ՍԴ որոշումից հետո հոգաբարձուների խորհուրդները կձեւավորվեն հին կարգով

ՍԴ որոշումից հետո հոգաբարձուների խորհուրդները կձեւավորվեն հին կարգով

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ԱԺ 7-րդ գումարման կողմից ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։

Մասնավորապես հակասահմանադրական են ճանաչվել հետեւյալ կետերը․ 

«3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման եւ լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը»։ 

Սրանք այն կետերն են, որոնք նախագահի կողմից ստորագրվելու պարագայում խաթարելու էին բուհերի ինքնավարություն, քանի որ, օրենքի համաձայն, բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը` կառավարությունն ու ԿԳՄՍՆ-ն, սա էլ իր հերթին զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ 

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կանդրադառնա այս որոշումը բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի ճակատագրի վրա, եւ ինչ իրավական գործընթաց է սրան հաջորդելու։

«Նախ՝ ՍԴ որոշումը շատ տրամաբանական էր, իրավաբանական համայնքը սպասում էր նման բովանդակության որոշման եւ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասը, որ ամրագրում է բուհերի ինքնակառավարման իրավունքը, որն անմիջականորեն գործող նորմ է: Հետեւաբար, մյուս իրավական ակտերը, կլինեն դրանք օրենսդրական, թե ենթաօրենսդրական ակտեր, անպայմանորեն պետք է համապատասխանեն Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին եւ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշմանը: Սրանից բխում է, որ կառավարության որոշումը, որը եւս վիճարկվում է ՍԴ-ում, համապատասխան որի՝ բուհերի կառավարման խորհուրդների ե՛ւ համամասնությունն էր փոխվել, ե՛ւ քանակական կազմը, այն իջեցվել էր 20-ի, որից 13-ին նշանակում էր լիազոր մարմինը` ԿԳՄՍՆ-ն ու կառավարությունը, կոպիտ ասած` քաղաքական իշխանությունը, իսկ բուհից ընդգրկվում էին 2 դասախոս եւ 5 ուսանող: ՍԴ որոշումից հետո սա նշանակում է, որ այդ որոշումն ինքնաբերաբար եւս չի գործելու, այսինքն՝ եւս ճանաչվում է հակասահմանադրական, որովհետեւ չի կարող ՍԴ-ն օրենքի մասով մի դիրքորոշում արտահայտել, կառավարության որոշման մասով` այլ դիրքորոշում: Ընդ որում՝ կառավարության այդ որոշումը ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ կառավարման տեսանկյունից էլ է ոչ ճիշտ, որովհետեւ եթե հոգաբարձուների խորհրդում բուհը ներկայացված է 7-հոգանոց կազմով, դա եւս անտրամաբանական է»:

Սրանից բացի, ըստ Վ. Հովհաննիսյանի, կարելի է մեկ այլ կարեւոր հետեւություն եւս անել. «Հիմնադրամների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ արդարադատության նախարարը նշանակում է 3 հոգուց բաղկացած ժամանակավոր անցումային  խորհուրդ, այդ նորմը բուհերի նկատմամբ եւս չի կարող կիրառելի լինել.

«Այդ մասով ՄԻՊ-ը եւս դիմել է ՍԴ, ուստի ամենակարճ եւ ռացիոնալ լուծումը ստեղծված իրավիճակում կհանդիսանա բուհերի հոգաբարձուների խորհուրդը սահմանադրաիրավական նորմերի բովանդակությանը համապատասխան ձեւավորելը ճիշտ համամասնությամբ, որի պայմաններում կապահովվի բուհի ինքնակառավարման իրավունքը»: 
Թե որն է ճիշտ համամասնությունը` նախկին կարգի համաձայն 25-25-25-25 տոկոսային համամասնությա՞մբ այն ձեւավորելը, Վ. Հովհաննիսյանն ասաց.

«Կարեւոր չէ, որ նախկին կարգը լինի, կարեւորն այն է, որ ձեւավորվի այնպիսի համամասնություն, որը կապահովի բուհի ողջամիտ ինքնավարությունը: Ինքնավարությունը պետք չէ բացարձականացնել եւ դարձնել այնպիսին, որ բուհի ինքնավարությունը վերածվի բուհական կամայականության։ Դա էլ ճիշտ չէ: Ճիշտը ողջամիտ ինքնավարության ապահովումն է եւ կառավարման խորհրդում բուհերի ներկայացուցիչների եւ պետական իշխանության ներկայացուցիչների բալանսավորված ներկայությունն է, որպեսզի բուհը հնարավորություն ունենա քաղաքական իշխանությունից զատ գործել: Իսկ վերջին փոփոխություններն ամբողջությամբ կախման մեջ են դնում բուհը քաղաքական իշխանությունից:

Կոնկրետ բուհը` ԵՊՀ-ի օրինակով նշեմ, երբեք լիակատար անկախություն քաղաքական իշխանությունից չի ունեցել, բայց գոնե իրավական տեսանկյունից այդպիսի հնարավորություն ամրագրված է եղել: Խնդիրը հենց դա է: Մի կարեւոր հանգամանք եւս․ ճիշտ է՝ ԵՊՀ-ն, իմ կարծիքով, երբեք քաղաքական իշխանությունից զատ լիակատար չի գործել, բայց երբեք էլ քաղաքական իշխանության վերահսկողության տակ չի եղել, նույնիսկ՝ խորհրդային տարիներին»:

Վ. Հովհաննիսյանն ընդգծում է` քանի որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքը, սա նշանակում է, որ այդ դիրքորոշումը պետք է կիրառվի, իմպլեմենտացվի մյուս իրավական ակտերի պարագայում եւս։ «Ուստի, որպեսզի պրոցեսները փակուղի չմտնեն, եւ ԵՊՀ-ն արագ այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերվի, միակ տարբերակն այն կլինի, որ ձեւավորեն գործող օրենքին համապատասխան հոգաբարձուների խորհուրդ, որը կիրականացնի նորմալ ծրագրային, մրցակցային ընտրություն, հակառակ պարագայում ցանկացած արդյունք կլինի ոչ լեգիտիմ»,- ասում է Վ. Հովհաննիսյանն ու ի պատասխան այն հարցին, թե իշխանությունները հնարավորություն ունե՞ն այլ ճանապարհով այդ կետն անցկացնել, նշում է. «Ոչ, Սահմանադրական դատարանի դիրքորոշումը գերակա է»: