Պտույտ մը «Քաղպայմանագրի» շարքերուն մեջ

Պտույտ մը «Քաղպայմանագրի» շարքերուն մեջ

ԱԱԾ-ի իմ աղբյուրը երեկ տեղեկացրեց, որ ՔՊ-ում այս տարի ոչ միայն «Սանտա» են խաղացել, այլեւ «փրայմերիզ» են անցկացնելու, թե ովքեր պետք է լինեն ՔՊ-ի Ձմեռ պապը եւ Ձյունանուշը: Ըստ աղբյուրի՝ ամենաշատ ձայները կարող են հավաքել… Ստոպ: Չեմ շտապի բարձրաձայնել այդ անունները, որովհետեւ այնքան էլ վստահ չեմ, որ իմ աղբյուրը 100 տոկոսանոց ինֆորմացիա է փոխանցել ինձ: Ի վերջո՝ ԱԱԾ-ի աղբյուր է, իսկ ԱԱԾ-ում ինչ բաժին ասես, որ չկա, ընդհուպ՝ «ֆալշ տեղեկատվության» բաժին: Սրանց գործի անունն ի՞նչ է` մի կեղծ տեղեկություն են դնում շրջանառության մեջ, հիմնականում տաքսու վարորդների միջոցով, եւ ստուգում հասարակական տրամադրությունները:

Օրինակ, լուր են տարածում, որ Նիկոլի տունը կտրել, օծանելիք ու ժամացույց են տարել: Տաքսու վարորդն այս մասին պատմում է իր բոլոր ուղեւորներին, ընդ որում այնպես, որ իբր` առանց իմանալու, գողերին անձամբ ինքն է տեղափոխել դաչաներից Մասիվ: Ուղեւորներն էլ, չիմանալով, որ իրենց ձայնագրում են, կարծիքներ են հայտնել: Մեկն ասում է՝ տո շատ էլ լավ են արել, էն մյուսն էլ, թե՝ խեղճ Նիկոլ, տանելու բան չեն գտել, դուխիներն են տարել: Ամենացնցողը մի կին ուղեւորի կարծիքն է եղել, թե հիմնականում Աննայի դուխիներն ու ժամացույցն են տարել: Եվ այսպես ԱԱԾ-ն նստում, հաշվում է, թե հանրության որ տոկոսն է համակրում Նիկոլին եւ որը՝ հակակրում:
Եվ այսպես, շատ էլ չվստահելով ԱԱԾ աղբյուրիս փոխանցած ինֆորմացիային, սկսեցի հավելյալ տեղեկություններ հավաքել ՔՊ-ում կազմակերպված «Սանտա» խաղի եւ Ձմեռ պապին որոշելու «փրայմերիզների» մասին: Ու ինչ պարզվեց…

Դե, ես այդպես էլ մտածում էի՝ ՔՊ-ի խաղացած «Սանտան» ի՞նչ պիտի լինի: Տեսեք՝ ինչ են արել: Խաղի նախագիծը մշակել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, բայց, չգիտես ինչու, գլխադասային է ճանաչվել պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Ես այս տրյուկը չհասկացա, բայց դա այնքան էլ էական չէ: Որոշվել է, որ Արփի Դավոյանը «քվեաթերթիկներով» լի սկուտեղը պետք է պտտի ՔՊ-ի շարքերով, որ ՔՊ-շնիկները վիճակ քաշեն ու իմանան, թե ում «Սանտան» են լինելու 2025 թվականին: Սա արդեն ստույգ ինֆորմացիա է՝ այլ աղբյուրներից ճշտված: Արարողությունը սկսվել է ճիշտ այն օրը, երբ հանրապետության թիվ մեկ տոնածառի երկաթեղենը բեռնատարներով բերել են հրապարակ: Արփին այդ օրը հատուկ զգեստ է հագել, ինչից Վահագն Ալեքսանյանի կզակը (չանա) կախվել է մինչեւ կուրծքը… Դե չէ, ոչ թե Արփիի, այլ իր կուրծքը: Ասում են՝ քիչ էր մնացել՝ խեղճ տղայի թրաշը թափվեր: Ինչեւէ, Արփին անցել է շարքերի միջով, ու ՔՊ-շնիկները մի-մի հատ թուղթ են քաշել, որպեսզի «ինկոգնիտո» իմանան, թե ում համար պիտի ամանորյա նվեր առնեն: Հաջորդ օրերին Արփին իր սկուտեղով շրջել է կառավարության տարբեր մասնաշենքերով, նաեւ՝ դատախազությունով, ՄԻՊ-ով, ԲԴԽ-ով, հակակոռուպցիոնով, հարկայինով, քննչականով եւ անգամ ԲԴԽ-ով ու ԿԸՀ-ով: Բոլորը գոհ են մնացել իրենց հանած վիճակով: Եղել են նույնիսկ ուրախությունից թռվռացողներ:

