Ո՞րն է երաշխիքը, որ կրճատված դասաժամերը չեն փոխարինվի անարդյունավետ դասաժամերով

Ո՞րն է երաշխիքը,  որ կրճատված դասաժամերը չեն փոխարինվի անարդյունավետ դասաժամերով

Երբ ՀՀ ԿԳՍՄ նախարարը օրենքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողությանն» է թողնում պատմության և հայոց լեզվի դասաժամերի դասավանդումը` հիմնավորմամբ, որ դպրոցում այդ առարկաները անցել են, նշանակում է այն կամավոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարներին` հանել այդ առարկաները:

Ներկայումս բուհերում կրկնվող բովանդակությամբ մասնագիտական դասաժամեր շատ կան, ո՞րն է երաշխիքը, որ պատմության և հայերենի կրճատված դասաժամերը չեն փոխարինվի նույն անարդյունավետ մասնագիտական դասաժամերով: Մեծ ջանք, խելք պետք չէ դասաժամերը կրճատելու համար, սրանով որակյալ մասնագիտական ուսուցման բեռը փորձ է արվում գցել նախարարի և բուհերի ռեկտորների ուսերից։ Ուսանողների աշխարհայացքը ձևավորվում է առաջին հերթին գեղագիտական գիտելիքներով և պատմական հիշողությամբ։

Մասնագիտական լեզվամտածողությունը, եզրերը (տերմիները) և գրելաձևերը անհրաժեշտ են ոչ միայն կուրսայիններ, ավարտական աշխատանքներ պատրաստելիս, այլև հետագայում՝ աշխատանքային գործունեության ժամանակ։ Անհասկանալի և անընդունելի է, որ բուհերը չեն նախաձեռնում այս հարցերի վերաբերյալ ընդլայնված քննարկումներ։ Միաժամանակ, տհաճության չափ զզվելի է տեսնել բուհերի ղեկավարների քծնանքը։ Ազգային մտածող մարդը՝ առավել ևս դասախոսը, իրավունք չունի լռել նույնիսկ աշխատանքը կորցնելու հնարավոր վտանգի առկայության պարագայում։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյան