«Հրապարակ». Ես կարո՞ղ եմ ՔՊ-ին վերադարձնել 18-ին իմ դեմ արածները

Արդեն մեկ շաբաթ է, ինչ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Ֆեյսբուքում տարբեր ընդդիմադիր գործիչների բուլինգի է ենթարկում, վիրավորում, ծաղրում, անվանում «էշ», «ոջիլ», «տխմար», «գեղցի», սպառնում, որ այսուհետ այդպես է արձագանքելու նրանց, ովքեր համարձակվում են քննադատել իրեն: Անդրադարձել է նաեւ նախկին լրագրող, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին, սկզբում խորամանկորեն գովեստի խոսքեր շռայլել, որ Զոհրաբյանի կոշտ արձագանքը կանխի, ապա անվանել «թոշակառու քաղաքական գործիչ, լուզեր»: Նաիրա Զոհրաբյանը նկատում է.
- Կոնկրետ իմ մասին արված գրառմանը չեմ ուզում անդրադառնալ կատեգորիկ, նրա գրառումն իմ մասին ծայրից ծայր կոմպլիմենտ էր, ես գիտեմ, թե ինչու է դա արվում, սակայն չեմ ցանկանում այդ մասին խոսել: Ինչ վերաբերում է նրա գրառումներին, ատելության խոսքին, որ նա տարածում է պարբերաբար, ապա դեռ պատերազմից առաջ ես ԱԺ-ում ելույթ ունեցա եւ ՔՊ-ականներին զգուշացրի, որ իրենց բերած ատելության խոսքը մի օր բումերանգի նման շուռ է գալու իրենց դեմ: Զգուշացրի, որ սոցիալական ցանցերում իրենց կողմից տարածվող ատելության խոսքը մի օր տեղափոխվելու է իրական կյանք եւ բումերանգի նման իրենց է հարվածելու: Ինձնից հետո խոսքի իրավունք վերցրեց պատգամավոր Հրաչ Հակոբյանը` Աննայի եղբայրը, եւ ասաց, որ իրենք ատելության խոսք չեն տեսնում, չկա նման բան, այն տեսնում է միայն ընդդիմությունը, որովհետեւ մարդիկ ատում են ընդդիմությանը, ոչ թե իրենց: Այդ խոսակցությունը եղել է հեղափոխությունից մեկ տարի հետո: Այսօր տեղի է ունենում այն, ինչի մասին ես զգուշացնում էի: Մեր հասարակությունը նստել է «ատելության խոսք» անվանումով նարկոտիկի վրա: Ես զգուշացնում էի, որ այն դագաղները, թիրախային գործողությունները, որոնք արվում էին հեղափոխության օրերին, մի օր վերադառնալու են իրենց: Ես առաջիններից էի, որի վրա փորձարկվեցին բազմաթիվ ատելության գործիքակազմեր: Ինձ վրա 2018-ի սեպտեմբերին մի շարք փորձարկումներ արվեցին, երբ ես մասնակցեցի Երեւանի ավագանու ընտրություններին` որպես քաղաքապետի թեկնածու: Այն, ինչ արեցին իմ հանդեպ, ես այդ ամենը պահել եմ` այլանդակ կոլաժներ, զարհուրելի սպառնալիքներ, ՊՈԱԿ-ից ու տարբեր օլիգարխներից սնվող ֆեյքերի գրառումներ: Այդ ամենը ես անպայման ներկայացնելու եմ Եվրոպական դատարան, երբ Հայաստանում լինի նորմալ իշխանություն: Ես կասկածներ ունեմ, թե ովքեր էին այդ ֆեյքերի հետեւում, նրանցից մեկն անգամ կին պատգամավոր է: Այդ ամբողջ դոսիեն ինձ մոտ է, ես ոչինչ չեմ մոռացել: Շրիշակից ներքեւ նրանց գործողություններն անպատիժ չեն մնալու, անգամ իմ մահացած հոր, իմ դստեր մասին էին գրառումներ անում: Հայկ Մարությանն այն ժամանակ Նիկոլի հենասյուներից էր` սեւ ու սպիտակի կնքահայրը, իսկ ես հանդգնել էի պայքարել նրա դեմ: Այժմ Աննա Հակոբյանը որոշել է «բլիժնի բոյ» մտնել բոլոր այն քաղաքացիների, հանրային դեմքերի հետ, ովքեր ընդամենը իրենց են վերադարձնում այն, ինչն իրենք են ստեղծել: Քիչ առաջ լսում էի նախարար Գեւորգ Պապոյանին, նա ասում է, որ Աննա Հակոբյանը վերադարձնում է այն, ինչ իրեն են ասել։ Հիմա հարց Գեւորգ Պապոյանին. ես կարո՞ղ եմ ՔՊ-ին վերադարձնել իր արածները: Օրինակ, Գեւորգ Պապոյանը չի՞ դիմի ոստիկանություն, եթե Նար-Դոսի փողոցից մի հատ դագաղ առնեմ ու տանեմ դնեմ իր դռան դիմաց կամ, ասենք, վերադարձնեմ նրան այն ամենի կեսը, ինչը որ իրենք են արել: Ես հիշում եմ, որ ՀՀԿ-ական կանանցից մեկը հեղափոխության օրերին շտապօգնության մեքենա էր կանչել, պատգարակի վրա թաքնված՝ մեքենա էր նստել, որ հանկարծ գազազած ամբոխը, որը ծրագրավորված բաց էր թողնված Նիկոլի քաղաքական հակառակորդների վրա, ուղղակի չոչնչացնի իրեն: Այժմ Պապոյանն ասում է՝ Աննան վերադարձնում է այն, ինչ տալիս են իրեն, օրինակ՝ ես ունե՞մ հիմա իրավունք՝ այնպիսի կոլաժներ սարքելու իրենց դեմքով, ինչպես իրենք էին իմ հանդեպ անում: Բնականաբար, ես նման բան չեմ անի: Նիկոլ Փաշինյանն այսօր իշխանությունը փորձում է ամեն գնով պահել: Մեր հասարակության մեջ կա մի մեծ սեգմենտ, որը դոգիզմով է տառապում` սեռախեղված հայհոյանքներից ստանալով բավարարվածություն: Այդ զանգվածի մեջ կանայք են ու «տրյապկա» տղամարդիկ, ովքեր կենսական սնունդ են ստանում այդ հայհոյանքները լսելիս: Այդ զանգվածը, հայհոյանքներ լսելով, վրնջում է հաճույքից: Հավանաբար, սրանք հասկացան, որ առաջիկա ընտրական պրոցեսներում հայհոյանքը, անեծքը, շրիշակից ներքեւ բառապաշարը կարող են վարկանիշ ապահովել իրենց:
- Նախկին նախագահներին Աննա Հակոբյանն անվանում է «էշեր»:
- «Ոջիլ», «տականք», «էշ»․ Աննա Հակոբյանն այսպես մոտենալու է Դոգին, որն ունի իր էլեկտորալ զանգվածը: Նրանք ուզում են գնալ ամենակործանարար, ամենավատ ճանապարհով: Աշխարհում չկա նման բան: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեցին Ֆրանսիայի Սենատից, ինձ շատ հարազատ մի պատգամավոր զարմացած հարցնում էր` ճի՞շտ է, որ Նիկոլ Փաշինյանի կինը նման գրառումներ է անում եւ մարդկանց բուլինգի ենթարկում։ Երբ հաստատեցի, ուղիղ 5 րոպե հեռախոսի մյուս կողմում զարմանքից լռություն էր տիրում: Անգամ անհարմար է Աննա Հակոբյանին համեմատել նախկին նախագահների կանանց հետ: Նրան թվում է, թե «բլիժնի բոյ» մտնելով հաղթելու է այնպես, ինչպես հաղթեցին 2018-ին, բայց չարաչար սխալվում է: Հայ ժողովրդի մեծամասնությունն ատում է այդ ընտանիքին: Աննա Հակոբյանի ագրեսիան նաեւ հենց դրանով է պայմանավորված` նա գիտակցում է, որ իր ընտանիքը Հայաստանի թիվ մեկ ատելի ընտանիքն է:
Կարծիքներ