Ինչ է արվել, ինչ՝ ոչ, և ինչ պետք է արվի 

Ինչ է արվել, ինչ՝ ոչ, և ինչ պետք է արվի 

Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն Արսեն Թորոսյանի մոտ համաճարակաբանների ու վիրուսոլոգների խորհրդակցությանը մասնակցած  համաճարակաբաններից է։  «Հրապարակի»  հետ զրույցում  նա մանրամասնեց, որ հնչած առաջարկների թվում եղել է նաեւ այն, որ արդեն բոլոր մարզային ու քաղաքային հիվանդանոցներում կահավորվեն այդ հիվանդներին սպասարկող կաբինետներ, կարանտին-ընդունարաններ։ Եվ ամենակարեւորը՝ ավելացնեն թեստավորման քանակը։ Այսինքն՝ հիմնական ծանրաբեռնվածությունը չընկնի միայն մայրաքաղաքի խոշոր հիվանդանոցների վրա։ «Այս սցենարով, Ձեր ասած՝ կոլապսը պոտենցիալ կհետաձգվի։ Հուսանք, որ չենք հասնի դրան,- ասաց բժիշկ Բադալյանը եւ ավելացրեց։- Եվ ամենակարեւորը, որ չնպաստենք վարակի ներհիվանդանոցային տարածմանը»։  

Իսկ կորոնավիրուսային իրավիճակի, ռազմավարության, քայլերի ու, մասնավորապես, «կառավարությունը որտե՞ղ սխալվեց» հարցի հետ կապված՝ համաճարակաբանն ասում է․ «Երբ հետադարձ հայացք ես գցում նույն՝ ինքնաթիռի հետ կապված, էլի, միշտ էլ սխալներ կարող ես գտնել։ Բայց նմանատիպ սխալներ աշխարհում շատ ու շատ երկրներում էլ կարող ես հայտնաբերել, չգնահատելու (վտանգը) տեսանկյունից։ Եվ, այո, կային հարցեր, որոնց լրջությունը չէին գնահատում։ Բայց նորից եմ ասում՝ միայն Հայաստանում չէ»։

Հիմնական սխալը համաճարակաբանը համարում է կարանտինի որակը, եւ սրանով, թերեւս, շատ բան է ասված։ Հիմա, երբ ախտորոշումից հետո հիվանդության վերահսկումը դրված է պոլիկլինիկաների վրա, կան բազմաթիվ դժգոհություններ, եւ պարզվում է, որ համակարգը չի ձգում, մարդիկ չունեն նորմալ արտահագուստ, վարակվում են, պարզ չէ՞, որ այս ընթացքում պետք է պատրաստեին պոլիկլինիկական ամբուլատոր համակարգը։ Այս հարցադրման հետ կապված՝ համաճարակաբանն ասում է․ «Այդ «հանկարծ»-ը չեմ կարծում, որ շատ հանկարծ է եղել, երեւի թե ինչ-որ քննարկումներ են եղել, բայց, այո, պոլիկլինիկական ծառայությունն էլ  այդքան պատրաստ չէր, ու դժվար է առանց այդ ամենի մեջը լինելու շատ լավ հասկանալ։ Նյուանսներ կան, որոնք միայն կարող ենք ենթադրել»։

Համաճարակաբանն այն կարծիքին է, որ ամենաէֆեկտիվ միջոցն այն է, որ  համակարգը լինի ճկուն ու ժամառժամ ճկուն։ Եվ, իհարկե, ավելացնել թեստավորման քանակը։ «Բերել ինչ-որ մի մակարդակի, որ հետո հասկանաս՝ դու միջոցառումն արեցիր, ի՞նչը դա փոխեց, հետո հանեցիր, ի՞նչը փոխվեց»։

Հարցազրույցն արվել էր այն օրը, երբ հիվանդությունն ախտորոշվել էր 517 պացիենտի մոտ, եւ համաճարակաբանը հայտնել էր․ «Նախարարն էլ երեկ ասաց, որ նախօրեին քիչ են արել թեստավորում, քանի որ մաքրման ինչ-որ աշխատանքներ են արվում, եւ պետք էր սպասել, որ այսօր շատ է լինելու, որովհետեւ թեստավորման քանակն էր քիչ եղել։ Մի քանի անգամ եղել էր ու այդպես  կարող է լինել։ Բայց, նորից եմ ասում՝ մենք միայն ենթադրում ենք այս կամ այն մարդու ասածի կամ մոտավոր ինչ-որ բանի հիման վրա»։

Փաստորեն, այդպես էլ եղավ, եւ համաճարակաբանի այդ բացատրությունը ճիշտ չէր, քանի որ դրա հաջորդ օրն արդեն արձանագրվեց 515 ախտորոշված դեպք։ 
Ամեն դեպքում, համաճարակաբանը զրույցի ժամանակ պարբերաբար նշում էր, որ հրապարակված թվերն իրեն՝ որպես մասնագետի, շատ բանի մասին չեն ասում, քանի դեռ ինքը բոլոր տվյալներին ամենայն մանրակրկիտությամբ չի տիրապետում։