Մնացել են այն ուժերը, որոնք կողմնակից են եվրաինտեգրմանը․ Տիգրան Խզմալյան

Մնացել են այն ուժերը, որոնք կողմնակից են եվրաինտեգրմանը․ Տիգրան Խզմալյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Հատկանշական է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցող արտախորհրդարանական ուժերի շարքերը զգալիորեն նոսրացել են: Վերջին հանդիպումներին չեն մասնակցում «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Պահպանողական կուսակցությունը, որի նախկին նախագահ Միքայել Հայրապետյանն էր պարտադիր կերպով ամեն անգամ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին, սակայն Հայրապետյանի հեռանալուց հետո կուսակցությունը ոչ մի անգամ չի մասնակցել այս ֆորմատին:

Չի մասնակցում նաեւ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ով, ըստ լուրերի, որոշ ժամանակ առաջ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: «Հրապարակը» զրուցել է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ:

- Երեկ Դուք և այլ արտախորհրդարանական մի քանի ուժերի ղեկավարներ հանդիպեցիք վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչի՞ մասին էր այդ հանդիպումը, ի՞նչ հարցեր քննարկեցիք:

- Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս քննարկվել են արտաքին և ներքին մի շարք կարևոր հարցեր: Քննարկեցինք շրջափակված Արցախի հարցը, դեկտեմբերյան զարգացումները` կապված ՀԱՊԿ-ի հետ: Խոսեցինք նաև Հայաստանի առաջիկա ծրագրերի մասին: Մենք բոլորս տեսնում ենք, որ Հայաստանը ոչ շատ արագ, սակայն շարժվում է դեպի ապագաղութացում: Սա ակնհայտ է: Հայաստանի եվրոպական կուսակցությունը կարծում է, որ մեր հանդիպումները վարչապետի հետ կարող են ցուցիչը լինել նրա, թե ինչպես պետք է փոխվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այն տեսակետները, որ մենք հայտնել ենք երկու տարի առաջ` եվրաինտեգրման հետ կապված, այլևս չեն դիտարկվում շատերի կողմից անհեթեթ ու չեն հեգնվում:

- Ակնարկում եք վեկտորի փոփոխության մասին: Ի՞նչ կարծիք ունի վարչապետն այդ առումով:

- Մենք բնականաբար այդ հարցերը քննարկել ենք վարչապետի հետ: Սա մեր բոլոր խնդիրների հիմնահարցն է: Եվրոպայի կողմից որոշում է ընդունվել Հայաստանում հատուկ առաքելություն իրականացնել: Սա նշանակում է, որ դե ֆակտո Հայաստանը դառնում է Եվրամիության հարավային սահման: Մենք պետք է սա գիտակցենք: Մեր կուսակցության նպատակն այն է, որ իրավիճակի դե ֆակտո կողմը հասցնել դե յուրեի: Իրապես պետք է դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու, իսկ հետո արդեն լիիրավ անդամ: Դա տարիների աշխատանք է, սակայն իմ կարծիքով` պետք է մեր քաղաքական կյանքի մնացած մասը նվիրել հենց այս ամենին:

- Նիկոլ Փաշինյանը կիսե՞ց Ձեր դիտարկումները:

- Քաղաքական գործիչների մասին պետք է ոչ թե խոսքերով դատել, այլ գործողություններով: Վարչապետն ու կառավարության այլ անդամներ հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ-ի 2025 թվականի ծրագրին մասնակցելուց, նաև հրաժարվում են ՀԱՊԿ-ի զինվորական վարժություններից` ՀՀ տարածքում քրեականացնելով Հայաստանն այլ երկրի մաս դառնալու կոչերը և այլն: Այս գործողությունների շղթան փաստում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Վերջապես ապագաղութացման ճանապարհն են բռնել, գնալով իրական անկախություն` եվրոպական ընտանիք:

- Ինչո՞ւ եք վարչապետի հետ այսքան հաճախ սկսել հանդիպել: Մեկ ամիս առաջ էիք հանդիպել:

- Ձևափաչի հաճախականությունը չի փոխվել: Միշտ էլ ամիսը մեկ անգամ հանդիպել ենք:

- Կար մի շրջան, որ բավականին հազվադեպ էիք հանդիպում:

- Այդ դադարը կապված էր երկրի վիճակի հետ: Ռազմական վիճակ էր:

- Ո՞վ է այդ ձևաչափը մշակել, որ պետք է ամիսը մեկ անգամ հանդիպեք:

- Դա որոշվել է մեր առաջին հանդիպման ժամանակ: Ինչպես տեսնում եք, հանդիպողների քանակը նվազեց:

- Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված: Ինչո՞ւ են ձեր շարքերը նոսրանում:

- Ըստ երևույթին մնում են այն ուժերը, որոնք փաստորեն կողմնակից են եվրաինտեգրմանը:

- Ինչո՞ւ ի սկզբանե մի քանի կուսակցություն ընտրվեց վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու ձևաչափում: Հայաստանում կան բազմաթիվ այլ կուսակցություններ:

- Հրավեր ստացել են արտահերթ ընտրություններին մասնակցած ու չընտրված կուսակցությունները, մի մասն ընդունել է, մյուս մասը` ոչ: Ոմանց համար դա անընդունելի ձևաչափ է: Սահմանադրության համաձայն՝ պարտավոր ենք մասնակցել այդ ֆորմատին օրինական ընտրված ուժի հետ: