Գործարք՝ ընդդեմ ուժայինների

Գործարք՝ ընդդեմ ուժայինների

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Ոստիկանության եւ Հանրային ծառայության մասին օրենքներում փոփոխությունների աղմկահարույց նախագծերը։ Առաջարկի իմաստն այն է, որ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանության պետի պաշտոնները համարվեն քաղաքական, ու այդ պաշտոններում նշանակվեն պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք, այն է՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարին Հայաստանում մշտապես բնակված, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սա նշանակում է, որ ցանկացած մեկը, չունենալով անգամ բարձրագույն կրթություն, կարող է զբաղեցնել ուժային կառույցի ղեկավարի պաշտոնը։ Մինչդեռ գործող օրենսդրությամբ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է համակարգի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է դառնալ ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:  Մի քանի օր է՝ բուռն քննարկումներ կան այս նախագծի շուրջ։ Շատերն են հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել այն իրավիճակը, երբ ուժային կառույցների ղեկավար դառնա պատահական մեկը, ով չունենա մասնագիտական կրթություն ու փորձառություն։ Ի վերջո, ուժային կառույցները, հատկապես՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը, ինչ-որ առումով ներքին չգրված կանոններ ունեն։ Այստեղ աշխատում են սպաներ, որոնք ունեն, ինչպես Արթուր Վանեցյանն է ասում՝ «սպայի պատվի» գիտակցություն, տիրապետում են ներքին անցուդարձին եւ այլն։ Մինչդեռ «դրսից» բերված ղեկավարը կարող է ռումբ դառնալ համակարգի համար եւ քանդել տարիների ստեղծածը։

Այսպիսի փոփոխություն անելու միակ իմաստն այն է, որ հեղափոխական իշխանությունը կաշկանդված չլինի եւ սույն պաշտոններում նշանակի ոչ թե համակարգի ներսից, այլ լրիվ նոր՝ հեղափոխական անձնավորության։ Բայց քանի որ հասկանում են, որ նման բան անել չի կարելի, առավել եւս՝ օրենքով, ուստի Նիկոլ Փաշինյանը որոշել է «չփչացնել» իր թիմակիցներին եւ դա անել «Լուսավոր Հայաստանի» ձեռքով։ Ավելին, խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ ԼՀԿ-ականները չէին թաքցնում, որ պետության ղեկավարը կաշկանդված է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնում նշանակումներ անելու հարցում, ուստի այս կարգավորմամբ հարցը լուծվում է։ Մասնավորապես, Տարոն Սիմոնյանն ասում էր․ «Հաշվի առնելով անցումային եւ հետհեղափոխական հասարակությունների առանձնահատկությունները, երբ հասարակարգը եւ քաղաքական միջավայրն ինչ-որ առումներով փոփոխությունների են ենթարկվում, նոր ձեւավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակել այդ կարեւորագույն պաշտոններում: Մենք առաջարկում ենք քաղաքական իշխանությանն ազատել այս կաշկանդվածությունից»։ Փոխարենը իշխող մեծամասնության պատգամավորները «ձեռքները տաքացրեցին» այս նախագծի վրա՝ ծաղրելով ու անվանարկելով ընդդիմադիրներին։

Օրինակ, Արտակ Մանուկյանը բարձրաձայնեց, որ առաջարկվող նախագիծն ավելի շատ բխում է քաղաքական իշխանության շահերից, եւ զարմանք հայտնեց, որ նախագիծը հակասում է փոխզսպող մեխանիզմների եւ հակակշիռների մասին ԼՀԿ-ի հայտարարություններին: Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ չէր սպասում, թե ընդդիմադիր խմբակցությունը կառաջարկեր այս նախագիծը: Ինչեւէ, նախագիծը թե՛ կառավարության, թե՛ պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանն էր արժանացել եւ առանց դեմ-երի, երկու ձեռնպահ քվեարկությամբ երեկ շուտափույթ ընդունվեց։ Ձեռնպահներն «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանն ու Թագուհի Թովմասյանն էին։

Երեկ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ դիմաց է քաղաքական փոքրամասնությունն իշխանության հետ նման գործարքի գնացել եւ սպասարկում է նրա շահերն ու ամբիցիաները։ Մարուքյանը մեզ ասաց, որ իրենց եւ իշխանության միջեւ որեւէ գործարք չի կարող լինել, բոլոր քննադատությունները պատվիրված են հատուկ կենտրոններից․ «Նախագիծը գործող ղեկավարների դեմ չէ, այլ համակարգի ապագայի զարգացման համար է»։ 

