Սահմանադրությունը նորից պետք է փոխել, սխալների ուղղում անել ՍԴ-ի մասով

Սահմանադրությունը նորից պետք է փոխել, սխալների ուղղում անել ՍԴ-ի մասով

Թեպետ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կարգադրությամբ հետ են կանչվել արձակուրդից եւ արդեն մի  քանի շաբաթ է՝ մասնակցում են Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստերին, սակայն սահմանադրական հայտնի փոփոխություններից ցայսօր բարձր դատարանում նիստեր չեն կայանում։ Աշխատակարգային նիստեր, որպես այդպիսին, կայանում են, բայց դրանք իրավազոր չեն համարվում, քանի որ քվորում չի ապահովվում։

Թե ինչու՝ կառույցից հրաժարվում են բանավոր պատասխանել, վախենում են բարձր իշխանությունների վրդովմունքին արժանանալ։ Պաշտոնական պատասխանի փոխարեն խոսում են ՍԴ մեր աղբյուրները։ Բանն այն է, որ հունիսի 26-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով ու հարակից օրենսդրության մեջ իրականացված լրացումներով, իշխանությունները հակաիրավական, հակասահմանադրական մի «բորշչ» են եփել, որն ուտել հնարավոր չէ։ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն աշխատակարգային նիստերին այս թեմայով, կարելի է ասել, լիկբեզ են անցկացնում մյուս չորս գործընկերների հետ՝ մատնանշելով նոր փոփոխությունների խութերը, որոնք իրավական ճգնաժամ են ստեղծել բարձր դատարանում, եւ նման պարագայում ՍԴ-ում գործունեություն իրականացնելը, որոշումներ ընդունելն ու դրանց մասնակցելը լինելու են օրենքից դուրս։ Այդ պատճառով էլ քվեարկությունների չեն մասնակցում, եւ աշխատակարգային նիստերը չեն կայանում։

Մեր աղբյուրի պատմելով, աշխատակարգային մի քանի նիստեր են անցկացվել, որոնց ժամանակ Թովմասյանը հիմնականում հարց տվողի դերում է հանդես եկել։ Հարցադրումներն ուղղվել են գործընկերներից նախեւառաջ երկուսին՝ իշխանությունների սիրելի դատավորներ Վահե Գրիգորյանին եւ Արման Դիլանյանին։ Օրինակ, արդյոք այդ փոփոխությունները թո՞ւյլ են տալիս դադարեցնել Ալվինա Գյուլումյանի լիազորությունները։ Ավելի ճիշտ՝ Թովմասյանը, հղում անելով փոփոխված հոդվածներին, հիմնավորել է, որ հնարավոր չէ դադարեցնել Գյուլումյանի լիազորությունները, քանի որ ՍԴ անդամի լիազորությունների ավարտման եւ պաշտոնավարումը դադարելու համար նոր դրույթով առկա է երկու նախապայման․ առաջինը, որ նա պետք է նշանակված լինի մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը, երկրորդ՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ) նա պետք է պաշտոնավարած լինի ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի։

Մինչդեռ  Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարել է առաջին անգամ 1996-2003 թվականներին (7 տարի 4 ամիս) եւ երկրորդ անգամ՝ 2014 թվականից մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը (3 տարի 8 ամիս), ընդհանուր առմամբ` 11 տարի։
Կամ․ ՍԴ-ի մասին փոփոխված օրենքի համաձայն՝ դատարանի օրակարգում ընդգրկված հարցի զեկուցողին հնարավոր է փոխել փոփոխված սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց 3-շաբաթյա ժամկետում, այսինքն, հունիսի 26-ից սկսած երեք շաբաթվա ընթացքում ՍԴ-ում պետք է աշխատակարգային նիստեր հրավիրվեին, եւ բոլոր այն դիմումները, որոնց համար զեկուցող էին նշանակված Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը, որոնց լիազորությունները դադարեցվեցին, վերահասցեագրվեին այլ դատավորների։ Բնականաբար, չի արվել, եւ փորձում են անել հիմա՝ խախտելով օրենքն ու սահմանված ժամկետները։

