Պատերազմի շները կամ «ՄԶԿ Վագներ»

Պատերազմի շները կամ «ՄԶԿ Վագներ»

ՄԱՍ 3

Մեր նախորդ համարներում գրել էինք «Վագներ» ռուսական մասնավոր զինվորական կազմակերպության գործունեության մասին: Ստորեւ կշարունակենք ներկայացնել նրա գործունեությունը, ինչպես նաեւ՝ այս կազմակերպության մարտիկների ապօրինությունների եւ դաժան սպանությունների մասին տվյալներ, որոնք լուսաբանվել են ռուսական եւ արտերկրի պարբերականներում:

Եվ այսպես․ ՄԶԿ-ի ղեկավարությունն ուկրաինական կամպանիայի ակտիվ հակամարտության փուլի ավարտից հետո իր համար առաջնային է դարձնում Մերձավոր Արեւելքի ռազմական թատերաբեմը եւ աֆրիկյան մայրցամաքը, ներառյալ ծովային նավթային ռեսուրսների փոխադրամիջոցների պաշտպանությունը ծովահեններից: Սկսենք վերջինից:

Սոմալիական ծովահենների ակտիվությունից տուժած մեծ ընկերությունները երբ սկսում են կրել նյութական եւ ֆինանսական մեծ կորուստներ, սկսում են փնտրել կազմակերպություններ, որոնք կպաշտպանեն իրենց նավթային տանկերները եւ նրանց անձնակազմը: Ի դեպ, նավթային շուկայի որոշ խոշոր խաղացողներ դիմում են իրենց երկրների կառավարություններին: Ստանալով կառավարական պաշտպանություն՝ նրանք գնում են որոշակի զիջումների․ պարտավորվում են գործել մաքսիմալ թափանցիկ, տրամադրել տեղեկատվություն բիզնես-գործընկերների վերաբերյալ եւ, բնականաբար, վճարել պետությանը՝ պաշտպանության դիմաց: Սակայն ավելի շատ գործարարներ նախընտրում են այլ տարբերակ՝ դիմել մասնավոր զինվորական կազմակերպությունների, որոնց ծառայությունները թեեւ ավելի թանկ են, բայց փոխարենը պարտավորված չեն ամբողջ ծավալով հաշվետվություն ներկայացնել իրենց գործընկերների վերաբերյալ: Իսկ նավթարդյունաբերական շուկայում շատ արտահանողներ գտնվում են հզոր գերտերությունների տնտեսական պատժամիջոցների տակ, ոմանք էլ ուղղակի կամ անուղղակի կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ: Բնականաբար, ՄԶԿ-ների տերերին դա քիչ է հետաքրքրում, կարեւորը՝ որ իրենց ժամանակին վճարեն:

«Վագները» եւս ակտիվ կերպով ներգրավվում է այդ շահավետ բիզնեսում՝ ստանձնելով նավթային հումք տեղափոխող տանկերների պաշտպանությունը, որը, ի դեպ, կատարում է գերազանց: Շրջանցելով մի շարք միջազգային նորմացույցներ, որոնցով կանոնակարգված է ծովային փոխադրամիջոցների պաշտպանությունը ստանձնած կազմակերպությունների գործունեությունը, այն է՝ երբ եւ ինչ պայմաններում կրակ բացել պոտենցիալ վտանգ ներկայացնողների վրա, նրանք ջանասիրաբար ոչնչացնում են մի քանի ծովահենային մոտորանավակներ՝ նշանակալի հեռավորության վրա, վերջիններիս հասկացնելով, որ ավելորդ ձեւականությունների հետեւից չեն ընկնում եւ չեն սպասում մինչեւ ավազակները «հայտնվեն անմիջական մոտ տարածության վրա եւ բացահայտ սպառնան նավին եւ նրա անձնակազմին», համաձայն ծովային հաղորդակցությունների դեկլարատիվ նորմացույցի: Ծովահենները սկսում են խուսափել ռուսական ընկերության կողմից պահպանվող նավերից, իսկ վերջինիս տերերը դրա համար շռայլորեն վարձահատույց են լինում «Վագներին»:

Ի դեպ, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում չդադարող պատերազմները նավթամշակմամբ զբաղվող ընկերություններին հնարավորություն են ընձեռում՝ էժան նավթամթերք գնել պատժամիջոցների տակ հայտնված պետություններից, ընկերություններից կամ տարատեսակ զինյալ խմբավորումներից: Միաժամանակ «Վագները» ստանձնում է պատերազմող պետություններում նավթային հորատանցքերի պաշտպանական ֆունկցիաները, բայց այս պարագայում մի փոքր չափն անցնում է: Փորձելով թանկացնել իր ծառայությունները՝ նրա մարտիկները մի քանի փոքր հարձակումներ են նախաձեռնում առավել վտանգավոր տեղամասերում՝ դա ներկայացնելով որպես տեռորիստական խմբավորումների ձեռքի գործը, բնականաբար, ցուցադրելով նաեւ իրենց «հերոսական» դիմադրությունը: Բայց… մի քանի նմանատիպ ավանտյուրայից հետո լիբանանյան եւ լիբիական կազմակերպություններից մի քանիսը գլխի են ընկնում եւ հրաժարվում «Վագների» ծառայություններից: Զրկվելով որոշակի ֆինանսավորումից՝ «Վագներն» ակտիվորեն ներգրավվում է Սիրիայում տեղակայված ՌԴ ռազմական կոնտինգենտի կազմի մեջ եւ սկսում է մասնակցել մարտական գործողություններին: Այդ տարբերակը ՌԴ ղեկավարությանը ձեռնտու է, քանի որ դե յուրե Սիրիայում ունենալով ռազմածովային եւ օդատիեզերական ուժերի կոնտինգենտ, ինչպես նաեւ ՌՈ պարեկային, ռազմաբժշկական ստորաբաժանումներ եւ ռազմական հրահանգիչներ, խուսափելով ավելորդ շահարկումներից՝ Կրեմլը չի ցանկանում ցամաքային ստորաբաժանումներ ներգրավել արաբական հանրապետությունում, իսկ «Վագները» հիանալի տարբերակ է՝ կառավարության հետ դե յուրե կապ չունի, դե ֆակտո՝ «ռուս դաշնակիցները» կատարում են իրենց պարտավորություններն իսլամիստների դեմ պայքարում, սակայն բացառապես սեփական օգուտի դիմաց: Եթե անհրաժեշտ է ջարդել «Իսլամական պետության» զինյալներին, ապա միայն այնտեղ, որտեղ նրանք ունեն սիրիական պետությունից խլած նավթահորեր: Իսկ ավարը, պատերազմի օրենքներով, պատկանում է հաղթողին՝ 50։50 % «Վագներին» եւ Կրեմլին: Նմանատիպ գործողությունների ընթացքում էլ «Վագները» կրում է մեծ կորուստներ:

Ըստ որոշ պարբերականների՝ միայն 2016-2017 թթ․ ընթացքում կորուստները կազմել են նվազագույնը 30 սպանված եւ 50 վիրավոր: Բայց կորուստներն արագորեն համալրվում են Ռուսաստանից: Բնականաբար, ժամանակի ընթացքում նման կազմակերպությունները կա՛մ ավելի են կատարելագործվում, կա՛մ հակառակը՝ թուլանում են եւ սկսում դեգրադացվել: «Վագների» պարագայում գործում է վերջինը: Աշխատելով համալրել իր շարքերը նոր մարտիկներով՝ չափորոշիչները նվազեցվում են․ սկսում են ընդունել, այսպես ասած՝ կոլեկտիվ հայտեր, բարձրացվում է տարիքային շեմը՝ դրանով հնարավորություն ընձեռելով հավաքագրելու նույնիսկ աֆղանական պատերազմի վետերաններին: Առաջվա նման, մեծամասնություն են կազմում հարավում ծնվածները, հիմնականում՝ Կրասնոդարի երկրամասից: Կրոնի նկատմամբ ցենզը հանվում է, եւ մարտական հարուստ փորձով, ֆաշիստական կամ ծայրահեղ ազգայնական հայացքներով շատ «սլավոն-արիացիներ» խմբերով անցնում են ծառայության, բայց քանի որ կռվող ձեռքի պահանջարկը մեծ է, ՄԶԿ-ի ղեկավարությունը գնում է եւս մեկ ճարահատյալ քայլի․ հանվում է ամենասկզբում հաստատված կետերից մեկը կոզակների վերաբերյալ, եւ մեծ թվով կոզակներ անցնում են «Վագների» շարքերը:

2017 թվականին լիբիական նավթային ընկերությունները ստիպված ընտրություն են կատարում երկրում իշխող երկու ուժերի միջեւ, որտեղ տեղ չկար ռուսների համար: «Վագները» դժվարությամբ պահպանում է հազիվ մեկ տասնյակի հասնող նավթահորերի նկատմամբ իր պարտականությունները՝ մնացածը զիջելով հակամարտող ուժերին, ազատ անձնակազմի մի մասը տեղափոխում է Սիրիա, մյուս մասը բաշխում է աֆրիկյան մայրցամաքում՝ հիմնականում Մոզամբիկում: Ի դեպ, Մոզամբիկում «Վագները» ներքաշվում է դաժան հակամարտության մեջ մեկ այլ ՄԶԿ-ի՝ «ԲլեքՎատեր»-ի հետ, ինչի արդյունքում երկուսն էլ կրում են զգալի կորուստներ: Իսկ զավեշտն այն է, որ երկու ՄԶԿ-ներն էլ օգնում են կառավարական ուժերին «Իսլամական պետություն» եւ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ու ազատ ժամանակ կռվում միմյանց դեմ՝ նավթահորերի պահպանության բիզնեսի համար: Ըստ արտերկրի մամուլի հրապարակումների, Մոզամբիկում «Վագները» կորցրել է 27-35 մարտիկ: 