ԲՀԿ-ից էլ հոդաբաշխ բացատրություն չստացանք, թե ինչու են կողմ այս փոփոխությանը։ Պետաիրավականի անդամ Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ինքը նախագծի քննարկմանը չի մասնակցել, բայց քանի որ խմբակցությունը կայացրել է կողմ քվեարկելու որոշում, ինքն էլ է քվեարկել։ Իսկ ո՞վ է կողմնորոշել խմբակցությանը, եթե ինքն է հենց պետաիրավականի անդամ, եւ այդ հանձնաժողովն է դրական եզրակացություն տվել։ Պետրոսյանն ասաց, որ խմբակցությունը քննարկել է եւ որոշել, ու չցանկացավ կարծիք հայտնել փոփոխությունների վերաբերյալ․ «Եթե ես ասում եմ, որ ծանոթ չեմ այդ դրույթներին, ապա չեմ կարող կարծիք հայտնել»։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հարցին, թե ինչու եք կողմ փոփոխությանը, պատասխանեց․ «Որովհետեւ Հայաստանում ցանկացած կառույց պետք է վերահսկվելի լինի։ Այստեղ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման խնդիրն էր»։ Ի՞նչ ասել է դա։ «Շատ պարզ, երբ որ մարդիկ նշանակվում են որոշակի չափորոշիչներից ելնելով։ Այսինքն՝ մաքսիմալ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի այդ կարծրացած համակարգը վերահսկվի»։ Փորձեցինք ճշտել․ այսինքն՝ եթե վարչապետն իր համար վստահելի՝ քաղաքական դեմքերի գործուղի համակարգ, վերահսկողությունն ուժեղանալո՞ւ է,  հնաբնակների՞ն են վերահսկելու։ «Ոչ, ես Ձեզ ասում եմ այն, ինչ կա»,- ասաց Աբովյանն ու այլեւս իր ասածը հիմնավորող որեւէ փաստարկ չներկայացրեց։

ՕՐԵՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

Իրականում Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ փորձում է ազատվել ուժային երեք կառույցների՝ ՊՆ-ի, Ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարներից։ Նա որոշակի անվստահություն ունի երեքի նկատմամբ ու կարծում է, որ երեք պաշտոնյաներն իրավիճակն իրեն պատշաճ չեն զեկուցում։ Բացի այդ՝ ոչ բոլորն են կատարում իր կամայականությունները։ Ու որպեսզի կարողանա ուժային կառույցներ գործուղել իր մարդկանց, որոնց ինչպես ուզի, այնպես էլ կառավարի, ուստի անհրաժեշտ էր վերացնել օրենսդրական արգելքը։ Քանի որ նա անվստահություն ունի անգամ այս ղեկավարների նոր նշանակված տեղակալների նկատմամբ ու կարծում է, որ առաջին դեմքերին հեռացնելով հարցը չի լուծվում, ու նրանք կարող են դրսից կառավարել նախկին ենթականերին։ Մենք դեռեւս անցած շաբաթ էինք գրել, որ Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել, բայց այն մնացել է վարչապետի սեղանին։ Ազատման դիմումներ են պարտադրվել նաեւ Դավիթ Տոնոյանին եւ Վալերի Օսիպյանին։ Պարզապես համակարգի մարդիկ կարծում էին, որ պաշտոնանկությունները տեղի կունենան հոկտեմբերի վերջերին, Փաշինյանի՝ ԱՄՆ  եւ Պուտինի՝ Հայաստան այցից հետո։ Մենք տեղեկացանք նաեւ, որ շաբաթ օրը Փաշինյանը Սեւանից ձկան փառատոնը կիսատ է թողել ու շտապ վերադարձել Երեւան, «նեղ կռուգով» շտապ հավաք է հրավիրել ու ասել, որ հարցը պետք է արագացնել։
Իշխանության պլաններում է նաեւ մոտ ապագայում մի նոր նախարարության կամ կառույցի ստեղծումը, դիցուք՝ պետնախարարի պաշտոն, որն իր պատասխանատվության տակ կվերցնի նշված երեք կառույցները։ Սրանով էլ Փաշինյանը նպատակ ունի իր անմիջական պատասխանատվության տիրույթից դուրս բերել ուժայինների վերահսկողությունը՝ հնարավոր տհաճ իրավիճակներից մանեւրելու համար։
Նշենք, որ օրենքի երկրորդ եւ ամբողջական ընդունումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք քառօրյայի ընթացքում։ Դրանից  հետո Փաշինյանը կկարողանա իրագործել իր պլանները։