Պատմական մինիմումի

Վաղուց չէի «անցել» Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջով: Այստեղ խտացած է Հայաստանի «ե՛ւ պերճանքը, ե՛ւ թշվառությունը», ու ծով նյութ կա` ուսումնասիրությունների, հետեւությունների, վերլուծությունների համար: Օրինակ, զարմանքով հայտնաբերեցի, որ 1 միլիոն հետեւորդ ունեցող էջում պատմական մինիմումի է հասել «լայքերի» քանակը:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, տարածած տեղեկություններին ու տեսանյութերին հավանություն տվողների քանակը խիստ, գրեթե բազմակի կրճատվել է: Եթե մի գրառման տակ 400-600 լայք կա, կնշանակի՝ անգամ ՔՊ-ի «զինվորները» հարկ չեն համարում հավանության արժանացնել իրենց առաջնորդի դրածը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ եւ մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ» նախադասությունը, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի կրեդոն եւ գլխավոր կարգախոսը, ընդամենը 402 հավանության է արժանացել, որից մի մասը, բնականաբար, ֆեյքերն են, մի որոշ մասը՝ իր անձնական աշխատակազմն ու ազգուտակը։ Իսկ ինչքա՜ն քննադատություն, առարկություններ, խելացի հակադարձումներ կան այդ էջում, ուղղակի մեկը պետք է կարդա դրանք ու «ականջին օղ անի»: Որովհետեւ, երբ փորձում են մարդկանց ապուշացնել եւ փիառով մոլորեցնել, պետք է նաեւ հասկանան, որ հանրային կարծիքի մասին վկայող շատ պարզ ցուցիչներ կան` ահա մեկը: Դրանք անհնար է քողարկել, որքան էլ մանիպուլացնեն ու խաբեն հանրությանը: «Կիրանցի պատը երրորդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ստացել է պետական սահման» արտահայտությունը 700 լայք է հավաքել, մի մասն էլ՝ զայրացած սմայլիկներ, իսկ իր այցերի, կառավարության նիստերի նյութերն ընդամենը 500-800 հավանում ունեն:
Կարծիքներ