Սրբուհի Գալյանը թաքցնում է, թե ինչ է արել Աննա Հակոբյանի ընկերուհու դեմ դիմումը

Սրբուհի Գալյանը թաքցնում է, թե ինչ է արել Աննա Հակոբյանի ընկերուհու դեմ դիմումը

Նախորդ ամիս մենք հրապարակում էինք արել, որ փաստաբան Գոռ Մարգարյանը դիմել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցեն։ Փաստաբանն իր դիմումում  նշում  է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանի վարույթում քննվել է քաղաքացիական գործ՝ ըստ հայցի «Քլասիս Լայթինգ» ՍՊԸ-ի՝ ընդդեմ Մինիոնա Դեմիերր-Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջով։ Գործը, ըստ էության, լուծելու արդյունքում կայացվել է վճիռ, որը պետք է հրապարակվեր «Դատալեքս» տեղեկատվական համակարգում, 2023 թվականի մայիսի 31-ին, սակայն մինչ օրս այն չի հրապարակվել։ Բացի այդ, վճիռը պետք է ուղարկվեր հայցվորին` ոչ ուշ, քան վճռի հրապարակման հաջորդ օրը, այն է՝ 2023-ի հունիսի 1-ը, սակայն մինչ օրս այն ոչ միայն հրապարակված չէ Դատալեքսում, այլ նաեւ ուղարկված չէ հայցվորին։ 

Փաստաբանը, դիմելով նախարարությանը, խնդրել է դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ կից ներկայացնելով «Դատալեքս» կայքից արված արտատպումը։ 

Ի՞նչ ընթացք է տվել այս դիմումին արդարադատության նախարարությունը․ փորձեցինք ճշտել նախարարությունից։ Նախարարի մամուլի խոսնակը մեր հարցին ի պատասխան՝ ուղարկեց մի անհասկանալի բովանդակությամբ պատասխան, որը հրապարակում ենք․ « «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա: Նույն օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը։ Վերոգրյալի հիման վրա Արդարադատության նախարարությունը, նպատակ ունենալով զերծ մնալ որևէ դատավորի գործունեությանը միջամտելուց, ինչպես նաև բարձր պահել դատարանի և դատավորի հեղինակությունը, ձեռնպահ է մնում որևէ տեղեկություններ հրապարակայնացնել դատավորների վերաբերյալ առկա հաղորդումների, ինչպես նաև կարգապահական վարույթների առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում քննարկվում է հրապարակային նիստում, որտեղից էլ հանրությունը կարող է ստանալ տեղեկություններ առկա վարույթների վերաբերյալ»։ Այս պատասխանից ստացվում է, որ Սրբուհի Գալյանը չի պատասխանում մեր հարցին, ոչ ասում է՝ մերժել է դիմումը, ոչ՝ կարգապահական վարույթ է հարուցել։

Նշենք, որ Նաիրա Հովսեփյանի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, եւ մեկ անգամ արդեն նրա նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է հենց այս հիմքով, որ դատավորը լավ հոգեվիճակում չէ եւ այլն: Սակայն նրա նկատմամբ այս ներողամիտ վերաբերմունքի պատճառը ոչ թե հերոս որդին է, այլ նա Աննա Հակոբյանի անմիջական հովանավորությունն է վայելում․ նրանք մտերիմ ընկերուհիներ են։ Նրանց մտերմության շնորհիվ էլ Հովսեփյանը կարիերային աճ է ունեցել։ Դարձել է ԲԴԽ անդամ, ապա՝ այս տարվա մայիսին թողել է ԲԴԽ անդամի պաշտոնը, 3 ամիս անց ընտրվել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ Այդ ժամանակ էլ դատական համակարգում նրա հետ կապված լուրջ դժգոհություններ կային, եւ անգամ տհաճ խոսակցություններ, թե ինչպես է մարդկանց իրավունքները ոտնահարած դատավորն ընտրվել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։