Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ ՀՀ սահմանադրության մասին. ի՞նչ է ասել Բայրամովը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին

Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ ՀՀ սահմանադրության մասին. ի՞նչ է ասել Բայրամովը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին

Այսօր կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հեռախոսազրույցը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Բայրամովը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին։

Նա կրկին պնդել է, թե «Հայաստանի օրենսդրության մեջ առկա տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի արագացված ռազմականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման կայուն գործընթացին սպառնացող հիմնական գործոններն են»։