Գուցե մինչև 2050-ը սպասե՞նք

Գուցե մինչև 2050-ը սպասե՞նք

Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը օրերս իր հերթական հանդիպումներն անցկացրեց։ Արտագնա երկու խաղերից առաջինում Հայաստանի ընտրանին նախ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Իսլանդիայի հետ, ապա Բուխարեստում 1-0 հաշվով պարտվեց Ռումինիայի հավաքականին։ Հայաստանի ազգային հավաքականի անհաջողությունները շարունակվում են, թեպետ մեր ընտրանին հիանալի էր մեկնարկել ընտրական փուլը՝ երեք խաղ, երեք հաղթանակ, վաստակած 9 միավոր։ Անհաջողությունների շարքը սկսեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպումից՝ 0-0, հետո մենք ջախջախիչ 6-0 հաշվով պարտություն կրեցինք Գերմանիայից, սեփական հարկի տակ չկարողացանք հաղթել Լիխտենշտայնին, իսկ 7-րդ ու 8-րդ տուրերի մասին արդեն խոսել ենք։ Ստացվում է՝ անցկացրած 8 հանդիպումներից միայն երեքում է հաղթել մեր ընտրանին, 3 ոչ-ոքի խաղացել ու 2 պարտություն կրել։ 

Այսպիսով՝ 8-րդ տուրից հետո Գերմանիայի հավաքականը 21 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը, Ռումինիան 13 միավորով երկրորդն է, Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով երրորդը, իսկ Հայաստանի հավաքականը նահանջել է 4-րդ հորիզոնական ու Հյուսիսային Մակեդոնիայի պես ունի վաստակած 12 միավոր, բայց խփած ու բաց թողած գնդակների հաշվարկով զիջում է Հս․ Մակեդոնիային։ Պարզ բան է, որ ռումինացիներից 0-1 հաշվով կրած պարտությամբ մեր հավաքականը գործնականում նվազագույնի հասցրեց 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբում 2-րդ տեղը գրավելու իր հնարավորությունը, բայց,ամեն դեպքում, տեսական շանսեր դեռ պահպանվում են։ Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերը տնային են, նախ ընդունելու ենք Հս․ Մակեդոնիայի հավաքականին, ապա Գերմանիայի ընտրանուն։ Եթե Կապառոսի տղաները կարողանան ցանկալի արդյունք գրանցել, այնուամենայնիվ, կկարողանան պայքարել երկրորդ տեղի համար։

Նշենք, որ բոլոր խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականները  ստանում են ԱԱ-2022 եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը խաղարկում են ևս 5 ուղեգիր արդեն փլեյ-օֆֆ փուլում։ Տեսական շանսեր, այո, կան, բայց նման խաղով դժվար է պատկերացնել՝ ինչպես ենք պատրաստվում հաջողության հասնել Հս․ Մակեդոնիայի նկատմամբ, էլ չենք խոսում Գերմանիայի հետ խաղի մասին։ Երբ անհաջողությունների շարքը սկսեց, մենք լռում էինք, փորձում էինք քննադատաբար չվերաբերվել դրանց՝ աչքի տակ ունենալով առաջիկա կարևորագույն հանդիպումները, չխոսեցինք նույնիսկ Լիխտենշտայնի հետ խայտառակ ոչ-ոքիից հետո, բայց հիմա կարծես ժամանակն է ու նորից ստիպված պիտի փաստենք, որ չափազանց թույլ ենք ֆուտբոլի համար։ Մենք գնդակի հասարակ կասեցման խնդիր ունենք, խաղի մեկնարկից րոպեներ անց ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը չի բավականեցնում, չկան գրոհներ, չկան հարվածներ ու վտանգավոր պահեր։ Մենք վերջին հինգ խաղում ընդամենը երկու գնդակ ենք խփել, ինչն ամեն ինչի մասին խոսում է, իսկ Կապառոսն իր հերթին է աչքի ընկնում անտրամաբանական քայլերով։ Անընդհատ հնարավորություն է տալիս ֆուտբոլիստների, որոնք ընդհանրապես անհասկանալի է ինչով են զբաղվում դաշտում, օրինակ Սարգիս Ադամյանը, որը վստահաբար Մխիթարյանից հետո այս պահին ամենահայտնի հայ ֆուտբոլիստն է աշխարհում, հանդես է գալիս եվրոպական թոփ առաջնություններից մեկում՝ «Բունդեսլիգայում»։ 

«Լրիվ անհասկանալի ա էս տղեն ո՞նց ա հայտնվել Գերմանիայի առաջնությունում։ Եթե ուզում եք չկրվենք, Ադամյանին դաշտ մի մտցրեք»,- համացանցում գրում են հայ ֆուտբոլասերները՝ մեղադրելով Կապառոսին՝ Ադամյանին ու էլի մի քանիսին անչափ շատ վստահելու համար։ Ֆուտբոլասերները դժգոհ են նաև Տիգրան Բարսեղյանի ու առհասարակ հարձակման գծի գրեթե բոլոր խաղացողներից։

Հատկանշական է, որ Կապառոսին մեղադրում են ոչ միայն կազմի ընտրության, այլ նաև մարտավարության ընտրության հարցում, ինչը , մեր կարծիքով, նույնպես արդարացված է։

Լիխտենշտայնի հետ խաղում, օրինակ, հստակ զգացվում էր, որ իսպանացի մասնագետը հրահանգել է իր ֆուտբոլիստներին ողջ խաղի ընթացքում գրոհել աջ կամ ձախ եզրերից, ապա բարձրից փոխանցում կատարել տուգանային հրապարակ՝ հույս ունենալով, որ այնտեղ ինչ-որ մեկը գլխի հարվածով հաջողության կհասնի, ենթադրենք Սարգիս Ադամյանը։ Մի ամբողջ 80 րոպե մենք այդպես խաղացինք, այդ մարտավարությամբ հաջողության չհասանք, փոխարենը վերջում ձեռքներիցս բաց թողեցինք հաղթանակը, իսկ պարզ է չէ՞ ինչ էր տալու մեզ այդ հաղթանակը, դրա շնորհիվ մենք իրոք ռեալ կպայքարեինք երկրորդ տեղի համար, բայց չէ, Կապառոսը մարտավարություն էր ընտրել ու կարծես Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում պատմության մեջ առաջին անգամ հանդես գալու համար դեռ երկար պիտի սպասենք, գուցե մինչև 2050 թվական։