Դու իրավունք ունես լինելու աթեիստ, բայց իրավունք չունես վիրավորելու այլոց կրոնական զգացմունքները

Դու իրավունք ունես լինելու աթեիստ, բայց իրավունք չունես վիրավորելու այլոց կրոնական զգացմունքները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը որոշել է առիթն օգտագործել, ու ինչպես ասում են, «մի կրակոցով երկու նապաստակ որսալ»։ Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած աղետալի պայթյունին ու հրդեհին, որն արդեն յոթ մարդու կյանք է խլել, որի հետեւանքով տասնյակ մարդիկ են մարմնական տարբեր ծանրության վնասվածքներ ստացել ու կան նաեւ անհետ կորածներ, եւ ցինիկ, ծաղրական գրառում է կատարել, հետեւյալ բովանդակությամբ․ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։ 

Մի կողմ թողնենք Հատիս սարի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նպատակահարմարության հարցը եւ անդրադառնանք այլ հարցի։ Ըստ էության, Կարինե Բաղդասարյանը ծաղրում է բոլոր նրանց կրոնական զգացմունքները, ովքեր հավատում են Աստծո գոյությանը, քրիստոնյաներ են՝ անկախ այն հանգամանքից, թե որ եկեղեցուն կամ համայնքին են պատկանում։ Ու դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ նրա գործընկերները դրա մասին քննադատական մեկնաբանություններ են թողել նրա գրառման տակ: Չնայած նա փորձել է չքմեղանալ, թե չի ծաղրում։ 

Անշուշտ Երեւանի ավագանու հարգելի անդամ տիկին Կարինե Բաղադասարյանն իրավունք ունի ունենալու ցանկացած կրոնական համոզմունք կամ չունենալ որեւէ կրոնական համոզմունք։ Դա նրա իրավունքն է եւ դա երաշխավորված է թե մեր երկրի Սահմանադրությամբ, թե միջազգային օրենքներով։ Սակայն հաշվի առնելով, որ տիկին Բաղդասարյանը ավագանու անդամ է, այսինքն՝ հանրային անձ է, ընդ որում, ընտրովի մարմնի անդամ, որտեղ հայտնվել է նաեւ հազարավոր քրիստոնյաների՝ «Իմ քայլին» տված քվեների շնորհիվ, պարտավոր է հարգանքով վերաբերվել ցանկացած մեկի կրոնական համոզմունքներին եւ իր կրոնական հավատքն ունենալու կամ աթեիստ լինելու սահմանները ճանաչել։

Կարինե Բաղդասարյանի` կրոնական ազատության սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է այլոց կրոնական ազատության իրավունքը։ Ավելի պատկերավոր լինելու համար՝ եթե տիկինն աթեիստ է եւ, օրինակ, հավատում է Դարվինյան էվոլյուցիոն տեսությանն ու այն բանին, որ մարդն առաջացել է կապիկից, ապա դա նրա իրավունքն է։ Բայց նա այս ամենով հանդերձ, երբեք իրավունք չունի ծաղրելու դիմացինին, ով, օրինակ, հավատում է, որ ինքը որպես մարդ կրում է իր վրա Աստծո պատկերն ու նմանությունը եւ Աստվածային արարչության թագ ու պսակն է։ Մտածելու տեղ ունի նաեւ Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Փաշինյանին ու իշխող մեծամասնությանը տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են ընտրել՝ անկախ այն հանգամանքից, թե որ եկեղեցուն կամ համայնքին են պատկանում։ Ու եթե իշխող թիմի ներկայացուցիչը փորձում է կատարել գրառումներ, որով նույնիսկ դույզն ինչ, ամենահեռավոր կերպով կարող է ծաղրել իրենց կրոնական նվիրական զգացումները, ապա կամ պետք է իշխող թիմը ներողություն խնդրի ու կարգի հրավիրի իր թիմակցին, կամ Փաշինյանին ընտրած տասնյակ հազարավոր քրիստոնյաները երկար մտորելու առիթ կունենան, թե որքանով է այդ թիմն արժանի իրենց քվեին, որի ներկայացուցիչը չունի պատշաճ հարգանք համայնքի կրոնական նվիրական զգացումների հանդեպ։