Սիրիական ճակատում «Վագները» գրանցում է հաջողություններ՝ դրսեւորելով առանձնակի դաժանություն: Ամենաուշագրավը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսին: ՄԶԿ 4 մարտիկները դաժան հաշվեհարդար են տեսել սիրիական բանակի մի դասալիքի նկատմամբ․ կռամուրճով ջարդել են նրա վերջույթները, բահով կտրել թեւերը, ապա գլխատել եւ դիակը ոտքերից կախելով՝ այրել: Այդ ամենը նկարահանել են եւ տեղադրելով Յութուբում՝ տեսաուղերձ հղել բոլոր նրանց, ովքեր կկռվեն իրենց դեմ: Զոհը Մուհամմադ Տահա Իսմաիլ Ալ-Աբդուլան է՝ 1986 թ․ ծնված Դեր Էր Զորի բնակիչ: Դեպքը տեղի է ունեցել Հոմս նահանգի Շաիր նավթահորային շրջանում, որի պահպանությունն իրականացնելիս են եղել «վագներովցիները»՝ ի շահ «ԵվրոՊոլիս» ԲԲԸ ռուսական ընկերության: Ռուսական պարբերականներին հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը․ նա Ստանիսլավ Դ.-ն է՝ Ստավրոպոլի երկրամասից, որը մինչ Սիրիա մեկնելը ծառայելիս է եղել Ստավրոպոլի ՊՊԾ ստորաբաժանումներից մեկում, Սիրիայում ծառայել է որպես հետախույզ-հրաձիգ:
Ընդհանրապես, «Վագների» մարտիկները գերիներ վերցնելու սովորություն չունեն:

Գերեվարվածներին հաճախ տանջում եւ խեղում են, որպեսզի վախեցնեն նրանց զինակիցներին, որոշ դեպքերում էլ, հաշմանդամ դարձնելով, բաց են թողնում յուրայինների մոտ, որպեսզի զոհն անձամբ պատմի նրանց «անկոտրում կամքի եւ անվեհերության» մասին եւ աշխատի խուսափել «Վագների» հետ առճակատումից: Գերուն գլխատելու եւս 2 դեպք է տեղի ունեցել 2018 թվականին, ենթադրաբար, մեկը՝ Լաթաքիայի շրջակայքում, մյուսը՝ Հալեպի նահանգի: 2 դեպքում էլ «Վագների» մարտիկները գլխատել են գերի զինյալների՝ 3 հոգու: Երկու դեպքում էլ գերեվարվածներից թողել են մեկական կենդանի վկա, ում բաց են թողել անդամահատված ձեռքերով, որպեսզի նա յուրայիններին պատմի, որ նման հաշվեհարդարը պատասխանն է ՄԶԿ-ի երկու մարտիկների՝ Գրիգորի Ցուրկանուի եւ Ռոման Զաբոլոտնոյի սպանությունների:

Հատկանշական է այն փաստը, որ ռուսաստանյան մամուլի հրապարակումներին արձագանքել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ դեպքը որակելով որպես ահավոր, բնականաբար, ժխտելով «Վագների» եւ պետության միջեւ կապը:

Դաժանությամբ զուգորդված ՄԶԿ-ի գործողությունները, բնականաբար, չեն վրիպում ռուսական ղեկավարության աչքից: Բայց նման գործելաոճը շահավետ է երկուստեք: ՌԴ-ն առաջ է տանում իր շահերը ռազմական թատերաբեմ դարձած տարածքներում՝ հսկայական շահույթ ստանալով, միաժամանակ չունենալով մարդկային կորուստներ կառավարական ԶՈՒ կազմից: Իսկ վարձկանների կորուստները, պաշտոնական առումով, պետության հետ կապ չունեն, վերջիններս էլ, ինչպես ընդունված է ասել, «գիտեին, թե ինչի տակ են ստորագրում, դա ճանապարհ է մի ուղղությամբ»:

Պատերազմները վաղ թե ուշ վերջանում են: Հարցն այն է, թե դրանց ավարտից հետո մարդկային բարոյական հատկանիշները կորցրած «պատերազմի շներն» ուր են գնալու: Վերադառնալու են տո՞ւն, թե՞ մեկնելու են այլ երկրներ՝ նոր պատերազմների մասնակցելու կամ նոր պատերազմներ հրահրելու: Երկու դեպքում էլ մարդկային կերպարանքով գազանները վտանգ են ներկայացնում մարդկության համար: Չէ որ մեծ տարբերություն կա մարտիկի, ռազմիկի եւ պատերազմի շան միջեւ:

Մարդ մնանք:


Կարեն ՄԵԼՅԱՆ