Որպեսզի նույն բորշչը չուտենք՝ փակե՛լ Քաղաքաշինության կոմիտեն. Սարհատ Պետրոսյան

Որպեսզի նույն բորշչը չուտենք՝ փակե՛լ Քաղաքաշինության կոմիտեն. Սարհատ Պետրոսյան

«Վերջին ամիսներին, երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, առաջարկել եմ փակել այդ հիմնարկը, իսկ եթե չեն փակում, ապա ոչ մի դեպքում ղեկավար չնշանակեն մասնագիտությամբ ճարտարապետի։ Հայաստանի անկախության շրջանում միայն մեկ անգամ ենք ունեցել մասնագիտությամբ ճարտարապետ քաղաքաշինության նախարար (կամ կոմիտեի ղեկավար), ինչը բերել է այս վիճակին։ Բայց այս գրառումն ավելի շատ փակելու մասին է քան՝ ում նշանակելու»,- ճարտարապետ, քաղաքաշինարար, «Ուրբանլաբի» հիմնադիր Սարհատ Պետրոսյանը նշել է Ֆեյսբուքի իր գրառման մեջ։ Դիտարկումները նրան բերել են այն մտքին, որ տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարություններում 3 հոգանոց մեկական ստորաբաժանում կամ մասնագետ պահելով հնարավոր է իրականացնել ավելի քան 100 աշխատակից ունեցող այդ մարմնի աշխատանքը և «ունենալ շատ ավելի լավ արդյունք, քան ունենք հիմա»։ Վերջին տասնամյակում Պետրոսյանը բազմիցս է հրապարակավ անդրադարձել հարցին, այս անգամ առիթը կառավարությունում վարչապետի գլխավորությամբ ապրիլի 2-ի քննարկումն էր, որում շոշափվել են նաև այս բնագավառում կուտակված խնդիրները. «Դատելով ներկաների կազմից, կարելի է ենթադրել քննարկման բովանդակությունն ու ավելին՝ արդյունքները։ Ցավոք, կառավարությանն այդպես էլ չի հաջողվում լուծել բնագավառի (որն այս պահին կոչվում է քաղաքաշինություն) խնդիրներն ու հասկանալ, թե վերջիվերջո ինչ ենք ակնկալում այս ուղղությամբ»։

Մեկ առ մեկ նշելով, թե ինչ գործառույթներ ունի և դրանք ինչպես է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեն, Սարհատ Պետրոսյանը եզրահանգումներ է անում. 1. Քաղաքաշինության կոմիտեի գոյությունը խանգարում է, որ համայնքները կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը խորամուխ լինեն պլանավորման փաստաթղթերի կիրառելիության խնդրում։ 2. Կոմիտեն չունի և չի կարող ունենալ մասնագիտական ներուժ շինարարական մրցույթների մասնակից կազմակերպությունների որակի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար… Դա շատ հանգիստ կարող է անել համապատասխան հնարավորություններ ունեցող ցանկացած այլ մարմին (թվարկված են)։ 3. Լիցենզավորման իրավունքը Ճարտարապետների պալատին մասնակիորեն տալուց հետո բարեփոխումը պետք է ավարտին հասցնել, ազատականացնել ողջ դաշտն ու անցնել ինքնակարգավորման (տեսլականը դեռևս 2013-ին է ներկայացրել կառավարությանը)։ 4. Պետական շինարարությունը պետք է ապակենտրոնացվի, ինչը հիմնականում արվել է վերջին տասնամյակի ընթացքում, երբ քաղաքաշինության նախարարության համանուն ԾԻԳ-ը փակվեց. «Քաղաքաշինության նախարարի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակումից հետո քաղաքաշինության նախարարությունը սկսեց զբաղվել խոշոր կառուցապատման նախագծերով՝ ստեղծելով համանուն վարչություն ու խառնվելով ամբողջովին համայնքային գործառույթ հանդիսացող պրոցեսում։ Օրինակ, ի՞նչ գործ ունի պետական մարմինը «Հին Երեւան» կամ թիվ 33 (Ֆիրդուսի) թաղամասերի հետ»։ Պետրոսյանի պնդումն է, որ քանի դեռ Կոմիտեում այս գործառույթը կա, ու նրա ղեկը վստահվում է մասնագիտությամբ ճարտարապետների, «կունենանք լավագույն դեպքում նույն «բորշչը», ինչ ունեցել ենք 2018 թվականից, կա՛մ կոռուպցիայի ու շահերի բախման պատճառով անընդհատ նոր մեղադրյալներ կունենանք, կա՛մ հերթական «ոլորտի լավագույն մասնագետին» գործից կհանենք։ Իսկ եթե կառավարությանը թվում է, թե համայնքները նման կարողություններ չունեն, ապա կա՛մ պետք է օգնել համայնքներին ունենալ նման կարողություններ, կա՛մ այս պրոցեսում մասնավոր խորհրդատուներ ներգրավել, ինչը շատ ընդունված պրակտիկա է տարբեր երկրներում»։ Պետրոսյանը նաև հիշեցնում է, որ գործող սահմանադրության տրամաբանությունը չի ենթադրում կառավարությանն առընթեր մարմինների կողմից քաղաքականության մշակում։ Սակայն եթե նույնիսկ դա էլ չլիներ. «Թող ներեն ինձ Քաղաքաշինության կոմիտեի իմ գործընկերները, այս պահին այս կազմով կոմիտեն ի վիճակի չի բնագավառում բարեփոխումներ անելու (վկան՝ նախորդ տարվա վերջին շրջանառված՝ բնագավառի զարգացման ռազմավարությունը)»։ Պետրոսյանն այստեղ առաջարկում է միջազգային դոնորների ու տեղացի (հատուկենտ) փորձագետների հետ քննարկել, ներառական սկզբունքով մշակել բնագավառի բարեփոխումների փաթեթ, կամ ավելի ճիշտ՝ բնագավառը «քանդել-հավաքելու» հայեցակարգ, ու որևէ պետական մարմնի կամ վարչապետի աշխատակազմին հանձնարարել 1-2 հոգանոց թիմով և վիրահատական մեթոդով իրականացնել դրանք։ Իսկ ի՞նչ պետք է անեն այսօր կոմիտեում աշխատող «մեր գործընկերները»։ Հարցին Պետրոսյանն այսպիսի պատասխան ունի. «Նրանց մի մասը հանրային կառավարման մարմիններում ու մասնավոր սեկտորում պահանջված են լինելու, եթե ունեն պատշաճ մասնագիտական կարողություններ, իսկ եթե չունեն, ապա, ցավոք, այս գրառումն իրենց մասին չէ։ Մարմնի՝ այս պահին անղեկավար լինելը շատ լավ հնարավորություն է նման փոփոխություն անելու համար, հակառակ դեպքում, հավատացնում եմ, շատ ամոթ կլինի թե՛ ներկա կառավարության, թե՛ ողջ բնագավառի համար, եթե երկու տարվա ընթացքում երրորդ սխալ կամ անարդյունավետ նշանակումը կատարվի»։