Եթե Կասկադում նստած սուրճ չես խմում, այլ հայրենիքդ կորցնելու վտանգի առաջ ես, պատրաստ ես ամեն ինչի, այդ թվում՝ ձերբակալության

Եթե Կասկադում նստած սուրճ չես խմում, այլ հայրենիքդ կորցնելու վտանգի առաջ ես, պատրաստ ես ամեն ինչի, այդ թվում՝ ձերբակալության

Հարցազրույց գեղանկարիչ, «Սիսական» ջոկատի անդամ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի հետ

- Պարոն Ավագյան, այն, ինչ կատարվեց երեկ Սյունիքում, իշխանության մի շարք ներկայացուցիչներ որակեցին որպես խուլիգանություն՝ նշելով, որ վարչապետի դեմ ցույց անող մարդիկ ուղղորդված էին։ Իրականում ի՞նչ էր կատարվում երեկ Սյունիքում, եւ ի՞նչ տրամադրություն է տիրում վարչապետի այցից հետո։

- Իրականում խուլիգանն իրենք են եւ այդպես են եղել միշտ։ Սյունեցին իր մաշկի վրա զգում է այն ամենը, ինչ 5 ամիս առաջ եղավ Ղարաբաղում։ Ի՞նչ է նշանակում՝ ուղղորդված էին, բա պետք է ուղղորդվեն, մեկն ասում է՝ տղերք, տալիս են երկիրը, դա ուղղորդե՞լ է, թե՞ ուղղորդել չէ, եւ ի՞նչ է նշանակում «ուղղորդել»։ Եթե իրենք անուղղորդ են, դա ուրիշ խնդիր է, բայց տիեզերքում նման բան չկա, որեւէ գործողություն սկսելուց առաջ կամ որեւէ գործողություն տեղի ունենալուց այն արդեն ուղղորդվում է։ Իսկ բնակչության մոտ այն զգացողությունն է, որ ինչի՞ պիտի իմ տունը թողնեմ ու գնամ, բայց նաեւ հոգու խորքում այն միտքը կա, որ ես հո հադրութեցուց լավ տղա չե՞մ, կարա ինձ հետ էլ պատահի, որովհետեւ էս կարգի մարդիկ են իշխանության։

- Թեպետ մեր իշխանությունները վստահեցնում են, որ Սյունիքի անվտանգությանը որեւէ վտանգ չի սպառնում, բայց Ալիեւը նախօրեին նորից հայտարարեց, որ իրականություն են դարձնելու Զանգեզուրի միջանցքը, Հայաստանը դա ցանկանա, թե՝ ոչ։ Ձեզ համար այս հայտարարություններից ո՞ր մեկն է արժանահավատ, սյունեցին այսօր ո՞ւմ խոսքին է հավատում։

- Այս իշխանությունների ասածը մի քոռ կոպեկի արժեք չունի, այստեղի բնակիչն այսպես է մտածում, որ մենք հադրութեցիներից լավը չենք, կարա մեզ հետ էլ պատահի, բայց մյուս կողմից էլ՝ եթե ռուսները եկել են այստեղ, նշանակում է, որ Սյունիքը պահվելու է։ Այս ամենը ժողովուրդը հասկանում է, բայց նաեւ զարմանում, թե ինչու է վեր կացել եկել Սյունիք։

- Կարծիքներ են շրջանառվում, թե Սյունիքի միջադեպերից հետո հնարավոր է չեղարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում Փաշինյանի 2-րդ այցը Սյունիք՝ մեկ անգամ սյունեցիների կողմից մերժվելուց հետո։

- Սա այն դեպքը չէր, որ ինքը գար ու նախընտրական ինչ-որ բաներ խոստանար, ու հետո՝ ի՞նչ պետք է խոստանար։ Սյունեցին գիտի, որ ինքը չէ ո՛չ տվողը, ո՛չ վերցնողը, սյունեցին դա լավ գիտի՝ ի տարբերություն Արարատյան դաշտավայրում ապրողի։ Այդ առումով սյունեցին մի քիչ ավելի գրագետ է եւ հասկանում է՝ ինքն ո՞վ է, որ տա կամ չտա, եւ ընդհանրապես՝ Հայաստանը գործո՞ն է, տվողներն ու չտվողները ուրիշ մարդիկ են, եւ եթե որոշվեց, ինքը խելոք-խելոք ստորագրելու է։ Ինչ վերաբերում է իր այցին՝ չեմ կարծում, որ նախընտրական քարոզչության համար էր եկել, որովհետեւ ինքը մարդկանց տրամադրությունները գիտեր, ու մի անգամ արդեն ձմռանն իրեն չէին թողել Սյունիք։ Այս օրերին՝ իրենից առաջ նախագահն էր եկել Սյունիք, ԱՄՆ դեսպանն էլ էր այստեղ, սրանք ինչ-որ գաղտնի բաներ են, որոնց մասին մենք չգիտենք։ Բոլոր դեպքերում, եկել էին ինչ-որ բաներ շոշափելու եւ տեսան, այդ թվում աշխարհը տեսավ, որ ժողովուրդը կանգնելու է։  Դրա մասին վկայում էր նաեւ այն, թե ինչպես էին նրան դիմավորում եւ ինչ վանկարկումներով։

- Ի դեպ, վարչապետն այդ վանկարկումներից մեկին հակադարձեց, ասելով՝ կապիտուլյանտը դուք եք․․․, ընդհանուր առմամբ, ո՞նց եք մեկնաբանում նրա երեկվա պահվածքը։

- Ինքը մեղք է, ի վերջո՝ մարդ է, եւ այդ ամեն ինչն իր վրա ազդում է, ինչքան էլ դիմակ հագնի՝ մարդ է եւ տեղ-տեղ ինքնաբուխ ուզում է հակադարձել, ասելով՝ ես չեմ, փոքր երեխայի պես, երբ միանգամից պաշտպանվում ես ու հակադարձում՝ բնազդային մակարդակում։

- Երեկվա դեպքերի առնչությամբ արդեն 52 ձերբակալություն կա, ի՞նչ եք կարծում՝ դրանք շարունակություն կունենա՞ն եւ ինչպե՞ս կանդրադառնան սյունեցու ոգու վրա։

- Ի՞նչ անենք, որ ձերբակալել են, այսօր չթողնեն, վաղն են թողնելու, դա խնդիր չէ։ Մարդիկ հիմա մտածում են՝ տունը վառեն, նո՞ր դուրս գան, թե՞ մնան կռիվ տան, սրա կողքին ի՞նչ ձերբակալություն՝ ինչի՞ մասին է խոսքը, դա ընդամենը ուժի ցուցադրություն էր, որը գուցե Երեւանում վախեցնի մարդկանց, բայց Սյունիքում չի վախեցնի, որովհետեւ, եթե Կասկադում նստած սուրճ չես խմում, այլ կանգնած ես հայրենիքդ կորցնելու վտանգի առաջ, պատրաստ ես ամեն ինչի, այդ թվում՝ ձերբակալության։

- Անկախ այդ ձերբակալություններից, ինչպե՞ս է սյունեցիների տրամադրվածությունն առհասարակ՝ վախենո՞ւմ են, թե՞ ամուր կանգնած են իրենց հողի վրա։

- Սյունիքն աշխարհից կտրված տեղ չէ, եւ նույն բնակչությունն է, ինչ որ մյուս բնակավայրերում, այսինքն՝ իր մեջ ե՛ւ ստահակը կա, ե՛ւ հերոսը, հիմա փաստն այն է, որ այս պահին բոլորը դուխով ասում են՝ մնալու ենք, ամեն դեպքում՝ մարդիկ հասկանում են պահի լրջությունը։ 

- Իսկ ճանապարհների անվտանգությունն ի՞նչ վիճակում է։

- Դու անընդհատ անցնում ես մի ճանապարհով, որտեղ թուրք է երեւում, ով էլ ուզում ես լինել՝ տիեզերքի քաջը, թե Աքիլեսը՝ դիսկոմֆորտ է առաջանում։ Մեկի մեջ վրեժն է արթնանում, եւ եթե մոտը զենք լինի, կարող է եւ սպանի, մյուսը կարող է մի քիչ ավելի զգույշ է, ասում է՝ արագ անցնեմ գնամ։ Սրանք բոլորն էլ մարդկային բաներ են, որին գումարվում է նաեւ դիսկոմֆորտ վիճակը։ 

- Ենթադրյալ խորհրդարանական ընտրություններին սյունեցիները ձայն կտա՞ն այս իշխանություններին։

- Այն, որ ինքը ձայն ունի՝ փաստ է, բայց, համենայնդեպս, մեր կողմից` Սյունիքից, շատ քիչ ձայն է ունենալու։