Պատմում են, որ Վահագն Հովակիմյանը մի պահ այլայլվել է, բայց հետո իրեն արագ հավաքել ու զանգահարել է ԱՄՆ-ում ապրող ընկերոջը, թե այսպես ու այսպես, Սանտա ենք խաղացել, մի չտեսնված ու չլսված նվեր ուղարկիր… Պայման կար, որ ոչ մի ՔՊ-շնիկ իրավունք չունի բացահայտելու, թե ում Սանտան է դարձել եւ ում համար պետք է նվեր առնի: Միայն դեռեւս ՔՊ-շնիկ Հովիկ Աղազարյանն էր հանպատրաստից հարցազրույց տվել ինչ-որ համամիութենական թերթի ու գաղտնիքը բացահայտել՝ ես Նիկոլի անունն եմ քաշել… Հենց այս հարցազրույցից էլ ՔՊ-ում մի աննկարագրելի խառնաշփոթ է սկսվել: Ո՞նց թե՝ Նիկոլի անունն է քաշել, Նիկոլի անունը ես եմ քաշել… Ես էլ եմ Նիկոլի անունը քաշել… Վա՜յ, իմ թղթի վրա էլ է Նիկոլ գրված… Վայ, Անդո, Անդո, քո կազմակերպած խաղին ինչ ասեմ: Արփի, դու տեղյա՞կ էիր, որ քվեարկությունը կեղծված է… Չէէէէ: Կառավարության անդամներ՝ դո՞ւք… Չէ, բայց մենք էլ ենք Նիկոլի անունը քաշել: Աբազյան, ձեզ մո՞տ ոնց է… Նույնը: Դատախազությո՞ւն… Նույնը, ՄԻՊ… Նույնը: Հակակոռուպցիոն, քննչական… Նույնը: Բա ի՞նչ եք մտածում… Դժվարանում ենք մտածել:
- Պարոն Ալեն Սիմոնյան, բարեւ Ձեզ, ես եմ՝ Էդիկ Անդրեասյանը:
- Ի՞նչ կա:
- Առանձնապես ոչինչ, ուզում էի իմանալ՝ Ձեզ է՞լ է «Նիկոլ» ընկել:
- Ես «Հրապարակին» հարցազրույց չեմ տալիս…

Ստիպված զանգեցի պետաիրավական՝ Վալո՞դ, էս ի՞նչ խայտառակություն է… Դե գիտե՞ք ոնց, ժողովրդավարական հասարակություններում նման բաներ երբեմն թույլատրվում են՝ կախված ժողովրդավարության մակարդակից: Այ քեզ բա՜ա՜ա՜ա՜ն…

Իմ ուժերով չկարողացա ճշտել, բայց ԱԱԾ աղբյուրիս ասելով, Նիկոլը սարսափելի զայրացել է՝ իմանալով խաղի արդյունքների մասին: Նա պատրաստվում է նվերներն ստանալուց հետո ԱԺ-ում ձեւավորել «Սանտա» խաղի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, եւ հարցաքննել բոլորին, ովքեր դույզն-ինչ առնչություն են ունեցել «Սանտա» գործողության հետ: Անդո, քեզ էլ կհարցաքննես, Վալոդին էլ, Կոնջորյանին էլ, տո էն Արփիին էլ՝ ասել է Նիկոլը եւ շրխկացրել հեռախոսը:

Իսկ առջեւում ՔՊ-ի «փրայմերիզն» է, որի արդյունքներով կորոշվեն Ձյունանուշի եւ Ձմեռ պապի թեկնածուները: Հենց նրանց էլ Նիկոլը կնշանակի ՔՊ-ի Ձմեռ պապ եւ Ձյունանուշ: Այդ նպատակով ՔՊ-շնիկները բաժանվել են երկու խմբի՝ իգական եւ արական: Իգականից կընտրվի Ձյունանուշի, իսկ արականից՝ Ձմեռ պապի թեկնածուն: Աղբյուրիս ասելով, սակայն, չի բացառվում, որ ՔՊ-ն առավել կրեատիվ գտնվի եւ հակառակն անի, այսինքն՝ Ձյունանուշին ընտրի արական, իսկ Ձմեռ պապին՝ իգական կազմից: Նա նաեւ մանրամասնում է՝ Ամանորի հերոսներին որոշելու «փրայմերիզն» այնքան է ոգեւորել ՔՊ-շնիկներին, որ հայտարարության մեջ կոպիտ տառասխալներ են թույլ տվել, թե բա՝ «ՁյունԱննուշ» եւ «Սանտա կլյաուզ»: Սպասենք արդյունքներին: