Կարինե Մանասյան․ Կետադրական անկանոն

Կարինե Մանասյան․ Կետադրական անկանոն

***
Քո գնալուց հետո
փողոցները որբացել են,
մոռացել են իրենց անուններն
ու դարձել իմը կամ քոնը։
Ու մարդիկ ձուլվել են լռությանը,
չեն երեւում,
միայն օդ են շնչում։
Իսկ մենք շնչահեղձ ենք լինում,
որովհետեւ խանութներում արդեն
ոչ ոք երազ չի բաժանում,
ոչ ոք սերը չի զեղչում
ու կրպակներում վաճառվող թերթերում
լռությունը մենախոսում է
իմ ու քո աղմուկի մասին։
Ես ենթադրում եմ` որտեղ ես,
կոորդինատային առանցքում
ինձանից աջ,
փողոցի խաչմերուկից`
ձախ`
սրտիս ուղղությամբ։
Ու այդ պայթյունավտանգ խաչմերուկներում
քամին կմոլորվի ու խանութ կմտնի։
Նա մի շիշ սեր կուզի,
իսկ նրան կասեն,
որ մեր սերը նարնջի համ ունի
ու վարդի հոտ։
Նրանից չեն արբում,
այն ուղղակի ստիպում է
բանաստեղծություններ գրել
պահի տակ,
պահի համար,
մի պահ կտրվելով իրականությունից`
պահին կարեւորություն տալ
ու բանաստեղծությունից նոր արբել։
Ու արթնանալ այդ պայթյունավտանգ խաչմերուկում,
«պահի տակ» բանաստեղծությունը
վաճառել կրպակներին։
Քամին լռությանը կհամոզի,
որ նա օրենքով գրող է
(քամին մարդկանց մեզնից լավ է ճանաչում)
ու իր բանաստեղծությունները հետաքրքիր կլինեն
անձրեւին,
(ով իր ձայնով փողոցի համար կասմունքի)
արեւին
(ով վերջում կծափահարի)
ու փողոցն էլ բեմահարթակը կդառնա։
Քամին էլ լուռ կհասկանա,
որ այդ բանաստեղծությունը էլ իրենը չէ,
պահինն է,
ու այն վայելում են հիմա արեւն ու անձրեւը։
Փողոցների խաչմերուկներում
ցուցանակներին կկարդանք,
որ այդ բանաստեղծության մուսան մենք ենք եղել։
Այդ բեմադրությունը կվերջանա
երեկոյանալով,
ու փողոցները լուռ կշշնջան
իմ ու քո անունները։
Քամին կսպասի խաչմերուկների մեջտեղում`
հույս ունենալով,
որ մի օր մեզանից մեկը կմոտենա
ու կհարցնի
- Որտե՞ղ է դեպի «նա» տանող ճանապարհը...

Մեղադրյալի աթոռին ես եմ

Բառերը ինձ դատի տվեցին.
նախադասությունները փաստեր էին ներկայացնում,
իսկ տառերը պատրաստվում էին ձեռնաշղթաները ձեռքերիս անց կացնել։
Ես լռության մասին բարձր էի խոսում,
աղմուկի ձայնն էի իջեցնում
ու վերջում էլ էնպես արեցի,
որ լռությունը բարձր կարդա բանաստեղծություններս,
իսկ աղմուկը մտքերում երգեր երգի։
Ես վիրավորել եմ դատավորին
ու ասել,
որ բառերը քիչ են գեղեցկությունդ նկարագրելու համար։
Դրա համար
նրանք որոշեցին ինձ աքսորել մի մահացած բնակարան,
որտեղ կան շատ գրապահարաններ,
որոնք լիքն են դատարկությամբ։
Հանկարծ մեջ բերեցին նաեւ,
որ այդ ամենը ես գրՔել եմ
գրԿումս չտեղավորելով։
Ու այս տառաշփոթի համար
դիմացիցս կվերցնեն տառերով շիլան
ու սոված կթողնեն։
Սպառնացին,
որ փողոցում բանաստեղծություններս
ոչ ոք չի ճանաչի,
ինչպես ես չեմ ճանաչել օրենքները
այս ամենը գրելիս։
Որպես վկա
ներկայացան այն ճմռթած թղթերից 6-ը,
որոնց վրա գրիչս ժամանակին բանաստեղծություն էր կառուցում,
բայց, բառերի անբավարարության պատճառով,
շինությունը կիսատ մնաց,
չդարձավ այն բանաստեղծությունը,
որտեղով պիտի անցնեին անծանոթ ձայները,
ու մի քանի տարի հետո
քանդեին փոշին ու գոյությունս։
Որպես վերջին խոսք
ես իմ վերջին բանաստեղծությունը կարդացի
ու բառերի մոտ սրտխառնոց սկսվեց,
որից հետո ձեռնաշղթաները գրՔեցին
լռությանս իրավունքը...

