Հայաստանը կարող է զրկել խորվաթներին «Եվրոյի» ուղեգրից

Այսօր և վաղը, ինչպես հայտնի է, կայանալու են Եվրո 2024-ի ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումները։ Հայաստանի ազգային հավաքականը վաղը դրսում խաղալու է Խորվաթիայի ընտրանու հետ։ Երևանյան վերջին խաղում չհաղթելով Ուելսի ընտրանուն, պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականը կորցնում է հնարավորությունը՝ պատմության մեջ առաջին անգամ հայնտվելու Եվրոպայի առաջնության հիմնական մրցափուլում։
Ընտրական փուլի վերջին տուրից առաջ մեր խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի։ Թուրքիան վաստակած 16 միավորով խմբի առաջատարն է, Խորվաթիան 13 միավորով երկրորդն է, 11 միավոր վաստակած Ուելսը երրորդն է, Հայաստանը 8 միավորով 4-րդ տեղում է, իսկ խմբի հետնապահը Լատվիան է, որը 8 խաղում ընդամենը 3 միավոր է վաստակել։
Հիշեցնենք, որ հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հայտնվելու են այն երկրների հավաքականները, որոնք ընտրական փուլի իրենց խմբերի մրցաշարային աղյուսակներում զբաղեցնում են առաջին ու երկրորդ տեղերը։
Վերջին տուրից առաջ մեր խմբում նույնպես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ու ամեն ինչ հստակեցվելու է միայն վաղվա խաղերից հետո։ Երկրորդ տեղի համար պայքարելու են Խորվաթիան ու Ուելսը։ Ի դեպ, եթե Հայաստանի հավաքականին հաջողվի դրսում առավելության հասնել խորվաթների նկատմամբ, իսկ Ուելսը տանը պարտության մատնի Թուրքիային, ապա Խորվաթիան կզրկվի «Եվրոյի» ուղեգրից՝ տեղը զիջելով Ուելսին։
Կարծիքներ