«Հրապարակ». Սա նույն մուրացկանն է, բայց անունը դրել են պարկովշչիկ

«Հրապարակ». Սա նույն մուրացկանն է, բայց անունը դրել են պարկովշչիկ

Երեւանի կենտրոնի բնակիչներն ահազանգում են, որ մի շարք փողոցներ վերադարձել են 90-ականների բարքերին, երբ ինչ-որ անձինք զավթում էին կայանատեղիները, երկաթյա ձողերով կամ արկղերով փակում տարածքն ու ավտոմեքենաների տերերից կայանելու համար վճարներ ուզում։ 

Այդ երեւույթը նրանք նկատել են Պուշկինի փողոցի՝ Հյուսիսային պողոտային հարող տարածքում (Արարատ բանկի մոտ), դրա շարունակությամբ դեպի Սախարովի հրապարակ («Դոլմամա» եւ «Սալոն» ռեստորանների մոտ) տանող հատվածում, Արամի փողոցում, Մաշտոցի պողոտայից Սարյան փողոց ընկած հատվածներում։ Որքանո՞վ է օրինական այդ անձանց գործունեությունը, արդյոք այստեղ չկա՞ն հանրային տարածքների ապօրինի զավթման, գումարի շորթման, ապօրինի ձեռնարկատիրության տարրեր, եւ բարեփոխված, գեղեցիկ հագուստով ու թանկարժեք մեքենաներով պարեկներն ինչո՞ւ են ամիսներ շարունակ ինչ-որ մոգական հնարքով դժվարանում նկատել այս ամենը։

Երեւանցիների բարձրացրած այս հարցերը նախ ուղղեցինք ներքին գործերի նախարարությանը։ ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պարզաբանեց, որ տարածքը սահմանազատելու թույլտվությունն անհատներին տալիս է քաղաքապետարանը, եւ եթե կա քաղաքապետարանի թույլտվությունը, ապա մարդն իրավունք ունի տարածք սահմանազատել։ Ոստիկանությունը նույնպես հսկողություն է իրականացնում, եթե կա ահազանգ, ոստիկանները գալիս են, ստուգում, նաեւ՝ իրենց նախաձեռնությամբ, թե արդյոք կա՞ խախտում։ 
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 162 հոդվածով՝ «Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրության պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը», բավականին բարձր պատժաչափեր են նախատեսված ՝ նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով տուգանքի նշանակում, առարկաների բռնագրավում, իսկ կրկին նույն արարքը կատարելու դեպքում արդեն անձը տուգանվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ 
«Այս տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարածքում այս հոդվածով 98 անձ բերվել է Կենտրոնի բաժին, կազմվել է արձանագրություն, եւ քանի որ այդ հոդվածով վարույթն ընդդատյա է քաղաքապետարանին, արձանագրություններն ուղարկվել են քաղաքապետարան։ Ապօրինի ձեռնարկատիրության մեկ դեպք ենք ունեցել, որով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական»,- ասում է Զարզանդ Գաբրիելյանը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ անձինք կրկին հայտնվեն նույն տեղերում, նույն փայտիկները ձեռքները, նա պատասխանեց․ «Այո, անընդհատ բերում են, բաց են թողնում, ու չի բացառվում, որ այս 98 անձանց շրջանում լինեն նույն մարդիկ։ Ունենք նաեւ 5 դեպք՝ մեր պարեկների կողմից բացահայտված, երբ առանց համապատասխան թույլտվության՝ անձը սահմանափակում է երթեւեկելի մասը։ Այս դեպքերով կազմվել է 5 արձանագրություն»։ 

