«Փոխմարզպետը ընտրել է ինքն իրեն եւ կողքին «սրտիկ» նկարել»․ լուսանկար

«Փոխմարզպետը ընտրել է ինքն իրեն եւ կողքին «սրտիկ» նկարել»․ լուսանկար

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում համայնքապետի ընտրություններին հետաքրքիր քվեարկություն է տեղի ունեցել։ Քաղաքացիներից մեկը մեզ պատմեց, որ այդ համայնքի բնակիչ, Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը քվեաթերթիկում ընտրել է ինքն իրեն եւ կողքին «սրտիկ» նկարել․ «Կարեն Գրիգորյանը հանձնաժողովի կին անդամներից մեկին «սրտիկ» էր նվեր խոստացել, այս ձեւով քվեարկել է, որպեսզի հանձնաժողովի անդամը բացի, տեսնի՝ որպես նվեր»։

Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ քվեաթերթիկն իրե՞ն է պատկանում, ինչին վրդովված պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ, ով հրապարակել է, անլրջություն ա արել, ես տենց բան չեմ արել։ Պատրաստվում եմ հրապարակման մասին քայլեր ձեռնարկել, որովհետեւ, ըստ էության, քվեարկությունը պետք ա մնա գաղտնի, չի կարա հրապարակվի։ Պատրաստ եմ ամեն հնարավոր իրավական քայլերը ձեռնարկել, որպեսզի այս խուժանությանը վերջ տամ, որեւիցե մեկը չի կարող իմ անունը հոլովել, կապել դրա հետ, դա ես անլրջություն եմ համարում։ Ես գիտեմ՝ ում եմ իմ ձայնը տվել, դա իմ քվեաթերթիկը չի»։

Հարցին՝ տեղյա՞կ է, թե ով է լուսանկարել քվեաթերթիկը, նշեց․ «Ես չեմ իմանում դեռեւս»։