Հյուրանոցը, որում ինքնամեկուսացվում են «Նորքի» բուժաշխատողները, տիրուհին տրամադրել է անվճար

Հյուրանոցը, որում ինքնամեկուսացվում են «Նորքի» բուժաշխատողները, տիրուհին տրամադրել է անվճար

«Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը տեղեկացրել էր, որ իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար՝ դրա համար տրամադրելով 100 սենյակ։ «Հրապարակը» հարցազրույց է արել հյուրանոցի տնօրեն՝ 24-ամյա Մերի Գրիգորյանի հետ։ Վերջինս ասաց, որ հինգերորդ օրն է, ինչ ամբողջովին անվճար իրենց 100 սենյակները տրամադրել են առողջապահության նախարարությանը։

«Եվ այսօր, այս պահին արդեն 40 սենյակի զբաղվածություն կա, այստեղ են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից բժիշկներ, բուժքույրեր։ Մենք սա արել ենք կամավոր, ցանկություն ենք հայտնել օգնելու պետությանը և լիովին անվճար տրամադրում ենք մեր հյուրանոցի համարները։ Մենք անգամ անվճար սնունդ ենք տրամադրում՝ նախաճաշ, և եթե կարիք է լինում՝ ընթրիք, լանչ»։

Մերի Գրիգորյանին հարցրեցինք, թե ով է ընկերության սեփականատերը։ Նա ասաց, որ ինքն է, թեև նշեց, որ հայրն էլ գործարար է, զբաղված է շինարարության ոլորտում։ «Բայց հյուրանոցի կառավարմամբ ես եմ զբաղված և որոշումները ես եմ կայացնում»,-ասաց Մերի Գրիգորյանը։

Նշենք, որ այս հյուրանոցը ներառված է booking.com-ում`որպես 4 աստղանի հյուրանոց, որը գտնվում է Հանրապետության հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա և հյուրերի բազմաթիվ աստղանիշներին է արժանացել։
 
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն ունի մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր․ այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, թեթև դեպքեր են, ախտորոշված է դրական, բայց բուժում չեն ստանում, այսինքն՝ զուտ գործառնական իմաստով նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ։ Նա պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ցուցում տվեց բանակցություններ վարել հյուրանոցների հետ, որոնք երևի թե բարդույթներ կունենան՝  կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված։ Այս մտավախությունը ցրվեց, հյուրանոցները կախտահանեն, և «կորոնավիրուսից հետո ոչ մի վատ բան չի կատարվի էդ սենյակների հետ»։

Ապա Փաշինյանն ասաց, որ հյուրանոցների ներկայացրած գինը չի կարող շուկայականից բարձր լինել։ Առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, հիմա, այս պայմաններում, չի կարող լինել շուկայական գին, ցանկացած գին, որ կառաջարկվի, շուկայական է։

«Եվ գնային առաջարկներն էլ պետք է ֆիքսենք մենք, թե ով ավելի լավ գնային պայմաններ կառաջարկի»,-հավելեց Փաշինյանը։

Կհասկանա՞ գործընկերներին, որոնք մերժեն, չցանկանան տրամադրել իրենց համարները։ Մերի Գրիգորյանն ասում է․ «Ամենաշատը երկրում տուժել է տուրիզմի ասպարեզը, այսինքն՝ այն ամբողջովին պարալիզացված վիճակում է, մենք բոլորս այդ վիճակում ենք, բայց կոնկրետ մեր ընկերությունը, մեր հյուրանոցն ինչպես կար, այնպես էլ մնալու է։ Ոչ կրճատում, ոչ մի աշխատանքից հեռացում մեզ մոտ չի լինելու, ու շարունակելու ենք բնականոն աշխատանքը»։