«Վահագն Դադրյանի գործունեությունը մի իսկական առասպել է». տեղի է ունեցել հիշատակի հուշ-երեկո

«Վահագն Դադրյանի գործունեությունը մի իսկական առասպել է». տեղի է ունեցել հիշատակի հուշ-երեկո

Կիրակի, օգոստոսի 7-ին Լոս Անջելեսի Պոլսահայերի միությունում տեղի է ունեցել մեծանուն գիտնական, ցեղասպանագետ Վահագին Դադրյանի հիշատակի հուշ-երեկոն։ Բանախոսներից ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանն իր ելութում մասնավորապես նշել է. «Ականավոր գիտնական Վահագն Դադրյանի թե կյանքի անցած ճանապարհը, և թե գիտական գործունեությունը, առանց վարանելու, կարելի է բնութագրել որպես մի իսկական առասպել։ Անգնահատելի է Դադրյանի ներդրումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների բնագավառում։

Առավել քան այսօր, չափազանց կարևոր է Դադրյանի հիշատակի ոգեկոչումը և ևս մեկ անգամ նրա գիտական ժառանգության վերարժևորումը, հատկապես, երբ մեր հայրենիքը կրկին հայտնվել է չափազանց բարդ և ճակատագրական մի իրողությանը դեմ հանդիման, երբ կրկին Հայաստանն ու Արցախը հայտնվել են գերտերությունների շահերի ալեբախումների շրջածիրում, և թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները շարունակում են մնալ որպես սպառնալիք հայ ժողովրդի գոյությանը և Հայաստանի ինքնիշանությանը։ Հայ ժողովուրդը կրկին հայտնվել է ցեղասպանության վտանգի առջև։ Վահագն Դադրյանի ուսումնասիրությունները ներկայացնում են հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանի այն չլուծված հարցերը, որոնց ուղղակի հետևանքն է Հայաստանի Հանապետության ներկայիս բարդ իրավիճակը։

Դադրյանը բարձրագույն ուսումն ստացել է Բեռլինի, Վիեննայի և Ցյուրիխի համալսարաններում։ Ուսանել է մաթեմատիկա, հետագայում սոցիոլոգիա, իրավագիտություն, պատմություն։ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում դասավանդել է սոցոլոգիա, սոցիալ-հոգեբանություն, քրեագիտություն և այլ առարկաներ։ Այս լայնածավալ գիտելիքների և օտար լեզուների փայլուն իմացության միաձուլման արգասիքն են Դադրյանի բազմաթիվ հոդվածներն ու գրքերը Հայոց ցեղասպանության բնագավառում, ուսումնասիրություններ, որոնք հիմնարար աղբյուագիտական փաստարկումներով ու նրա մաթեմատիկական ճշգրիտ մտածողությամբ նոր որակ հաղորդեցին և նոր հարթության վրա բարձրացրեցին Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունը։ 

Վահագն Դադրյանն իր ուսումնասիրությունները հարստացրել է աշխարհի տարբեր արխիվներում պահվող Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմալեզու վավերագրերով՝ կիրառելով գիտական ուսումնասիրման միջառարկայական նոր մեթոդաբանություն, առաջարդված խնդիրները քննելով պատմագիտության, միջազգային իրավունքի և սոցոլոգիայի տեսանկյունից։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ դնելով տարբեր երկրներում պահվող արխիվային փաստական մեծաքանակ նյութեր՝ նաև համեմատական ցեղասպանագիտության տեսությունների ու մեթոդի կիրառումով հիմնարար և համակողմանի վերլուծության է ենթարկել Հայոց ցեղասպանության իրողությունը»։ 

Լուսինե Սահակյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: