Ծիրանի բերքն այս տարի բնական միջինից 50 տոկոսով պակաս է

Ծիրանի բերքն այս տարի բնական միջինից 50 տոկոսով պակաս է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում  հայտարարեց, թե ինքը շարունակում է մնալ այն կարծիքին, որ գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծումը մտածողության
փոփոխությունն է: Նա նաև մունաթ եկավ գյուղացիների  վրա, թե «կոկիկ հագնվեք, նոր մտեք այգի»։

Նա նաև հայտարարեց․«Հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի, քանի որ այս կուլտուրայով հնարավոր չէ այնպես անել, որ  գյուղացին հարստանա: Ես անցնում եմ և ծառերին եմ նայում, և դրանց մեծամասնության տեսքն ասում է, որ եկամուտ չի բերելու այդ ծառը»։
 

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը այս առնչությամբ մեկնաբանեց՝ դեռ 2 ամիս առաջ զգուշացրել է՝ այս տարի փոշոտում չկա։ «Հայտարարությունով հանդես ենք եկել, դիմել ենք կառավարությանը, որ գյուղացուն օգնություն է պետք, որ բազմաթիվ սնկային հիվանդությունների է բերել այդ գերխոնավությունը, և ծիրանը՝ պտուղը վարակված է»։

Հրաչ Բերբերյանը հավելում է՝ բացի դրանից՝ այս տարի ահավոր շատ է մեղուների անկումը, ինչը նշանակում է , որ նորմալ փոշոտում չի եղել։

«Տարբեր երկրներ դա կապում են բջջային կապի հետ․ Լեհաստանը, Անգլիան, Ֆրանսիան, ուրիշ երկրներ էլ գրում են, որ անկումը թունաքիմիկատներից է , չգիտեմ, մեր մոտ դեռ ուսումնասիրություններ չեն արվել։ Բնականաբար, փոշոտում․․․ դա կապված էր նաև նրա հետ, որ անձրևների քանակը շատ էր, մեղուն չաշխատեց»։

Անդրադառնալով գյուղացու՝ կոկիկ հանգնվելու վարչապետական խորհրդին՝ Բերբերյանն ասում է․ «Չելենտանոյին տեսել եք ,«Կամակոր տղամարդու սանձահարումը», հլը տեսեք՝ ինչ կոկիկ է հանգնված, պատռված մայկայով, ինչի՞ հագուստով է  ֆերմերը երևում։ Կամ եթե կառավարությունում մի մարդ չկա, որ գյուղատնտեսությունից գիտելիք ունենա, գյուղացի՞ն է մեղավոր»,-ասում է Բերբերյանը։