Ստացվում է, որ եթե քաղաքացին դիմում է ոստիկանություն՝ հայտնելով, որ փողոցում ձողեր տնկած անհայտ մարդիկ ավտոմեքենան կայանելու դիմաց փորձում են իրենից ապօրինի գումար կորզել, ապա ոստիկանությունն ընդամենը արձանագրություն է կազմում ու ուղարկում քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը կարող է բաց թողնել իրավախախտին։ Վերջինս էլ մի քանի ժամից կրկին կհայտնվի իրեն կերակրող ձողիկի կողքին կանգնած։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ օրենսդրության պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքում տուգանքները բավականին բարձր են։ 
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը բացատրում է՝ խնդիրն այն է, որ այդ մարդկանց 90 տոկոսը ոչինչ չունի, այսինքն՝ բոմժ է։ «Որ տուգանում ես, գոյություն ունի՝ երկու ամիս անց գործը մեր իրավաբանական վարչությունից ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն, որ իր գույքից քաշեն էդ գումարը։ Հարկայինն էլ որոշ ժամանակ հարցումներ է անում՝ կադաստր, ճանապարհային ոստիկանություն, գալիս է պատասխան, որ այս մարդիկ չունեն ունեցվածք, սնանկ են, անվճարունակ են։ Վարույթը կարճվում է, եւ սա բերում է անպատժելիության։ Կադրեր ունենք, թե ոնց ենք բռնում-տանում, էդ իրենց երկաթ, ձող-կանգնակները՝ բոլորն առգրավում։ Առաջ կանգնակներ էին սարքում, հիմա բոլորն առգրավել ենք, ու էլ փող չեն ծախսում՝ մրգի յաշիկ են բերում-դնում կամ մի խողովակ, կանգնում են կողքը»,- ասում է առեւտրի եւ ծառայությունների վարչության պետը։ 

Նա կոչ է անում քաղաքացիներին՝ մի կողմ նետել «տրուբեքն» ու «յաշիկները» եւ հանգիստ կայանել ավտոմեքենան՝ առանց գումար վճարելու։ «Քաղաքացին միայն մեկ կաշկանդվածություն պետք է ունենա, եթե գալիս-տեսնում է՝ «Ծառայողական ավտոկայանատեղի» նշան է փակցված։ Հյուրանոցներ կան, որոնք օրինական նշան են կախել, դրա համար գումար են վճարել, ավագանին իրենց հատկացրել է տարածք, եւ ինքը պետք է որոշի, թե իր հյուրանոցի կամ օբյեկտի դիմաց ով պետք է կանգնի։ Սա օրենքով կարգավորվում է, իսկ այս փինաչիներին պետք չէ վճարել։ Նույն հաջողությամբ՝ ոնց որ փողոցում մուրացկանը գա՝ ձեզնից փող ուզի, դուք պարտավո՞ր եք իրեն վճարել։ Սա նույն մուրացկանն է, բայց անունը դրել է պարկովշչիկ»։ 

Այսինքն՝ ճի՞շտ են ասում մարդիկ, որ 90-ականները վերադարձել են, ու ով ոնց ուզում է, փողոցում ավտոմեքենաների տերերից փող է աշխատում, մի պահ այս իրավիճակը վերացել էր, չէ՞։ «Այն ժամանակ սրանց բռնում, քաշքշում էին, կարող է մի հատ էլ սիլլա են տվել, ու սրանք վախեցել են։ Հիմա մենք օրենքով վարչարարություն ենք անում։ Ինչ կա գրված օրենքում, դա ենք անում։ Ի՞նչ անես։ Քրեական պատասխանատվություն չես կարող սահմանել միայն այն բանի համար, որ ինչ-որ բոմժ 200 դրամ է ուզում ու ասում է՝ արի-արի, գնա-գնա։ Ապօրինի ձեռնարկատիրության հոդվածով էլ ենք փորձել տուգանել, ուղարկել հարկային, բայց այդ հոդվածով էլ նույն տուգանքի չափերն են սահմանված, եւ կապ չունի, թե ինչի համար տուգանեն, բոմժը նույն տեղում կանգնած է մնում»,- ասում է առեւտրի վարչության պետը։ Այնպես որ՝ քաղաքային իշխանությունների պայքարի ամենաարդյունավետ միջոցն ապօրինի կայանատեղերի դեմ քաղաքը կանգնակներից ազատելու ռեյդերն են։ «Առաջ գեղեցիկ կանգնակներ էին դնում, բայց հիմա վերցնում ես էդ 200 դրամանոց կանգնակը, գնում՝ նորն է բերում, չես կարողանում դու նրան նյութական ցավ պատճառել»։ 

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ միակ լուծումը տեսնում է անընդհատ հսկողության ու «պարկովշչիկներին» նեղելու մեջ։ «Միակ բանը, որ կարելի է անել, ամեն անգամ բերման ենթարկելն ու իրենց նեղելն է։ Առաջ առեւտրի սպասարկման վարչության պետ կար՝ Արման Եդոյան, որը ծեծում էր նրանց, եւ նրանք այլեւս այդ տեղերում չէին հայտնվում։ Բայց հիմա պետք է անընդհատ բերման ենթարկեն, որն ավելի մեծ դժվարություն է ոստիկանների, ոչ թե պարկովշչիկի համար»։