Լաչինի միջանցքի փակման խնդիրը մեր մեջ է, այն բացելն էլ՝ մեր օրախնդիրը
Չեք պատկերացնի, թե ինչքան եմ հասկանում Նիկոլին: 44-օրյա պատերազմի ընթացքում երկու-երեք անգամ մերժեց զինադադարի առաջարկները՝ ներկայացված թե՛ ռուսական և թե՛ արևմտյան ղեկավարների կողմից: Իրադարձություններին անծանոթ մեկը կարող է ասել, թե վարվել է Ուկրաինայի նախագահի նման: Բայց որքան էլ վերջինս ընդունելի չլինի ինձ համար՝ հանուն հայրենիքի անընդհատ կռիվ տալու հանգամանքը չեմ կարող չնկատել: Չնայած դրա արդյունքում հազարներով շարքային ուկրաինացիներ են զոհվում: Եվ, ընդհանրապես, հանուն արևմտյան կողմնորոշման սլավոն եղբայրակցի հետ թշնամանալը ևս խելացի լինելու ցուցիչ չեմ համարում: Ինչևէ, վերադառնանք Նիկոլին:
Զինադադարի առաջարկները մերժում են միայն մի դեպքում. եթե այն մերժող կողմը համոզված է իր հաղթանակի մեջ: Եվ առանձին ճակամարտերն ու առանձին տարածքային կորուստները համարում է ժամանակավոր երևույթ: Ճիշտ այնպես, ինչպես երկրորդ համաշխարհային կամ մեր սերնդի տեսակետից՝ Հայրենական պատերազմի ժամանակ վարվում էր Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Ստալինը:
Բայց եթե վերհիշենք 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և «ժողովրդի փրկչի» վարքը… Վերհիշենք հատկապես ՀՀ ԱԺ-ում հնչած «Ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չենք համարի» դատողությունը, ապա կհամոզվենք, որ Ստալինի օրինակն այստեղ տեղին չէր: Ինքն էն գլխից էր ծրագրել պարտությունը և բազմահազար զոհերի գնով Արցախը թշնամուն հանձնելը: Դրա գաղափարը հանրությանը մատուցվել էր դեռևս 2008-ին իրավապահներից թաքնվելու օրերին: Այդ ամենի մասին ես բազմիցս եմ գրել «Հրապարակի» էջերում: Ինչևէ, 44-օրյա պատերազմում մեր պարտությունը պետք է լիներ ամբողջական: Եվ մենք պետք է թշնամուն հանձնեինք ՀՀ, այսպես կոչված, վարչական սահմաններից դուրս գտնվող՝ Արցախյան առաջին պատերազմում ազատագրված տարածքները: Քանի որ ինքը դրանք համարում էր ադրբեջանական: Եվ այդ պատճառով էլ, ի դեպ, ադրբեջանցիներին հանձնեց նաև հյուսիսից հարավ ձգվող միջպետական մայրուղու 21 կիոմետրանոց հատվածը:
Եվ ինչպես բազմիցս եմ ասել՝ ամբողջապես Արցախը թշնամուն հանձնելու ծրագրի իրագործմանը դեմ կանգնեց Ռուսաստանի ղեկավարությունը՝ Նիկոլին և Իլհամին հավասարապես պարտադրելով զինադադարը: Եվ հենց այդ պատճառով է Նիկոլն այսօր մեղադրում ՌԴ նախագահին: Մոտավորապես այսպիսի մտածողությամբ՝ «թույլ չտվեցիր հանձնել Արցախը՝ դու էլ պահի այն»: Դա այն է, ինչ ամենօրյա կտրվածքով տեսնում ենք մենք: Եթե այդպես չլիներ, ապա ոչ թե հրապարակավ մեղադրանքներ կներկայացներ, այլ ռուսական կողմի հետ անընդհատ շփումների մեջ կլինեին թե՛ ինքը և թե՛ պաշտպանության նախարարը: Իսկ մինչ այդ էր ոչ թե անընդհատ կթմբկահարեր «խաղաղության դարաշրջանի մեկնարկի» մասին, այլ կամրապնդեր մեր պետության անվտանգության համակարգը: Որովհետև խնդիրներ ծագելու դեպքում քեզ կօգնեն այն ժամանակ, երբ ինքդ ես փորձում պաշտպանել քեզ: Նույնիսկ 20-ամյա ջանքերից և 2-3 տրիլիոն դոլար ծախսելուց հետո ամերիկացիները լքեցին Աֆղանստանը՝ հայտարարելով, որ ամերիկյան զինվորն ուրիշի փոխարեն չի կռվելու: Իսկ ինչո՞ւ պիտի մեր փոխարեն կռվի ռուսական զինվորը…
Այնպես, որ Լաչինի միջանցքի փակման խնդիրը մեր մեջ է, և այն բացելն էլ՝ մեր օրախնդիրը: Միայն այդ դեպքում հույս կունենանք, որ Ռուսաստանը որևէ տարբերակով (ռազմական օգնության թե դիվանագիտական միջոցներով) կաջակցի այն հարցում, ինչը համապատասխանում է այս տարածաշրջանում իր շահերին: Մնացած բոլոր դեպքերում մենք անընդհատ լինելու ենք կորցնողի դերում:
Կարծիքներ