Մի երկու «փոքր դրվագ» մոռացավ շեշտել

Մի երկու «փոքր դրվագ» մոռացավ շեշտել

Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում ներկայացնում էր 2022 թվականի բյուջեի նախագիծը, որով եկող տարի 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում տնտեսության համար։ «2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական եւ անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից՝ կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,- հուսադրեց Փաշինյանը։

Հետո սկսեց խոսել գնաճի ու դրա ֆոնին ինչ-որ տոկոսային աճի մասին։ Օրինակ, 6.4 տոկոս գնաճի ֆոնին նա կարեւոր համարեց ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով: Սեփական մաշկի վրա գնաճը զգացող քաղաքացուն այս թվերը ոչինչ չեն ասում, բայց Փաշինյանի համար կարեւոր է «դրական ցուցանիշներ» մատնանշելը։

Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ այս տարի արեւը նախորդ տարվա համեմատ 12.8 տոկոսով ավելի պայծառ է շողացել։ Պակաս դրական ցուցանիշ չէ նաեւ այն, որ այս տարվա առաջին 6 ամիսների, այսինքն՝ մինչեւ հունիսյան ընտրություններն ընկած ժամանակահատվածի համեմատ հաջորդ վեց ամիսներին կառավարությանն ու վարչապետին, ասենք, 30 տոկոսով ավելի քիչ են սկսել հայհոյել, որովհետեւ հայհոյանքն իրենք քրեականացրել են։ Սա եւս դրական ցուցանիշ է, հատկապես՝ իր համար։ Օրինակներ կարելի է անվերջ թվարկել։

Բայց ամենակարեւոր թեզը Հայաստանի անվտանգությանն ու տարածքային «նկրտումներին» էր վերաբերում, որը երեկ դարձավ քննարկման թեմա։

Նա նախ նշեց, որ խնդիր են դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը: Այսինքն՝ մեր սահմանային անվտանգությունը, ըստ էության, կամաց-կամաց հանձնելու են ռուսական սահմանապահ զորքերին, այլ ոչ թե ՀՀ զինված ուժերին։

Ամենակարեւոր միտքը, սակայն, սա էր․ «Ինչ վերաբերում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը, կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»։

Այս միտքը, սակայն, կարծում ենք, մի փոքր թերի է։ Բացի այն, որ Փաշինյանը նշում է, թե Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի, ինչը մեզ համար այլեւս զարմանալի չէ, պետք է եւս մեկ միտք ավելացներ՝ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ հանձնելու մտադրություն ունի։ Ավելի ճիշտ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության անունից։
Ու հատուկ նրա «անվտանգության» համար այս դահլիճում եւս ջրով շշերը հավաքել էին սեղաններից կամ պարզապես ջուր չէին դրել: Երեւի վախենում են, որ ինչ-որ մեկը շշով կհարվածի նրան: Խորհրդարանում ջրի շշերն այլեւս որպես սառը զենք են ընկալվում: Նրա հեռանալուց հետո անգամ ջուր չբերեցին քննարկման մասնակիցների եւ կառավարության անդամների համար: Ընդդիմադիր պատգամավորներից մեկը ցանկանում էր ջուր խմել ու զարմացավ` Փաշինյանը գնացել է, ինչո՞ւ ջուր չեն բերում: Ավելին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ, որոնց մի մասը միջանցքում էր հսկում, մյուս մասը՝ դահլիճում, երրորդներն էլ՝ շենքի այլ հատվածներում, իսկ ԱԺ շենքի շրջակայքում էլ ոստիկանության զորք էր կուտակված։ Նրա վախերը, փաստորեն, դեռ չեն անցել։

Ի դեպ, Փաշինյանի ելույթի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր` ՔՊ գրեթե ամբողջ խմբակցությունն այս փոքր դահլիճում էր` խմբակցության ղեկավարից սկսած: Վստահաբար, նրանցից շատերը գաղափար չունեին, թե ինչ է քննարկվում, ինչ բան է պետական բյուջեն, ոչինչ չեն հասկանում ու երբեւէ չեն կարդում այդ փաստաթուղթը, բայց քանի որ իրենց ղեկավարն է եկել, բոլորը պարտաճանաչ եկել նստել էին, որ շեֆի մոտ ներկա ստանան: Փաշինյանի հեռանալուց վայրկյաններ անց դահլիճը դատարկվեց: Զուտ ներկա ստանալու համար եկած ՔՊ-ականները շարքով դուրս եկան դահլիճից, քանզի նրանց բուն բյուջեի քննարկումը չէր հետաքրքրում: