Հարեւան երկրները պետք է արդարացի կերպով օգտագործեն գետերը․ Հասան Ռոհանի

Հարեւան երկրները պետք է արդարացի կերպով օգտագործեն գետերը․ Հասան Ռոհանի

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է երկրում տիրող բնապահպանական վիճակին եւ անուղղակի մեղադրել Թուրքիային՝ ռեգիոնի ջրային ռեսուրսների չարաշահման մեջ, ինչը լրջագույն հետեւանքների է հանգեցրել բուն Իրանում։ Նախագահ Ռոհանին մասնավորապես ասել է․ «Շրջակա միջավայրի հարցերում մենք պետք է համագործակցենք ռեգիոնի երկրների եւ մեր հարեւանների հետ, քանի որ որոշ հարցեր կապված են հարեւան երկրների հետ, իսկ որոշ հարցեր այն բանի հետ, որ հարեւան երկրները պետք է արդարացիորեն օգտագործեն գետերի ջուրը։ Երբ երկու մեծ եւ հզոր գետեր Տիգրիսն ու Եփրատը օգտագործվեն միայն մեկ երկրի կողմից, իսկ հոսանքով դեպի ներքեւ հողերը չորանան, ապա հետեւանքները կվերաբերեն հարեւան երկրներին, այսինքն մեզ։ Եթե ջրամբարներ կառուցվեն մեզանից արեւելք գտնվում երկրում, ապա ջուրը չի հասնի Համուն լիճ եւ կառաջանա բնապահպանական խնդիր»։ Ամենայն հավանականությամբ, նախագահ Ռոհանիի ակնարկը Տիգրիս եւ Եփրատ գետերի օգտագործման հետ կապված վերաբերում էր Թուրքիային։ Նշենք, որ Իրանի Խուժիստան նահանգում բողոքի ցույցեր են տեղի ունենում ջրի դեֆիցիտի պատճառով։ Բանն այն է, որ Եփրատի վրա Թուրքիան ջրամբար է կառուցել, որը ազդել է Եփրատի ջրառատության վրա։ Նշենք, որ Թուրքիան վարում է այնպիսի ջրային քաղաքականություն, որ կարողանա վերահսկել ռեգիոնի ջրային ռեսուրսները։