Կոմպլեմենտարիզմի վախճանը

Կոմպլեմենտարիզմի վախճանը

Ինչպես այսօր հասկացանք, ԱՄՆ ու Եվրոպական Միությունը հստակ դիրքորոշում ունեն ներկա իշխանության պահպանման հարցում: 
Հասկանալի է, որ Ռուսաստանը հիմա ավելի ագրեսիվ քաղաքականություն է դրսևորելու Հայաստանում, քանի որ Ուկրաինայի դառը փորձը աչքի առաջ է: 

Ակնհայտ է, որ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուրջ օղակը սեղմվում է, այլևս չի կարող համ Արևմուտքի հետ լինել, համ Ռուսաստանին խոստումներ տալ: 
Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իշխող վարչակարգի անհեռատես ու անպատասխանատու պահվածքը կարող է բերել Հայաստանի Հանրապետության վերջնական վախճանին:
Ավելի ցավալի է, որ ինչքան կրճատվում են մանևրների հնարավորությունները Հայաստանի համար, այնքան կոմպլեմենտար քաղաքականության լայն հնարավորություններ են բացվում Ադրբեջանի համար: 

Ակնհայտ է, որ առաջիկայում Արցախի հիմնախնդրում մեր դիրքերը ավելի կթուլանան, իսկ անիքնասերների խմբակի ղեկավարի «դիվանագիտական մտքի» փայլատակումների անդառնալի հետևանքները մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա:

Հայոց պետականության պահպանման համար միանշանակ անհրաժեշտություն է այս պատուհաս ու անգրագետ իշխանության հեռացումը, սակայն ավելի առաջնային է դառնում ընդդիմադիր ճակատում խաղացողների փոփոխության անխուսափելիությունը:
Ռ. Քոչարյանը իր կառավարման տարիները որակել էր որպես կոմպլեմենտար քաղաքականության դարաշրջան, իսկ Ս. Սարգսյանը իրեն առաջարկած «կամ, կամ» քաղաքականությանը փոխարինեց «և, և» հարաբերություններով (համաձայն տարբեր գնահատականների, հենց այս պատճառով էլ զրկվեց իշխանությունից):

Անհրաժեշտ են նոր որակի մտածողներ ու խաղացողներ, ովքեր ի վիճակի կլինեն գրոսմայստերական նրբությամբ կառուցել արտաքին հարաբերությունները թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ, որի առաջին դրսևորումը կարող է լինել Մինսկի խմբի մանդատի պահպանումը Արցախի հիմնախնդրում: Կարևոր է, որ նոր իշխանությունը կարողանա տարածաշրջանային խնդիրներին մասնակից դարձնի Իրանին (Իրանը ոչ մեկ անգամ է պատրաստակամություն հայտնել մասնակցություն ապահովել տարածաշրջանային խնդիրներին, ուղղակի «հրավեր» չի ստացել), որը կարճաժամկետ հատվածում կարող է հակակշիռ լինել թուրքական գործոնին, իսկ երկարաժամկետ հատվածում տարածաշրջան կբերի Չինաստանին: 

Տարածաշրջանում եռաբևեռությունը Հայաստանի համար ամենաշահավետ կոնֆիգուրացիան է, որը կարող է ստեղծվել միմիայն բանիմաց ու արհեստավարժ արտաքին քաղաքականության իրականացման դեպքում:

Արսեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից