Ամեն տասը տարին մեկ` 26 տարեկանում, 36 եւ 46, պետք է պատվաստվել

Ամեն տասը տարին մեկ` 26 տարեկանում, 36 եւ 46, պետք է պատվաստվել

Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում կիրառվում է 15 պատվաստանյութ՝ 18 հիվանդության դեմ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Առողջապահության նախարարությունը մի տեսանյութ է պատրաստել, որտեղ ասվում է. «Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստման բարձր ընդգրկվածության շնորհիվ 2007 թվականից կարմրուկի տեղական դեպք չի արձանագրվել: Հազվադեպ գրանցվող բերովի դեպքերը շատ արագ կանխվում են, և բռնկման վտանգ չեն ներկայացնում: Կապույտ հազ և հարկապույտ հազ հիվանդությունների եզակի դեպքեր են գրանցվում: Իսկ դիֆթերիայի վերջին դեպքն արձանագրվել է 23 տարի առաջ՝ 2000 թվականին: Հայաստանում պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»:

Գայանե Սահակյանից հետաքրքրվեցինք, թե այսօր ո՞ր հիվանդությունների դեմ են պատվաստվում քաղաքացիները և վերջապես դեռահասների ու երեխաների շրջանում որո՞նք են նախընտրելի պատվաստանյութերը և ո՞ր վարակների դեմ: Սահակյանի պնդմամբ` անկախ Հայաստանի պատմության ընթացքում որևէ պատվաստում չի եղել պարտադիր և այսօր էլ որևէ հիվանդության դեմ պատվաստվելը պարտադիր չէ, սակայն պատվաստանյութերից խուսափելը հանգեցնում է մի շարք խնդիրների: Մեր զրուցակիցը որպես օրինակ է բերում շաբաթներ առաջ բռնկված կարմրուկի վիրուսը, բռնկումը պատվաստված չլինելու արդյունք էր: Քովիդի դեմ չպատվաստվելը ևս հանգեցնում է մի շարք խնդիրների.

«Օրինակ այսօր վերակենդանացման բաժանմունքներում չեք գտնի մեկ հիվանդի, ով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ»: Հարցին, թե ո՞ր պատվաստանյութերն եք խորհուրդ տալիս քովիդի դեմ և վերջապես եթե քովիդը տարածված չէ, ինչո՞ւ պատվաստվել, Սահակյանն ասաց. «Ամեն ինչ կամավոր հիմունքներով է, սակայն ես խորհուրդ եմ տալիս պատվաստվել»:

Անդրադառնալով պլանային պատվաստումներին մեր զրուցակիցն ընդգծեց.

«Պատվաստումներ միշտ են լինում` երեխան ծնվեց, սկսվում են պլանային պատվաստումները` հենց ծննդատանը` տուբերկուլյոզի և հեպատիտ B-ի դեմ: Դրանից հետո արդեն երեխաներին պատվաստում են պոլիկլինիկաներում` տարբեր հիվանդությունների դեմ: Մարդն իր ողջ կյանքի ընթացքում ունի պատվաստումների կարիք, որոնք պետք է կրկնվեն որոշակի պարբերականությամբ: Մինչև վեց տարեկան երեխաներն անցնում են մանկական պատվաստումներով` դիֆտերիայի դեմ, փայտացման և կապույտ հազի դեմ: Այլ հիվանդություններ ևս կան, որոնց դեմ պատվաստվում են: Կարմրուկտը, կարմրախտն ու խոզուկը ևս վտանգավոր հիվանդություններ են, որոնց դեմ պետք է պատվաստվեն: Հաջորդ պատվաստումների փուլը դեռահասների մոտ սկսվում է 13 տարեկանից. Աղջիկներին պատվաստում են պապիլոմավիրուսի դեմ, հասարակության մոտ այն առավել տարածված է որպես արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստում, սակայն պապիլոմավիրուսը շատ այլ վարակների դեմ է հարուցված: Տղաներն էլ անցնում են նախազորակոչային պատվաստումներ` տարբեր ինֆեկցիաների և փայտացման դեմ: 26 տարեկաններին, 36 տարեկաններին և 46 տարեկաններին ևս անհրաժեշտ են պատվաստումներ` դիֆտերիայի և փայտացման դեմ: Ամեն տասը տարին մեկ պետք է անցնել այս պատվաստումները: Մարդիկ պետք է գիտակցված որոշումներ կայացնեն: Կարմրուկի վարակը, որ գրանցվեց երկրում, ցույց տվեց որ ծնողներն առանց գիտակցելու որոշում են կայացրել հրաժարվել պատվաստումից, ինչի արդյունքում տարածվեց վարակը: Կարմրուկի հետ խաղ անել պետք չէ»,- ասաց նա:

Հարցին, թե այժմ հատկապես ո՞ր հիվանդությունների դեմ պատվաստվելն է Առողջապահության նախարարությունը խրախուսում, քարոզում, մեր զրուցակիցը նշեց. «Այն բոլոր պատվաստումները, որոնք տեղ են գտել մեր օրացույցում, ցանկալի է, որ պատվաստվեն»- ասաց Գայանե Սահակյանը: