Սիրած աղջիկ ուներ, ժամերն էր հաշվում, թե երբ է արձակուրդ գալու

Սիրած աղջիկ ուներ, ժամերն էր հաշվում, թե երբ է արձակուրդ գալու

Սերյոժա Ղազարյանը հայկական բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտի 23-ին։ Բանակ մեկնելուց առաջ արագ մկրտել են, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին արդեն մեկուկես տարվա ժամկետային զինծառայող էր։

Քույրը՝ Լաուրա Ղազարյանը, «Հրապարակին» պատմեց, որ ավագ եղբայրը բարության մարմնացում էր: «Սերյոժան շատ բարի էր: Եթե ուզում էր ինձ ասել, որ ինչ-որ բան սխալ եմ անում, կամ այն չէ, բացատրում էր, սովորաբար կատակներով ակնարկում էր: Ինքն այնքան բարի էր, իրեն բոլորն էին սիրում՝ դասընկերները, ուսուցիչներն ու դասախոսները։ Բայց իմ եղբայրը հերոս դարձավ, որ հիմա էլ երկնքից պաշտպան լինի ինձ»,- ասաց Լաուրան։

Մայրը՝ Ալբինան, պատմում է, որ որդին զանգում էր օրական երկու անգամ՝ մի քանի վայրկյանով, սակայն սեպտեմբերի 13-ին նախորդած մի քանի օրը սկսել էր հաճախ զանգել: «Ինձ վերջին շրջանում սկսել էր ասել «մերս», առաջ «մամս» էր ասում: Վերջին օրերին օրական 4, 5 անգամ կարող էր զանգել, երկար խոսել՝ 10-15 րոպե: Այնպիսի տպավորություն էր, կարծես չէր ուզում հեռախոսն անջատել: Երեւի ինչ-որ բան զգում էր տղաս, պարզապես մեզ չէր ասում»,- ասաց տիկին Ալբինան:

Հայրը՝ Սերժ Ղազարյանը, շեշտում է, որ որդին շատ պատասխանատու զինվոր էր, երբ դիրքեր են բարձրացել, հայրը հարցրել է, թե քանի հոգով են։ Ասել է․ «Պապ, չեմ կարող ասել»։  Չափազանց պատասխանատու է մոտեցել ծառայությանը, վայելել է հրամանատարի ու մարտական ընկերների սերն ու հարգանքը:

Հայրը պատմում է, որ պատերազմի ժամանակ դիրքում երեք հոգուց մեկին մահացու վիրավորում է հասցրել թշնամին, մյուս ընկերն էլ է վիրավորվել, Սերյոժան վիրավոր ընկերոջն իջեցրել է դիրքից՝ մոտակա ձորակը, վերցրել ավտոմատն  ու վերադարձել թեժ գործողությունների վայր՝ օգնության հասնելու շրջափակման մեջ ընկած վիրավոր զինվորներին: Այդ պահից ի վեր ծնողները փորձել են պարզել, թե որտեղ է իրենց որդին ու ինչ կարգավիճակում:
Միայն նոյեմբերի 5-ին ստացած զանգով տեղեկացրել են, որ ԴՆԹ-ի համընկնում կա։ Մինչեւ վերջին փամփուշտը կռված զինվորներին թշնամին չի խնայել՝ սպանել է տեղում։ Սերյոժան ու եւս մեկ զինծառայող Վերին Շորժայի այդ ձորակում պայքարել են 20 հոգանոց թշնամու հատուկ ստորաբաժանման դեմ ու զգալի կորուստներ պատճառել թշնամուն, սակայն զինվորներին օգնության չեն հասել:

Սերյոժայի քեռակինը՝ Արփինե Զաքինյանը, պատմում է, որ Սերյոժան միայն իր հետ էր կիսվում։ Նա սիրած աղջիկ ուներ ու արձակուրդի ժամերն էր հաշվում, թե երբ պիտի գա ու հանդիպի սիրելիին: «Ինձ հիմնականում միայն իր սիրած աղջկանից էր պատմում, կլանված էր, շատ էր սիրահարված այդ աղջկան: Սերյոժան շատ լավ էր ծառայում ու խրախուսական արձակուրդ պիտի ստանար, սեպտեմբերին պիտի գար, բայց սեպտեմբերի 13-ին ամեն ինչ փոխվեց»,- ասում է Արփինեն։
Մանկության ընկերը՝ Վաչիկ Ալեքսանյանը, պատմում է, որ ինքն է Սերյոժային եղբոր մեքենայով զինկոմիսարիատ հասցրել, ու ասում է, որ ընկերների համար միշտ կազմ-պատրաստ կանգնած է եղել:

«Եթե զանգում էինք, ասում, որ ինչ-որ բանի կարիք ունենք կամ օգնության կարիք, երբեք չէր ասում՝ չեմ կարող, ոչ, նույնիսկ եթե գործ ուներ այդ ժամին, միեւնույն է՝ կասեր «այո»: Շատ կատակասեր էր, բարի, միշտ հասնող։ Իր հետ անցկացրած օրերն անհնար է մոռանալ: Երբ գնում ենք իր մոտ, չենք ասում՝ գնում ենք Սերոժի գերեզման, ընկերներով ասում ենք՝ գնում ենք Սերոժի մոտ: Մեզ համար ինքը կա ու միշտ էլ կլինի»,- ասաց Վաչիկը։

Սերյոժայի հայրն ասում է․ «Գոնե սա լիներ վերջին արհավիրքը, հայ ժողովրդի գլխին արհավիրք է եկել։ Բոլորն էլ մեր տղաներն են, բոլոր նահատակված տղաներն էլ հերոս են, բայց գիտե՞ք, ինչքան էլ ասենք՝ հերոս տղա ունենք, դժվար է մեզ համար խոսել, կիսվել հիշողություններով»։