Համացանցում տարրական ինքնապաշտպանական բնազդն է խոսում

Համացանցում տարրական ինքնապաշտպանական բնազդն է խոսում

Համացանցում գրառումներ են շրջանառվում, որոնք հիմնականում տարածում են հայ կանայք ու աղջիկները։ Ներկայացնեմ մի քանիսը` որոշ կոշտ ձեւակերպումներ կրճատած. «Ռուսների ատոմակայանով, գազով, ռազմական ներկայությամբ քարշ եկող Հայաստանի ու հայի գոյության բոլոր շանսերը կզրոյանան, եթե Զելենսկին հայտնվի Երեւանում։ Ֆրանսիացիք իրենց տարրական շահի համար փողոցներում ջարդուփշուր են անում ինչ պատահի։ Մի արկածախնդիր 6 տարի է՝ ջնջխում է հային, ու երկրում ոչ մի տղամարդ չկա, որ դեմն առնի։ Սա փաստ է, որի մասին հայ կինը պարտավոր է իրեն հաշիվ տալ, որ իր ամուսինն էսօր հենց իրեն ու իր ընտանիքը նոր գենոցիդի է տանում։
Այս պարագայում որպես միակ ելք եմ տեսնում, որ հայ կանայք հարյուր հազարներով դուրս գան փողոց, երդվեն, որ տեր են կանգնելու իրենց ու իրենց ընտանիքներին։ Որ եթե Զելենսկին համարձակվեց հայտնվել օդանավակայանում, ապա դեմ է առնելու հենց մեր՝ հայ կանանց քարե պատնեշին... Արդեն ժամանակ չկա, հենց էսօր է պետք գրավել փողոցները։ Եթե հայուհին էլ իրեն դավաճանեց, թող վաղը չզոհվածները ոչ ոքի չմեղադրեն»։ 

«Մեր վիճակը հասկացողները հասկանում են, որ օրհասական է: Ի տարբերություն 100 տարի առաջվա, երբ թուրքը մեզ վրա գալիս էր յաթաղանով, հիմա արդեն յաթաղանի կարիք չի լինելու: Զելենսկու այցը դա այն ատոմային ռումբն է, որը հիբրիդային պատերազմի պայմաններում գալիս է մեր վրա: Սա նոր Սարդարապատ է: 

Ոտքի, հայ կին։ Հայ տղամարդը ոչնչացված է։ Մենք ենք, որ մեզ, ազգն ու երկիրը պետք է պաշտպանենք»։
«Նիկոլը մեր հազարավոր ջահել-ջիվան տղաների գերեզման դրեց՝ ձեն չհանեցիք, ողջ Արցախը հանձնեց` ձեն-ծպտուն չհանեցիք, այսօր էն ..... Զելենսկուն է Հայաստան բերում, որպեսզի մեր հանդեպ շատ թե քիչ նորմալ, ոչ թշնամական տրամադրված երկրներին մեր դեմ լարի։ Եթե այդ ......ը մտավ Հայաստան, նրա հետ հաշվեք, որ պատերազմն է մտնելու Հայաստան։ Եթե թողնեք դա իրականանա, ապա դուք մատաղացու եք դարձնելու ոչ միայն ձեզ, այլեւ ձեր կանանց ու երեխաներին, ձեր քույր ու եղբայրներին եւ ծնողներին։ Իմ հույսն արդեն կանայք են, որովհետեւ երկրում տղամարդ չկա»։

«Ձեր երազանքների բոլոր փրկիչ տղամարդիկ դուրս եկան անպիտան: Նայեք Արցախին` այդ նույն միակ տղամարդ Ռոբը եւ ...... Սերժը չկարողացան փրկել իրենց ծննդավայրը։ Ձեր կարծիքով՝ գալու են ձեզ փրկե՞ն: Երբե՛ք: Հերթը մերն է` մեզ, մեր ազգն ու երկիրը պաշտպանելու։ Ո՛չ լաոն, ո՛չ էլ հայ տղամարդն արդեն չկան»...

Կարդում եմ ու մտածում, որ վաղուց անցել ենք այն «կարմիր գիծը», երբ, ըստ ժողովրդական հայտնի խոսքի, «լռությունը ոսկի» էր։ Ու ես` որպես մտավորական, գրող, շարքային մարդ եւ քաղաքացի, պարտավոր եմ իմ խոսքն ասել ստեղծված վիճակի մասին` անկախ այն բանից՝ դա ոմանց դուր կգա, թե ոչ։ 

Նախ ասեմ, որ ստեղծված խայտառակ վիճակի համար մեղքի մեր բաժինն ունենք բոլորս՝ դիմադիր կամ իրենց ընդդիմադիր համարողները, քաղաքագետները, վերլուծաբանները, մտավորականները։ Ոմանք` շատ, ոմանք` քիչ, ոմանք՝ ավելի քիչ, որովհետեւ իրենց հնարավորությունների սահմաններում արել են այն, ինչ կարողացել են։ Մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ լրագրողները։

Մեջբերված գրառումներում դառը ճշմարտություն կա` առ հայ տղամարդը։ Գաղտնիք չէ, որ վերջին երեք տասնամյակում մեզ պարտադրված պատերազմներում մենք ոչ միայն հազարավոր քաջ, համարձակ, հայրենանվեր երիտասարդների, տղամարդկանց ենք կորցրել, այլեւ ազգի սերուցքը։ Նաեւ 1-2 միլիոն մարդ է լքել երկիրը, ու նրանց մեջ մեծ տոկոս են կազմում մասնագետները, լիարժեք մտավորականները։ Ու այսօր հայրենի երկրում ունենք այն, ինչ ունենք։ Բայց ամենեւին այնպես չէ, որ հայրենիքում մնացել են բացառապես թույլ ու անկամները։ Միանշանակ՝ ոչ։ Ուղղակի հատկապես վերջին տարիներին ընդդիմություն կոչվող հատվածի լիդերները հիասթափեցրել են մարդկանց, նրանց մեջ սպանել են հավատն առ մարդը եւ ամեն ինչ։ Եվ ամենքից ու ամեն ինչից հիասթափված մի հոծ զանգված լրացրել է հայրենիքի, անգամ իր ընտանիքի ճակատագրի նկատմամբ անտարբեր, հույսն ուրիշների` ամերիկաների, ռուսաստանների, ֆրանսիաների, փրկիչների ու Աստծո վրա դրած մարդկանց շարքերը։

Արդեն իրոք վիճակն ավելի քան օրհասական է։ Վաղուց ժամանակն է հասկանալու, որ փրկիչներ չկան, հրաշքներ չեն լինում. եթե լինում են, ապա՝ միայն հեքիաթներում։ Արդեն չունենք նաեւ դաշնակից որեւէ երկիր։ Կան միայն մեր տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող երկրներ եւ հատկապես այնպիսիք, որոնք, առանց աչք թարթելու, մեզ պատրաստ են զոհաբերել իրենց շահերին։

Մենք ենք ու մեր երկիրը, որի ղեկն ամենեւին մերոնց ձեռքում չէ, այլ նրանց, որոնք վաղուց անթաքույց սպասարկում են մեր թշնամի երկրների, մեզ վերացնել ցանկացողների շահերը։ Զելենսկին հայերիս գեղեցիկ աչքերի համար չի ուզում Երեւան գալ։ Հիշեք, որ նա բազմիցս ցանկացել է օգտագործել մեր հարեւան վրացիներին՝ նրանց հորդորելով երկրորդ ճակատ բացել ռուսների դեմ։ Բայց վրացիները շատ կոշտ են արձագանքել ու հասկացրել, որ սեփական ժողովրդին չեն զոհաբերի այլ երկրների շահերի համար։

Ու, ահա, Զելենսկուն հրավիրում են Հայաստան... Ցավոք, այն մտահոգությունները, որ կան մեջբերված գրառումներում, միանգամայն տեղին են։ Եվ այդ գրառումներում տարրական ինքնապաշտպանական բնազդն է խոսում: Եթե չսթափվենք, ուշքի չգանք, տեր չկանգնենք մեր իրավունքներին ու մեր երկրին, հետո շատ ուշ կլինի։

Վարդգես Օվյան
Գրող, հրապարակախոս