Թշնամին ասպատակում է Սյունիքն ու Գեղարքունիքը, ո՞րն է հաջորդ մարզը

Թշնամին ասպատակում է Սյունիքն ու Գեղարքունիքը, ո՞րն է հաջորդ մարզը

Հայաստանի առնվազն երկու մարզում՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում, թշնամական պետությունը գնալով ամրապնդում է իր ներկայությունը եւ իրեն պահում է որպես իրավիճակի տեր։ Խոսքը ոչ միայն արդեն երեք ամիս շարունակ մեր տարածքում ամրաշինական աշխատանքներ կատարող ադրբեջանցի զինվորականների մասին է, այլեւ այն խորհրդանշական գործողությունների, որոնցով թշնամին մշտական սարսափի մեջ է պահում տեղի բնակիչներին։

Օրինակ, սահմանամերձ դարձած Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղադրված ցուցանակն արդեն ավելի քան կես տարի է՝ անգլերեն եւ ադրբեջաներեն լեզուներով ազդարարում է՝ «Բարի գալուստ, Ադրբեջան», իսկ ճանապարհի երկայնքով վեր են խոյանում ադրբեջանական դրոշները։ Տեղացիները մի քանի ճարահատ փորձ արեցին՝ ծածկելու պաստառի գրությունները, բայց ապարդյուն։

Սյունիքի եւ Գեղարքունիքի անվտանգության լրջագույն սպառնալիքների գոյությունն ակնհայտ էր արդեն նոյեմբերի 10-ին, երբ պարզվեց, որ պատերազմի օրերին անառիկ պահված շրջանները՝ Քարվաճառը, իսկ հետո՝ նաեւ Որոտանի եւ Կովսականի՝ մեզ մնացած հատվածները զիջվելու են թշնամուն, ինչի արդյունքում Հայաստանի թիկունքն ամբողջապես բացվելու է Ադրբեջանի առաջ։
Սյունիքի եւ Գեղարքունիքի, հիմա նաեւ՝ Տավուշի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի անվտանգության սպառնալիքների մասին խոսելիս իշխանությունն ասում էր՝ խուճապ մի տարածեք, այնպես, ինչպես 2020-ի առնվազն մայիսից, երբ հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ ահազանգում էին մոտալուտ պատերազմի մասին, ի պատասխան՝ դարձյալ հնչում էր՝ խուճապ մի տարածեք։

Փաստն այն է, որ սահմանամերձ եւ սահմանապահ բնակավայրերի բնակիչներն այսօր ապրում են սարսափելի հոգեբանական վիճակում։ Սյունիքում եւ Գեղարքունիքում տասնյակ գյուղերի բնակիչներ ամեն օր ու գիշեր լսում են իրենց տներից մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող ադրբեջանական զորքի անկանոն կամ թիրախային կրակոցները, տեսնում են իրենց գյուղերի սարատեղիներում դիրքավորվող թշնամուն, ճանապարհներին՝ ադրբեջանական դրոշներ կամ «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակ։

Թվում է՝ որեւէ իշխանություն պետք է նախեւառաջ մտահոգվեր իր պետության տարածքում թշնամու՝ նման մեծածավալ ներկայությամբ, եւ կառավարության ջանքերը զօրուգիշեր պետք է ուղղված լինեին Սյունիքի, Գեղարքունիքի եւ մյուս մարզերի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Օրինակ, ինչպես Իսրայելի կառավարությունն է Սիրիայի հետ վիճելի տարածք համարվող Գոլանի բարձունքներում արտագնա նիստեր անում, այդպես էլ մեր կառավարությունը պետք է առանց որեւէ մտավախության ամբողջ կազմով մեկներ Կութ, Նորաբակ, Ճակատեն, Որոտան կամ Շուռնուխ եւ այդ գյուղերում նիստ անցկացներ, մանավանդ որ բոլոր այդ համայնքներում ՔՊ-ն հաղթել է եւ արտաքուստ վայելում է բնակիչների վստահությունը։

Ճիշտ է, Սյունիքի մարզի քաղաքային համայնքների՝ Մեղրիի, Քաջարանի, Կապանի, Գորիսի եւ Սիսիանի համայնքապետերը խիստ որոշակի, ընդգծված բացասական վերաբերմունք ունեն իշխանության նկատմամբ, եւ դա հասկանալի է՝ իրենց ղեկավարած համայնքների կենսագործունեության, անվտանգության միջավայրը հիմնիվեր փոխվել է հօգուտ թշնամու։

Ի վերջո, Ադրբեջանի հետ փաստացի սահմանազատումը, սահմանապահ դարձած համայնքների պաշտպանությունը թողնվեցին ոչ թե պետության եւ անգամ ոչ թե բանակի, այլ այդ համայնքների բնակիչների վրա, այն դեպքում, երբ նրանք նույնիսկ զինված չեն։ Այս ֆոնին շատ չարագուշակ է հնչում, երբ այս իշխանությունն ու նրա ղեկավարն ասում են, թե Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, քանի որ պատերազմից առաջ էլ ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այդ մեծախոսությունն ու անհետեւողականությունը խաչ քաշեցին Արցախի վրա, եւ Աստված մի արասցե, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի ճակատագրին եւս նման վտանգ սպառնա։

Դավիթ Սարգսյան