Ովքեր են բանակցողները

Ռուս-ամերիկյան՝ փորձագիտական մակարդակով խորհրդակցությունների հաջորդ ռաունդը տեղի կունենա մարտի 24-ին, Սաուդյան Արաբիայի Էր-Ռիյադ մայրաքաղաքում՝ հայտարարել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամերիկյան կողմը ներկայացնող Մայք Ուոլթսի հետ։ Ռուսական փորձագիտական խմբի կազմը. սենատոր Գրիգորի Կարասին, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի խորհրդական Սերգեյ Բեսեդա։ Կարասինը, ըստ ռուսական nezigar տելեգրամյան ալիքի դիվանագիտական աղբյուրի, եւ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բեսեդան վաղուց են զբաղվում «ուկրաինական դոսյեով»։
Կարասինը նախկինում եղել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, Բեսեդան ղեկավարել է ԱԴԾ 5-րդ բաժինը։ Կարասինն ու Պուտինն ուղիղ կապ են պահպանում դեռ այն ժամանակներից, երբ վերջինս Լոնդոնում ՌԴ դեսպանն էր եւ Պուտինի ու բրիտանական վարչապետ Թոնի Բլեերի միջեւ անձնական կապեր էր հարթում։ 2014-ին, արդեն որպես ԱԳ փոխնախարար՝ Կարասինի կուրացիայի ներքո է եղել «ուկրաինական օրակարգը» ՌԴ ԱԳՆ-ում։ Նաեւ՝ բավականին ակտիվ գործակցել է Սերգեյ Բեսեդայի հետ։ Բեսեդան, արդեն այն ժամանակ ակտիվի ոչ ֆորմալ կապեր էր հաստատել ամերիկյան հատուկ ծառայությունների եւ դիվանագիտական կառույցի հետ։ Ռուսաստանում ամերիկյան նախկին դեսպան Ջոն Սալիվանը, իր հուշերում անդրադառնալով Ժնեւում Պուտինի եւ Բայդենի հանդիպմանը, գրում է, որ գեներալ Բեսեդան է եղել կոնտակտային անձը՝ Ռուսաստանում ամերիկյան քաղաքացիների ազատ արձակման հարցով։
«Ռյաբկովը ներկայացրեց ինձ Բեսեդային։ Նա ինձ ողջունեց լայն ժպիտով եւ ամուր ձեռքսեղմումով։ Միանգամից պարզ դարձավ, թե ինչու են նրան անվանում «խոյ»։ Բարձրահասակ էր, ձիգ կեցվածքով։ Մոտ 60 տարեկան կլիներ։ Բեսեդան նման էր ներդրումային բանկի ղեկավարի՝ թանկարժեք կոստյում էր հագին, իրեն ինքնավստահ էր զգում, առանց ակնհայտ սպառնալիքների։ Կարիք չուներ որեւէ մեկին վախեցնելու` առանց այն էլ՝ բոլորը գիտեին, թե ով է նա։ Անգլերեն չէր խոսում, սակայն գիտեր իսպաներեն, քանի որ ՊԱԿ-ում իր կարիերայի սկզբում աշխատել էր Կուբայում եւ Կենտրոնական Ամերիկայում։ Ռյաբկովը զրույցը վարում էր ռուսերենով եւ չափազանց հարգալից էր ԱԴԾ-ի իր բարձրաստիճան հյուրի հանդեպ»։
Հոդվածում նշվում է, որ Կրեմլը շրջադարձային որոշումներ չի նախատեսում` նման ակնկալիք չունի ԱՄՆ հետ բանակցությունների։ Այն, որ «պաշտոնաթող նախկիններն» են նշանակվել բանակցող` Թրամփն էլ Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց է նշանակել պաշտոնաթող գեներալ Քիթ Քելոգին։ Կարասինն ու Բեսեդան ավելի շատ զբաղվելու են հակամարտության պատճառների բացահայտմամբ եւ ձեւավորելու են քննարկումների օրակարգ՝ առանց անձնական նախաձեռնողականության։ Կրեմլը, ըստ հոդվածագրի, ավելի շատ ցույց է տալիս, որ պատրաստ է խաղաղ կարգավորման մասով լայն քննարկումների, սակայն արմատական զիջումների պատրաստ չէ։
Կարծիքներ