ՀԽ-ում հասարակական ակտիվության ձգտող, այլ ոչ շոուների մեջ լինել ցանկացող մարդիկ են

ՀԽ-ում հասարակական ակտիվության ձգտող, այլ ոչ շոուների մեջ լինել ցանկացող մարդիկ են

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի 2 նոր անդամ է նշանակել՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանին և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանին։ Այս նշանակումների շնորհիվ Հանրային խորհրդի նախագահի նշանակման խոչընդոտները նվազեցին, այժմ ընդամենը մի բան է խանգարում, որ վարչապետը, ի վերջո, կարողանա ՀԽ նախագահ նշանակել։ Խոսքը ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության մասին է, որը Ռուբիկոնն անցնելու նման մի բան է դարձել ՀԽ անդամների համար։ Մենք արդեն գրել էինք, որ հանձնաժողովի նախագահի ընտրության օրակարգով արդեն 2 նիստ է հրավիրվել, սակայն դրանք չեն կայացել՝ քվորում չլինելու պատճառով․ հանձնաժողովի 65 անդամներից ընդամենը 9-ն էին ներկայացել ժողովին։ Դեկտեմբերի 9-ին ՀԽ-ն այս խնդիրը լուծելու համար նիստ է գումարել և այս հարցը լուծելու ու հանձնաժողովի նիստը կազմակերպելու պարտականությունը դրել ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի ուսերին։

«Մենք մեխանիզմ չենք մշակում, հանձնաժողովի նախագահի ընտրության վերաբերյալ  կանոնադրությամբ կա սահմանված կարգ։ Մենք պետք է հրավիրենք հանձնաժողովի նիստ, անդամները հավաքվեն, ընտրեն նոր նախագահ։ 2 անգամ քվորում չէր ապահովվել, նիստերն աշխատանքային օր էին նշանակել, և քանի որ ՀԽ-ն չի ֆինանսավորվում, և դա աշխատանքային գործունեություն չի համարվում, այլ հասարակական գործունեություն է, այդ մարդկանց մեծ մասն աշխատանքով զբաղված լինելու պատճառով չէր եկել։ Այս անգամ որոշել ենք ոչ աշխատանքային օր նշանակել, հույս ունենք, որ կգան, կհավաքվեն։ Այո, ճիշտ եք հասկացել, ըստ օրենքի՝ մնացել է ընդամենը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունը, որպեսզի վարչապետը կարողանա Հանրային խորհրդի նախագահ նշանակել։ Եթե ՀԽ անդամների քանակը լրանում է, այսինքն՝ 45-ն արդեն հայտնի են դառնում, վարչապետը կարող է նշանակել այդ 45-ից մեկին»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։ 

Իսկ եթե այս անգամ էլ պետաիրավական հարցերի հանձնաժողովը չկարողանա քվորում ապահովել, ի՞նչ պետք է լինի, ինչքա՞ն կարող է ձգձգվել այդ ընտրությունը՝ հարցրինք Հովհաննիսյանին։

«Հանձնաժողովի կեսը պետք է հավաքվի քվորման համար, սակայն այնտեղ մեկ այլ մեխանիզմ կա նման դեպքերի համար․ եթե հանձնաժողովի անդամները 2 անգամ բացակայում են անընդմեջ, չեն զրկվում հանձնաժողովի անդամի կարգավիճակից, բայց իրենց ձայնը քվորման մեջ չի հաշվվում, դա նախորդ ՀԽ-ից եկած ավանդույթ է, այսինքն՝ ավելի փոքր թվով կարող են այս անգամ ընտրել։ Դա կանոնադրությամբ հաստատված է, օրենքում չկա, բայց կանոնակարգում հաստատված է»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Հովհաննես Հովհաննիսյանին նաև խնդրեցինք կարծիք հայտնել Իոաննիսյանի և Ալբերտ Ստեփանյանի նշանակման վերաբերյալ՝ մասնավորապես հարցնելով, թե ովքեր են ընդհանրապես նշանակվում ՀԽ անդամ, ինչ չափանիշներ են հաշվի առնվում։

«Կարծում եմ՝ լավ նշանակում է։ ՀԽ անդամ նշանակվելու համար մի քանի որակներ են պետք՝ որոշակի ոլորտում որոշակի մասնագիտական հմտություններ ունենալը, փորձառությունը, հանրային ճանաչում ունենալը և, կարծում եմ, ապաքաղաքականացված լինելու հանգամանքը։ Թերևս դա առաջինը չէի համարի, բայց, այնուամենայնիվ․․․։ Հանրային խորհրդում մարդիկ են, որոնք ավելի շատ հասարակական ակտիվության են ձգտում և իրենց մասնագիտական գործունեությունից բացի նաև երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը նպաստ բերելու պատրաստակամություն ունեն, քան թե ինչ-որ շոուների կամ տարատեսակ աչք ծակող իրավիճակների մեջ հայտնվելու ձգտում»։