Կետադրական անկանոն

Քեզ տեղավորել եմ փակագծերի մեջ,
թողել վերջակետից հետո ու
ստորակետից հետո չեմ շարունակել։
Քեզ շեշտել եմ,
բացականչել,
կախել եմ ապաթարցից,
գծիկով ինձ եմ միացրել,
բութով անջատել եմ։
Քեզ հարցրել եմ,    
բազմակետով պատասխանել,
թողել եմ կախման կետերին։
Քեզ չակերտների մեջ
մեծատառով եմ սկսել։
Սխալ կետադրածդ երբեք ճիշտ չեն կարդացել,
ամեն բառիցդ հետո միջակետ են դրել,
անցել-գնացել են...


***
Ես խմում եմ քեզ, 
հետո լվանում եմ բաժակս`
հույս ունենալով, 
որ մեր սերը ապակու
թափանցիկ անկեղծությունն է ունենալու։
Դու իմ լսած ամենաարդար սուտն ես
ջրի մասին, 
ում վախենում եմ անձրեւել։
Դու ամենաթափանցիկ խոստովանությունն ես սիրո` 
երկաթե համառությամբ ու
թաց համբերությամբ։
Ես խմում եմ քեզ
տխրության համար
ամենաուրախ ժպիտով,
ու քո վերջին կաթիլը
լացում է բաժակի մեջ
մենակությունից,
կորչելու վախից...
Այդ թափանցիկության մեջ
ինքը միակ սուտն է,
ով վախենում է,
որ հաջորդը գրելու եմ ճշմարտության մասին: 
Ես խմում եմ քեզ
ու վրայից ոչինչ չեմ ուտում,
որ սիրո քաղցր թթվությունը երկար մնա
ու քեզ երկար սիրեմ... 

***
հիմա ես ջերմություն ունեմ
ու ունեմ քեզ
առանց դեղ
ու թեյ։
ունեմ քեզ ամենահասարակ գրիպի պես,
առանց հավելյալ գլխացավերի
ու հոգնածության։
ես անց եմ կացնում քեզ
ու վախենում վարակել
ուրիշներին
իմ սեփական հիվանդությամբ,
որ կդառնաս ուսումնասիրության առարկա,
կունենաս պատվաստանյութ
ու կդառնաս հակացուցված
առօրյա գործերին
ու սիրահարություններին`
պատահական
ու հարատեւ։
կդառնաս կոկորդի ցավ
ու գրելուս հիմնական պատճառը,
ձայնս կկարոտի բառերս
ու գիրս կգրկի քեզ,
երբ հիվանդ լինեմ։
կլցվես թեյիս մեջ
անհամ շաքարավազի պես
ու ամեն անգամ կպակասես
ու ավելանալով ոչինչ չես փոխի
իմ մեջ,
թեյի մեջ,
կպակասես շաքարավազից
ու կոկորդիս ցավը չես բուժի,
ու դեղերիս մեջ կպակասես,
որովհետեւ ես հիվանդ եմ
առանց քեզ... 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