ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ վարչապետ

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստը սկսեց կորոնավիրուսի դեպքերի վիճակագարական տվյալներով։ 

Նա նշեց, որ միայն երեկվա դրությամբ մեկ օրվա արդյունքներով աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել է 100 հազարը, ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։ Եվ երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են համաճարակի ակտիվ փուլ։

«Ուզում եմ ընդգծել, որ երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ ըստ էության հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել։ Սա, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, և այս առումով է կարևորվում դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նորից ընդգծեց, որ իրենց հակահամաճարակային ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան մոտեցնել զրոյին նոր դեպքերի թիվը։

Ըստ Փաշինյանի՝ տուգանքների մասով որոշ հայտնի շրջանակներ փորձում են շահարկումներ անել։ «Այո, մենք ասում ենք, որ այդ թվում ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Եվ այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ, և մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակներ կրեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացների գիատակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայով»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։