Կապույտ հազի վարակման դեպքերի թիվն աճում է

Կապույտ հազի վարակման դեպքերի թիվն աճում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) տվյալների  համաձայն աշխարհում տարեկան մոտ 40 մլն մարդ վարակվում է կապույտ հազով, որոնցից 300 հազարն ավարտվում է մահվան ելքով: 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է  կապույտ հազի  50 դեպք, իսկ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում գրանցվել է 12 դեպք:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանը՝  նշելով, որ հիվանդների գրեթե կեսը մինչև մեկ տարեկան երեխաներն են:

Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

«Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձև, այսինքն՝  ցիկլիկ հազ, որը շատ բարդ ընթացք է ունենում։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել ընդհուպ մինչև շնչառության կանգ։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը և այլն։ Այս փուլին հաջորդում է ընդհանուր լավացման փուլը:  Ընդհանուր հիվանդությունը կարող է տևել մինչև 8 շաբաթ և ավելի»,-ասաց մասնագետը:

Սիմոնյանի խոսքով՝ հիվանդությունը ցիկլիկ  ընթացք ունի, և համաճարակաբանորեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում յուրաքանչյուր 2-5 տարին մեկ դիտվում է  աշխուժացում՝ պայմանավորված չպատվաստված և թերի պատվաստված անձանց ավելացումով։

«Կապույտ հազի այսպիսի աշխուժացում Հայաստանում  գրանցվել է 2009 թվականին, 2013-2014 թվականներին, 2017-2018-ին, իսկ 2019 թվականից նույն օրինաչափությամբ  նվազում է գրանցվել, սակայն  2023 թվականին կրկին աճել է:

Ըստ օրինաչափության՝ մինչև 2024 թվականի ավարտը կունենանք հիվանդության աճ, այնուհետև՝ նվազում»,-նշեց մասնագետը: