Հայաստանում պաշտոնավարած կարդինալը կարող է հավակնել Պապական Գահին 

Հայաստանում պաշտոնավարած կարդինալը կարող է հավակնել Պապական Գահին 

Կարդինալ Ջովաննի Ռեն, ով Սուրբ Աթոռի Կարդինալների կոլեգիայի ավագն է կամ դեկանը, կզբաղվի նորոգ հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության եւ Կոնկլավի կազմակերպման հարցերով։ Կարդինալ Ռեն 91 տարեկան է։ Տարիքի բերումով նա չի կարող մանսակցել ընտրություններին, սակայն պարտավոր է ապահովել նոր Սրբազան Քահանայապետի ճիշտ ընտրությունները եւ կատարել վախճանված Ֆրանցիսկոս Պապի կամքը։ Հիշեցնենք, որ երեկ՝ Սրբազան Քահանայապետը հանձնարարել էր Ս․ Հարության տոնական արարողությունները կատարել կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, ով Կաթոլիկ եկեղեցու Արեւելյան եկեղեցիների հարցերով դեպարտամենտի ղեկավարն է՝ պրոֆեկտը։ Կարդինալ Գուջերոտին կարող է հավակնել Պապական Գահին։ Նա ծնվել է 1955 թվականին։ 2001 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ստանալով Ռավելլոյի եպիսկոպոսի տիտղոսը։ Եպիսկոպոսական ձեռնադրություն ստացել է Երանելի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի կողմից։ Եղել է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում Սուրբ Աթոռի նվիրակը։

Նաեւ որպես Պապական նվիրակ պաշտոնավարել է Բելառուսում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում։ 22 թվականից ղեկավարում է Արեւելյան Եկեղեցիների հարցերով Դիսկատերիան կամ դեպարտամենտը։ Անցյալ տարի Ֆրանցիսկոսը Գուջերոտիի օգնական է նշանակել Ֆիլիպո Չամպանելային, ով եւս եղել է Բելառուսում Ս․ Աթոռի նվիրակ։ Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին բազմաթիվ անգամներ է քննադատել Ուկրաինայի իշխանություններին, հանդիպումներ անցկացրել Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախկին եւ ներկա ղեկավարներ՝ միտրոպոլիտ Իլարիոնի եւ Անտոնիի հետ։ Անցյալ տարի էլ հայտարարել է, որ աշխարհը գտնվում է գլոբալ աղետների շեմին եւ մարդկանց կրոնական համոզմունքները մեծ ուժ են ներկայացնում։ Մարդը չպետք է հավատա հարաբերականությանը եւ ջանքեր պետք է ներդնի ապագայի կառուցման համար։