Ադրբեջանն Ամարասը ներկայացնում է որպես աղվանական կառույց
Միջնադարյան Հայաստանի եւ Արցախի ամենանշանավոր վանական համալիրներից մեկը՝ Ամարասը, Ադրբեջանը ներկայացնում է որպես աղվանական։ Մինչդեռ, ըստ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի, Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցին 4-րդ դարի սկզբին կառուցել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ ավարտին է հասցրել նրա թոռը՝ Գրիգորիսը, որին, ըստ հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացու, հուղարկավորել են եկեղեցու արեւելյան կողմում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել է Արցախի առաջին դպրոցը։
Ամարասը եղել է Արցախ-Ուտիք երկրամասի հոգեւոր եւ եպիսկոպոսանիստ կենտրոններից մեկը։ Դարերի ընթացքում վանքը մի քանի անգամ ավերվել է օտար նվաճողների կողմից։ 15-16-րդ դարերում այստեղ գրվել եւ ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ 2023 թվականի սեպտեմբերին Ամարասն օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։
Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է Արցախի եւ Ուտիքի հայության հոգեւոր-մշակութային կենտրոններից Ամարասը լինել աղվանական մշակութային կառույց, երբ անգամ դուրս էր բուն Աղվանքի տարածքից։
Կարծիքներ