Եթե իսկապես Լավրովը «հոգնած» է ու նյարդային

Եթե իսկապես Լավրովը «հոգնած» է ու նյարդային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում րագրողների հետ հանդիպմանը Արցախի Փառուխ գյուղի հետ կապված հարցին պատասխանել էր, որ ռուս զինվորականների համար այդ հարցը առաջնային հարցերից մեկն է, եւ այն կքննարկվի ու կլուծվի դելիմիտացիոն աշխատանքների ժամանակ։

Դրան ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որով դժգոհություն էր արտահայտվում Լավրովի հայտարարության մասին.«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված հանձնաժողովների սահմանազատման հանձնաժողովների գործունեությունն ուղղված է երկու երկրների պետական ​սահմանի սահմանազատմանը, ինչպես նախապես ծրագրված էր։ Այս գործընթացը չի նախատեսում ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում, սակայն, Լավրովի խոսքը սղագրվել է խմբագրված, իմաստային առումով փոփոխված: Ենթատեսքից հանվել է այն բուն միտքը որը ասվել էր Երեւանում: «Ռուս զինվորականները, մեր հայ գործընկերները այդ մասին լավատեղյակ են, այն դիտարկում են որպես իրենց առաջնահերթություններից մեկը: Փառուխում արդեն «գետնի վրա» որոշակի արդյունքներ կան իրավիճակի ապաէսկալացման տեսանկյունից:  Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը կնպաստի Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության բարձրացմանը եւ թույլ չի տա Փառուխում տեղի ունեցածի նման միջադեպեր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության կազմում». գրված է ԱԳՆ հայտարարության մեջ: 

Ի՞նչ է սա նշանակում. Լավրովը գալիս է Երեւան, հուսադրող եւ դաշնակցին վայել մի բան է ասում, գնում է «տուն»՝ Մոսկվա, այնտեղից ուրիշ բան է ասում. թե բա՝ հույս ունենք, որ չի կրկնվի: Այսինքն, դե լավ, ինչ եղել՝ եղել է, մի գյուղ ավել, մի գյուղ պակաս Ադրբեջանին կանցնի, կարեւորը՝ ադրբեջանական կողմի «հավին քշա» չասենք: Կներեք, պարոն Լավրով, բա խաղաղապահ զորքը էլ ինչի՞ համար է Արցախում, որ ադրբեջանցիները որ կողմից ուզենան՝ մտնեն ու դուրս չգան: Չէ՞ որ սրանով հայերի մոտ անվստահություն է ձեւավորվում ռուսական զորախմբի ու նրա առաքելության նկատմամբ: Այսպես դաշնակիցների հետ չեն վարվում: 

Ադրբեջանական իշխանական մամուլը շտապեց արդարացնել Լավրովի բանավոր խոսքի ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության տարբերությունը. «Վերջին շրջանում Լավրովը բավականին հաճախ է իրեն թույլ տալիս նորմատիվ բառապաշարից ու դիվանագիտությունից դուրս հայտարարություններ: Նրա նյարդերը քայքայվել էին. եւ ոչ միայն Չեռնոգորիայի երկնքում, այլեւ Երեւանում, որտեղ Լավրովին դիմավորեցին, մեղմ ասած, անպարկեշտ խոսքերով։ Լավրովը վերջերս սկսել է սխալվել….Հնարավոր է, որ Անկարայում լարված բանակցություններից հետո Լավրովը ինչ-որ չափով հոգնած կամ ցրված է եղել և սխալմամբ Ֆարուխը վերագրել է «ադրբեջանա-հայկական սահմանի մի շարք վիճելի տարածքների»։ Ակնհայտորեն շփոթված կամ սխալ խոսակցություն: Ու՞մ հետ չի պատահում մեր դժվարին ժամանակներում»:

Իսկապե՞ս Լավրովի նման փորձառու դիվանագետը հոգնած է եղել ու խառնել է, թե ինչ է խոսում: Թե՞ ադրբեջանական կողմի զայրույթը փարատելու համար է խմբագրվել փորձառու դիվանագետի խոսքը: Վերջին շրջանում ռուսական կողմը հաճախ է տեղի տալիս ադրբեջանական կողմի ճնշումներին, «խմբագրում» խոսքերն ու քայլերը:  Օրերս էլ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը հանեց ԱՀ Պետական նախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը, որը մեծ աղմուկ ու դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում, անգամ կայքն են արգելափակել: Իսկապե՞ս ռուսական դիվանագիտությունն արդեն այնքան հոգնած է ու նյարդային, որ չի կարող պատշաճ կերպով պաշտպանել իր դաշնակից ու բարեկամ երկրին՝ Հայաստանին, որն իրեն է վստահել իր սահմանների անվտանգությունը: Եթե այո, ապա դրա շուրջ մտածել է պետք…