Իրականում գումարները կան, կառավարությունն ուղղակի իր հայեցողությամբ է գործում․ տնտեսագետ

Իրականում գումարները կան, կառավարությունն ուղղակի իր հայեցողությամբ է գործում․ տնտեսագետ

2022թվականի բյուջեի ծախսերն աճել են 12 %-ով, ինչը ենթադրում էր, որ գոնե 12%-ով պետք է աճեին թոշակներն ու սոցիալական նպաստները, սակայն իրականում ունենք այն,որ սոցիալական պաշտպանության ծախսերը 2022-ին պլանավորած են 7 տոկոսով ավելի քիչ, քան՝ 2021թվականին է եղել։ Եթե 2021թվականին սոցիալական պաշտպանությանն ուղղվել է 626 մլդ դրամ, ապա այս տարի պլանավորված է 581 մլդ դրամ: Այս մասին քիչ առաջ «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«2022թվականի առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք կապիտալ ծախսերի ավելի քան 50 տոկոս թերակատարում, այսինքն՝ եղած ծրագրերը կառավարությունը չի կարողանում իրականացնել, բայց փոխարենը ևս 40 մլդ ուզում է այդ ծրագրերին ուղղել, ինչը պարզապես աբսուրդ է։ Իմ խորին հաամոզմամբ՝ այս գումարները կարող էին նույն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղել, ինչը գոնե կչեզոքացներ ընդհանուր գնաճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի վրա։ Բայց այն բնականաբար չի արվում, հետևաբար այն հիմնավորումները, թե փող չկա, միջոցները սուղ են,որևէ քննադատության չեն ենթարկվում։ Ավելին՝ այդ գումարները կան , ուղղակի Կառավարությունն ուզում է իր հայեցողությամբ՝ ընթացիկ ծախսերի, պարգևավճարների, որոշակի ավտոպարկի թարմացմանը կամ նմանատիպ այլ ծախսերին ուղղել։ Ավելի քան 1,5 տարի տնտեսությունում բարձր գնաճային ֆոն ունենք։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկեր սոցիալապես խոցելի խավերի բեռը թեթևացնելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը հարվածում է սոցիալապես խոցելի խավերի գրպանին։ Բյուջեն պլանավորելիս պետք է հաշվի առնվեր գնաճային այն միտումները, որոնք տնտեսությունում առկա են ավելի քան 1,5 տարի»,- հավելեց նա։