Էջմիածնի քաղաքապետը՝ իշխանության «հայելի»

Էջմիածնի քաղաքապետը՝ իշխանության «հայելի»

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի 2011 թվականի ֆեյսբուքյան մի գրառում, որ նոր է ի հայտ եկել, զայրացրել է էջմիածինցիներին․ ցեղասպանության եւ հայ դատի մասին կարծիք հայտնելով՝ քաղաքապետը գրել է․ «Զզվում եմ էս ծայրահեղ ազգայնական, հայդատական քաղաքականությունից, որ որդեգրել ա մեր պետությունը․ ու էս պայմաններում էլ դեռ խոսում ենք հարեւան երկրի հետ սահման բացելու մասին»։

Ասում են՝ եթե ուզում ես գաղտնիք իմանալ, խոսեցրու երեխային կամ հիմարին։ Ակտիվիստ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ քաղաքապետ Գասպարյանը տեղավորվում է նշված երկու տարբերակներից երկրորդի մեջ։ «Գաղտնազերծեց իր քաղաքական ընտանիքի իրական դեմքը։ Սրանից լավ ոչ ոք չէր կարող բացահայտել գործող իշխանության վերաբերմունքը հայկական հարցին։ Ահա թե ում ենք բերել իշխանության, ում ենք վստահել երկիրը»։

Ռուբեն Մարտիրոսյանը Փաշինյանին ու նրա թիմին իշխանության բերելու ջատագովներից է։ Ասում է՝ հեղափոխական իշխանությունը քարկոծողներից «սվիններով» է պաշտպանել, «աբիժնիկներ» է անվանել բոլոր նրանց, ովքեր բացասական կարծիք են արտահայտել Փաշինյանի կառավարության գործունեության կամ որեւէ անդամի դեմ։ Բայց հիմա երկընտրանքի առջեւ է հայտնվել․ ճի՞շտ էր, թե՞ սխալ իր քայլը։

«Փաստորեն, սրանք պեղել ու ծակերից գտել-պաշտոնների են բերել հակահայ գրասենյակներում մշակվածներին։ Դրա համա՞ր են ասում, թե կադրերի սով է, անկաշառներ ու վստահելիներ չկան․․․ Դե, եթե սա է չափանիշը, որին պիտի համապատասխանի իրենց վստահելին, ուրեմն, այո՛, գտնելը բարդ է»։

Թեեւ փոքր-ինչ հուսահատված, բայց Ռուբենը չի ուզում հավատալ, որ իշխանությունն ապազգային ուժերի ձեռքին է։ «Վախենում եմ նույնիսկ այդ մասին մտածել։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե սկսենք ապրել կասկածը սրտներումս։ Դա կնշանակի խաչ քաշել մեր ապագայի, մեր ձգտումների ու մեր պայքարի վրա։ Նշանակում է՝ դառնալ ամորֆ զանգված ու լուռ ընդունել այն հաբը, որը լայն ժպիտով հրամցնելու են մեզ՝ մեր պայքարից ու պահանջատիրությունից հրաժարվելու համար։ Ես սկսել եմ վախենալ, որ մի օր հայապահպանության խնդիր ենք ունենալու հենց Հայաստանում»։