Մինչդեռ այդ ժամկետը լրացել է նույնիսկ այն ժամանակ, երբ ուժի մեջ կմտներ ՍԴ-ի մասին փոփոխված օրենքը, քանզի Արմեն Սարգսյանը չստորագրեց այն, եւ իրավունքի ուժով 21 օր անց դա արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Եթե մի բան օրենքով նախատեսված չէ, ես ինչո՞ւ կամ ինչպե՞ս մասնակցեմ այդ գործընթացին»,- հարցրել է Թովմասյանը։
Առաջարկ է եղել՝ երկարացնել քաղաքացիների դիմումների քննության ժամկետները, այն դեպքում, երբ ՍԴ-ի մասին օրենքով դատարանը վեցամսյա ժամկետում պետք է այն քննի, վերջնական որոշում կայացնի՝ կա՛մ մերժի, կա՛մ կարճի։ Բազում դիմումներ կան, որոնց վերջնաժամկետը սպառվել է, Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հակադրվել են՝ հիշեցնելով, որ միակ օրինական լուծումը դրանց վերաբերյալ վերջնական ակտեր կազմելն է։

Կամ․ փոփոխված Սահմանադրության մեջ գրել են՝ դադարեցնել ՍԴ նախագահի լիազորությունները։ «Ո՞ր նախագահի, երբ ընտրված չէ, չկա ոչ մի կոնկրետացում։ Ստացվում է, որ այսուհետ ով ընտրվի ՍԴ նախագահ, սահմանադրության դրույթով դադարեցվելու են նրա լիազորությունները»,- նկատում է մեր աղբյուրը։

Նոր փոփոխությունների խութերից մեկն էլ այն է, որ 2015 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածով 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար՝ հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը: Սրա հիման վրա կատարվել են 2 առաջադրումներ եւ ընտրություններ՝ Արման Դիլանյանի եւ Վահե Գրիգորյանի: Այս անցումային դրույթը, սակայն, խմբագրվել է Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով, սահմանվել է առաջադրման նոր հաջորդականություն, արդյունքում Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի առաջադրումը հետին թվով դարձել է հակասահմանադրական, քանզի ստացվում է, որ այս պահին ՍԴ կազմում պաշտոնավարում է Ա. Դիլանյանը, որին առաջադրել է մի սուբյեկտ՝ դատավորների ընդհանուր ժողովը, որի առաջադրման հերթը չէր, եւ կա սուբյեկտ՝ կառավարությունը, որը ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեր դեռեւս 2018 թվականին, սակայն առ այս պահը նրա կողմից առաջադրված ՍԴ դատավոր ՍԴ-ում չկա: Այլ կերպ ասած` երկու դատավորներն էլ իրավունք չունեն լինել ՍԴ-ում։

Ու այսպես, փոփոխություններով ապօրինությունների մի ողջ շղթա է բերվել, ու հիմա, ըստ մեր աղբյուրի, շատ ավելի լավ է, որ որեւէ նիստ իրավազոր չի համարվում, որեւէ որոշում չի ընդունվում, քանի որ հետագայում կասկածի տակ է դրվելու դրանց օրինականությունը։ Իշխանությունն իր ձեռամբ ոչ միայն ճգնաժամ է հասունացրել ՍԴ-ում, այլեւ մի մեծ «բոլոլա» առաջացրել, որի միակ ելքը սահմանադրական նոր փոփոխություններն են՝ սխալների ուղղումը։ 

ՍԴ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Առաքելյանը, մեր հարցերին ի պատասխան՝ ՍԴ-ում աշխատակարգային նիստեր լինո՞ւմ են, եւ դրանք արդյոք իրավազո՞ր են, առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Նա հաստատեց, որ Թովմասյանն ու Պետրոսյանը մասնակցում են աշխատակարգային նիստերին, վերջերս էլ եղել է նման նիստ, իսկ քվեարկություններին չմասնակցելու մասին մեր տեղեկությունների վերաբերյալ ասաց․ «Դատավորների՝ քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու իրավաչափությունը ես չեմ կարող գնահատել, ՍԴ դատավորներն իրավունք ունեն ցանկացած հարց բարձրացնելու։ Նիստն իրավազոր կլինի, թե չի լինի, ես այդ հարցում էլ որեւէ իրավասություն չունեմ, նիստը նախագահողն այդ ամենը կարող է արձանագրել, փաստել»։