Հասարակական տրանսպորտը եւ Սահմանադրությունը

Հասարակական տրանսպորտը եւ Սահմանադրությունը

Ասա՝ էս ընդդիմադիրները թողնո՞ւմ են, որ մարդու ձայն տեղ հասնի: Էս ի՜նչ աղմուկ-աղաղակ է, այ մարդ: Մի տրանսպորտ է՝ չգիտեն ինչպես աշխատացնեն, որ հա՛մ Երեւանը շահի, հա՛մ երեւանցին, հա՛մ իշխանությունը, հա՛մ ընդդիմությունը: Մի րոպե հանգստացեք, էլի, վա՜յ: Ի՞նչ է նշանակում՝ անվճար երթեւեկենք, 100 դրամ տանք, 150 տանք, փաթեթ-մաթեթ: Սպասեք, բան եմ ասում: Ավինյան, դու էլ լսիր, խելքդ տվել ես փող աշխատելուն, բայց չգիտես ինչպես է դա արվում: Վստահիր ինձ՝ սովետական ժամանակների մարդուս, եւ ամեն ինչ կընթանա սահուն:

Որպես առաջին քայլ՝ հայտարարում ենք, որ ուղեւորը բարձրագույն արժեք է: Դա սահմանադրության պահանջ է: Հետեւաբար, ամեն ինչ անում ենք, որ ուղեւորի համար ավտոբուսով երթեւեկելը դառնա տոն:

Երկրորդ՝ 1 ուղեւորության արժեքը թողնում ենք 100 դրամ: Չենք խոսում, պարոն Ավինյան… Դուք խանգարում եք: Ոստիկանությո՞ւն կանչեմ… Եվ, ուրեմն, մեկ ուղեւորության արժեքը թողնում ենք 100 դրամ: Երեւանի քաղաքապետարանը կարող է թողարկել «մշտական տոմսեր»՝ մեկամսյա պիտանելիությամբ, որոնց արժեքը չի կարող գերազանցել օրական 4 երթեւեկության գումարը՝ 4x100x30=12000 դրամ: Առավել ակտիվ քաղաքացիները, բնականաբար, կօգտվեն այդ «մշտականից»՝ երթեւեկելով ոչ թե օրական 4, այլ՝ 6, 7, նույնիսկ՝ 8 անգամ: Կարելի է ունենալ զեղչով «մշտականներ»` հասարակության տարբեր խմբերի համար. ուսանողներ, թոշակառուներ, հաշմանդամներ, զինծառայողներ, դարձյալ օրական 4 երթեւեկության հաշվարկով:

Հիմա անցնենք ավտոբուսի կամ տրոլեյբուսի սրահ: Ինչքան ճտիկ-մտիկ կա, հանում, ռադ ենք անում: Դե չեղավ էլի, Ավինյան, խանգարում ես: Ես հասկանում եմ, այդ սարքերն ինչ-որ տեղից «ինչ-որ» մոտիկ մարդիկ են ներկրել, փող եք դուրս գրել, ծախս եք արել: Այդ բոլորը պետք է հանել ու ռադ անել ավտոբուսներից: Դրանից հետո գնում եք մեր հարեւան փականագործ Շմավոնի մոտ (հասցեն Ձեզ առանձին կգրեմ, պարոն Ավինյան), պատվիրում եք սովետական ժամանակների տոմսարկղեր՝ 2-ական Ժոնգտոնգ եւ Յութոնգ ավտոբուսների, 3-ական` ՄԱՆ ավտոբուսների ու տրոլեյբուսների համար: Մատերիալը ձեզնից, աշխատանքը՝ Շմավոնից. լա՞վ է: Արկղերը տեղադրում ենք տրանսպորտում, վարորդից հնարավորինս հեռու, որպեսզի նրա ուշադրությունը չշեղվի: Քաղաքացին բարձրանում է ավտոբուս, 100 դրամը գցում տոմսարկղ, պտտում բռնակը եւ կտրում դուրս եկած տոմսը: Իսկ եթե ունի տվյալ ամսվա «մշտական», այն ցույց է տալիս մյուս ուղեւորներին եւ երթեւեկում: Հնարավոր է՝ ուղեւորներից մեկը, որ չի կարողանում հասնել արկղին, դիմի մեկ այլ ուղեւորի՝ կներեք, եթե կարելի է, վերցրեք այս 100 դրամը եւ մի տոմս էլ ինձ համար կտրեք: Կհարցնեք՝ իսկ ի՞նչ անել, եթե մեզ մոտ 200-անոց է, բայց պետք է 1 տոմս: Դարձյալ ոչ մի խնդիր: Ձեր կողքի ուղեւորից վերցնում եք նրա 100 դրամանոցը` ձեր 200-ը գցում արկղի մեջ՝ կտրելով ոչ թե 1, այլ 2 տոմս: Սա նույնիսկ այսօրվա առաջին դասարանցիներն են անում, երբ դպրոցի բուֆետում մանր չի լինում: Նկատենք, որ տոմսերը համարակալված են, եւ մի տրանսպորտային միջոցի արկղից հանված տոմսը հնարավոր չէ «անցկացնել» մեկ այլ միջոցից օգտվելիս: Նախ՝ ուղեւորները դա թույլ չեն տա (նրանց հայացքից ոչինչ չի վրիպում) եւ ապա՝ արժե՞ 100 դրամի համար խայտառակվել:

Իսկ հիմա՝ մի փոքր ավելի ուշադիր, պարոն Ավինյան: Ես վստահ եմ, որ եթե քաղաքացիներին հանգիստ թողնեք եւ մոռանաք 150 դրամի մասին, անպատճառ կգտնվեն մարդիկ, որոնք, գնահատելով ձեր աշխատանքը, կամավոր սկզբունքով կվճարեն ոչ թե 100, այլ 150, 200, նույնիսկ՝ 500 եւ 1000 դրամ: Անձամբ ես ամիսը 1-2 անգամ ավտոբուս նստեմ, թե չնստեմ: Սիրով 500 էլ կտամ, որ Երեւանը լինի ավելի լավը, որ տրանսպորտը լինի հանուն քաղաքացու եւ ոչ թե հակառակը:

Ի՞նչ անել մետրոյի հետ, ինչպե՞ս այն մտցնել միասնական վճարման համակարգ՝ բացառելով մարդկային ֆակտորը: «Մշտականները», որոնց մասին խոսեցինք վերեւում, կգործեն նաեւ մետրոյում: Այդ ուղեւորների համար կլինի «կանաչ» գոտի՝ հսկիչի խցի կողքով, իսկ մյուս տուռնիկետներից առաջ տեղադրեք Շմավոնի արկղերը, որոնցից դուրս եկած տոմսակը տուռնիկետը կճանաչի եւ ներս կթողնի ուղեւորին: Հիմա կասեք՝ բա համաշխարհային փորձը, բա մետրոյում գտնվելու ժամավարձը… Խնդրում եմ, թողեք դա: Երեւանի մետրոն դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ հասնի համաշխարհային մետրոյի մակարդակին: Մի ծայրից մյուսը կարելի հասնել մի քանի րոպեում, իսկ դուք՝ ժամավարձ, ֆլան-ֆստան:

Եվ վերջում՝ մի խնդրանք, պարոն Ավինյան: Էդ ձեր փաթեթ կոչվածները, որոնցով իբր էժան ու անսահմանափակ կարելի է երթեւեկել, նորմալ մարդկանց համար չեն: Դուք քանի՞ նորմալ մարդու եք ճանաչում, որոնք հանուն այդ փաթեթի անսահմանափակ թրեւ կգան ավտոբուսներում: Եթե այդպիսիք կան էլ, ապա նրանց տեղը հաստատ նորմալ քաղաքացիների կողքին չէ, այլ համապատասխան հաստատությունում: Դուք երեւանցիներին այդ ո՞ւմ տեղն եք դրել, որ առաջարկում եք 8 հազար դրամ վճարել եւ իրենց աշխատանքային օրն անցկացնել տրանսպորտում: