նշեց նա:

Ըստ նախարարության խոսնակի` նախարարության պաշտոնական կայքէջում առկա է, թե որքան «մեծ» և «հույժ» կարևոր գործեր է անում Տիկին նախարարը: Նա մեզ հորդորեց, բացել կայքէջն ու կարդալ դրանք: «Եթե չեք կարդացել, ապա բացեք մեր կայքէջը և կարդացեք այնտեղ առկա նյութերը: Աշխատանքային խմբերը` փոխնախարարներով հանդերձ, հերթափոխային պլանով համակարգել են տարբեր աշխատանքներ: Ես կարծում եմ, որ նախարարի ֆիզիկական ներկայությունը «Սուրմալուում պարտադիր չէ»,- նշեց խոսնակը: «Կան աշխատանքներ, որոնք պետք է համակարգվեն: Նախարարն անում է այն, ինչ այս պահին պետք է անի: Ինձ թվում է Ձեր հարցերը հռետորական են, կամ էլ` զարմանալի: Այն, ինչ այսօր Դուք տեսնում եք, արվել է Առողջապահության նախարարի կողմից», - իր խոսքը եզրափակեց Հռիփսիմե Խաչատրյանը:

Մենք չզլացանք եւ բացեցինք նախարարության կայքը, այստեղ թվով 5 փոքրիկ հաղորդագրություն գտանք «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված՝ կարճ տեղեկատվություն, թե քանի տուժած կա, որտեղ են բուժվում։ Վերջինը այս բովանդակությամբ․ «Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել: Զոհերի թիվը 16 է»:

Օգոստոսի 14-ին կայքում տեղադրվել է կարճ հաղորդագրություն այն մասին, որ առողջապահության փոխնախարարները այցելել են պայթյունից տուժած քաղաքացիներին․ «Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա երեխային ու նրա մորը»:

Ոչ մի տող նախարար Անահիտ Ավանեսյանի մասին, որն անգամ հարկ չի համարել այցելել իր համակարգի ենթակայությամբ գտնվող հիվադանոցներ եւ տեսակցել 60-ից ավելի տուժած ՀՀ քաղաքացիներին։

ՀԳ Մեր զանգից հետո, ընդամենը 10 րոպե առաջ Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց․

«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»։

Թերեւս մեր զանգից հետո է այցը կազմակերպվել, քանզի դեռ առողջապահության նախարարության կայքում ոչ մի տեղեկատվություն այս մասին չկա։